Ինչպես հայտնի է` խոսելով ՀՀԿ-ԲՀԿ նոր կոալիցիայի մասին, նորաթուխ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն իր ՙպապենական բոստան՚ ՙՍիվիլիթաս՚-ի լրատվամիջոցներից մեկով` ՙՍիվիլՆեթ՚-ով արված նման մի հայտարարությամբ է աչքի ընկել.
ՙԵս կտրականապես դեմ կլինեմ նման կոալիցիային՚: Մեր քաջատեղյակ աղբյուրը հակված է օսկանյանական այդ տեսակետը համարել դեռ էս գլխից հնարավոր կոալիցիան չեզոքացնելու փորձ, այն էլ, ոչ թե հենց Օսկանյանից, այլ` ամերիկաներից եկող: Եվ նրա` Օսյաի այն բացատրությունը, թե. ՙԵս հաճախ եմ ասել, որ եթե մի քաղաքական ուժ միայնակ բացարձակ մեծամասնություն ունի, նրա հետ կոալիցիա կազմելը որեւէ խնդիր չի լուծում եւ որեւէ հակակշիռ չի ստեղծում խորհրդարանում՚, մեր նույն աղբյուրը համարում է դերասանության պես մի բան: Սակայն, համաձայն նույն աղբյուրի, Օսկանյանի այդ քայլն ամենեւին էլ լավ չի ընդունվել ո°չ Ռոբերտ Քոչարյանի եւ ո°չ էլ ԲՀԿ-ի վերնախավի կողմից: Ասում են, թե այս օրերին, երբ Շուշիի ազատագրման 20-ամյակի առթիվ միասին Ղարաբաղում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ռ. Քոչարյանը, տեղի է ունենալու նրանց անձնական հանդիպումն, ու դրա ընթացքում է, որ կորոշվի կոալիցիա լինել-չլինելու հարցը, եւ թե լինելու դեպքում` ինչ համամասնություն կունենան մասնակիցները կառավարությունում: Հենց այդ լուծումներին սպասելու պատճառով է, որ այդպես էլ ԲՀԿ-ից չի լսվում ընտրությունների արդյունքների հետ կապված պաշտոնական գնահատական: Եվ ահա, այն բանից հետո, երբ պարոն Օսկանյանն այս իրավիճակում նման ՙինքնագլուխ՚ հայտարարություններ է արել, համաձայն մեր աղբյուրի, մի կողմից` նա արժանացել է Քոչարյանի բավականին կոշտ հանդիմանությանը, մյուս կողմից էլ` ԲՀԿ-ական վերնախավում տրտնջոցներ են լսվել, թե պետք է հնարավորինս շուտ նրանից ազատվել: Ավելին, այդ նույն շրջանակներում արդեն սկսել է համոզմունքի վերածվել այն տեսակետը, որ գալիք տարվա նախագահական ընտրություններին Օսկանյանին առաջադրելու գաղափարից պետք է դեռ էս գլխից հրաժարվել, քանի որ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ նախկին ԱԳ նախարարի իրական վարկանիշն այնքան ցածր է, որ նրա առաջնորդությամբ նախագահական ընտրությունների գնալը կարող է մի իսկական կատաստրոֆայի վերածվել կուսակցության համար: