ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՑՆՑՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ
Արխիվ 12-16![]()
Եվ այսպես, ընտրություններից հետո բոլոր քաղաքական ուժերը ամփոփում են իրենց արդյունքները եւ ձեւավորում ինչպես հրապարակային դիրքորոշումը, այնպես էլ հետագա հրապարակային եւ ստվերային մարտավարությունը: Բնականաբար, առաջինը հրապարակավ արտահայտվեցին ՀՀԿ ներկայացուցիչները` որպես հաղթող ուժ, որը ամրապնդել է ԱԺ-ում ունեցած իր մեծամասնությունը: Այսինքն` ՙՀՀԿ-ին քաղաքական մենաշնորհից զրկելու՚ բոլոր ծրագրերը մնացին թղթի վրա, եւ դրանց թունդ ջատագով Վարդան Օսկանյանին էլ ուրիշ ոչինչ չմնաց, քան օդում կրակել, թե մի քանի հարյուր հազար քվե կեղծվել է հօգուտ ՀՀԿ-ի (բայց այդպես էլ չնշելով այդ հազարների քանակը), ու պնդել, որ չի կարելի ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել: Սակայն նույն ԲՀԿ-ից այդ գաղափարին հավանություն տվող եղել է թերեւս միայն Նաիրա Զոհրաբյանը:
Ինչ վերաբերում է, այսպես կոչված, ՙմիասնական շտաբին՚, ապա այդ` իրեն բացարձակ ոչ պիտանացու ցույց տված սույն կառույցը որոշեց հայտարարությամբ հանդես գալ հաղթանակի տոներից հետո: Սակայն ինչ հայտարարություն պետք է կազմեն, որ հոդաբաշխ հնչի, դեռեւս պարզ չէ: Համենայնդեպս, բավականին տարբեր է այդ շտաբում ընդգրկված երեք քաղաքական ուժերի վարքագիծը:
Այսպես, ՀՅԴ-ն իր համամասնական 5 պատգամավորով եւ մեծամասնական` ՀՀԿ-ի աջակցության շնորհիվ ունեցած անկուսակցականով ընդամենը լացակումած հայտարարություն է տարածել, թե ինչ վատն են ընտրությունները, սակայն հայտարարությունը չի պարունակում որեւէ կոնկրետ գործողության ծրագիր: Իսկ ՀԱԿ-ը գումարեց իր սակավամարդ հանրահավաքը, ուր ԼՏՊ-ն իրենց քվե չտվածներին ՙստիպված արտագաղթելու՚ մաղթանք արտաբերելուց հետո նշեց, որ իրենց ստացած 7 տոկոսը լավ ցուցանիշ են համարում, որ խորհրդարան գնալու են` իբր ծանր վիճակի մատնելու ՀՀԿ-ին, եւ որ անձամբ ինքը մանդատ չի վերցնելու, իսկ ՀԱԿ խմբակցությունը գլխավորելու է ՙորձ կովերի՚ մեծն մասնագետ Հրանտ Բագրատյանը: Փողոցային գործողություններ նախատեսված չեն, նույնիսկ երթ չարեցին, հաջորդ հանրահավաքը կլինի, երբ դրա մասին կտեղեկացնեն (այսինքն` ժողովրդի խոսքով ասած` էշի զատիկին), գումարած դրան` ՍԴ-ում բողոքարկելու են ընտրությունների արդյունքները: Սակայն ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը բողոքարկման այնպիսի ՙհիմնավորումներ՚ ներկայացրեց, որ եփած հավի ծիծաղը կգա` թանաքի հետ կապված պատմությունը, որը տեխնիկական թերություն համարելու համար Բագրատյանը վերջին լուտանքներով պատվեց բոլոր միջազգային դիտորդական առաքելություններին, ընտրողների ցուցակների թվաքանակի վերաբերյալ փիլոյաբանությունները, որոնք ոչ ոք լուրջ չի ընդունում, եւ ՀՀ նախագահի ու կառավարության անդամների մասնակցությունը ՀՀԿ քարոզարշավին (դե, ԲՀԿ-ական նախարարներին, պարզվում է, կարելի է):
Այսինքն` ՀԱԿ-ը հեղափոխական գործողությունների նույնիսկ նմանակում չի անելու, ՙՀայ Յեղափոխական՚ անունը կրող դաշնակները` առավել եւս, ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա, ի տարբերություն մայիսի 3-ի հանրահավաքի, այս անգամ ՀԱԿ-ին օգնության չէր ուղարկել ՙբարգավաճող՚ զանգվածներ: Իսկ թե էլ ինչ է անելու ՀԱԿ-ը` երեւաց հնչեցրած մեղադրանքից, թե 600 հազար քվե կեղծված է, որից 500 հազարը ՀՀԿ-ի փայն է, իսկ 50-ական հազարը` եւս երկու կուսակցությունների, ում անունները դեռեւս չեն ուզում ասել: Դե, հետագայում զուտ մարտավարական նկատառումներից կորոշեն, թե ում մրոտեն դրանով... Գումարած դրան` նաեւ հայտնեցին, որ քաղաքական խորհրդակցություններ կան, իմա` սակարկություններ, սակայն սրընթացորեն դեպի քաղաքական մայրամուտ գլորվող ՀԱԿ-ի հետ դժվար թե ԱԺ-ում որեւէ մեկը գլուխ դնի:Իսկ այժմ` նույն ՙեռամիասնության՚ ամենածանրակշիռ ուժի` ԲՀԿ-ի վերաբերյալ: Այդ կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ վերջնական գնահատականն ընտրություններին կտրվի արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո: Դե պարզ է, որ վերջնական խոսք ասելու համար ԲՀԿ-ն ժամանակ է ձգում, քանզի նախնական արդյունքներով հայտնի 36 մանդատը նույն 36-ն էլ մնալու է պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո: Իսկ ժամանակ ձգելը միայն մեկ իմաստ կարող է ունենալ` սակարկություն կոալիցիոն ավագ գործընկեր ՀՀԿ-ի հետ: Հեղափոխության բույրի նույնիսկ չնչին նշույլ չերեւաց եւ Գագիկ Ծառուկյանի ուղերձում, ուր շնորհակալություն էր հայտնվում ԲՀԿ-ի ընտրողներին անխտիր, իսկ մյուս կուսակցությունների` միայն ՙազնիվ ընտրողներին՚, գումարած խոստում` հուսախաբ չանելու:
Սակարկության տրամադրություն երեւում է եւ ՙԺառանգության՚ կեցվածքից, ուր որոշել են պաշտոնական արդյունքները համեմատել իրենց մոտ եղած արձանագրությունների պատճենների հետ եւ նոր միայն գնահատական տալ: Սակայն դժվար թե ՙԺառանգության՚ 5 մանդատը հետաքրքրեն ՀՀԿ-ին կամ ԲՀԿ-ին, առավել եւս, որ ՙԺառանգության՚ ակտիվ պատգամավորներից մնացել է միայն Զարուհի Փոստանջյանը, երկու հոգի ՙԱզատ դեմոկրատներն՚ են, որ ընտրարշավի ընթացքում գործնականում չերեւացին եւ դարձան պարզապես բեռ նույն ՙԺառանգության՚ վրա, եւ Ռուբիկ Հակոբյանը, ով կուսակցություններ փոխելու չափազանց հարուստ փորձ ունի, ու ՙԺառանգությանն՚ էլ ՙգուդբայ՚ կասի հենց որ որեւէ շահեկան անհատական առաջարկ ստանա:
Այսպիսով, ՙնարնջագույն՚ հեղաշրջման համար նախատեսված շտաբը մնաց օդում, պատկերավոր ասած` գրասենյակը մեռավ, իսկ որեւէ ռեալ գործընթաց տեղի է ունենալու ընդամենը ՀՀԿ-ԲՀԿ սակարկությունների եւ հետագա պայմանավորվածությունների կամ չպայմանավորվածությունների դաշտում: Դե ինչ, ունեցանք ԱԺ ընտրություններ, որոնց լուրջ ձեւով պոզ ու պոչ կպցնել չեղավ, գումարած հետընտրական ցնցումների բացակայությունը: Այսինքն` արդյունավետ աշխատանքի հնարավորություն ե°ւ ներքաղաքական, ե°ւ արտաքին քաղաքական հարթություններում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

