ՙՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՙՔՑԵԼ՚
Արխիվ 12-16![]()
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՙՔՑԵԼ՚
Շրջանառվում են համառ լուրեր, որ այս օրերին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնվել է մի իսկական գլխացավանքի մեջ:
Նախ նրան բավականին լուրջ տհաճություններ պատճառեցին կենգրեսական այն գործիչները, ովքեր արդեն հաստատ համոզվեցին, որ չնայած ժամանակին ԼՏՊ-ի տված ճոխ խոստումներին, իրենք այդպես էլ պատգամավորական մանդատի երես չեն տեսնելու: Ուստիեւ Կոնգրեսում նրանք ներկայացրեցին պահանջ, որ եթե չկա որեւէ տարբերակով խորհրդարանական մեծամասնություն ստեղծելու տարբերակ, ուրեմն առհասարակ պետք է մայրաքաղաքի ավագանու ընտրությունների օրինակով հրաժարվել մանդատներից ու շարունակել ՙհին, բարի՚ փողոցային պայքարի պրակտիկան:Լավ թե վատ, արդեն մանդատավոր կոնգրեսականները, ՙհին աղվես՚ Գագիկ Ջհանգիրյանի ստվերային միջամտությամբ, կարողացան ԼՏՊ-ին ստիպել, որ ոչ մի դեպքում նման բան չհայտարարի, եւ երեկվա հանրահավաքում ԼՏՊ-ն փաստեց, որ մանդատներից չեն հրաժարվելու: Թե դրանից հետո ինչ կձեռնարկեն մանդատազուրկ ՀԱԿ-ականները, նրանք դեռ քննարկում են եւ կան տվյալներ, որ հիմնական մասսան առավել հակված է Կոնգրեսից առանձնանալու եւ այդ կարգի մեկ այլ կառույց ստեղծելու գաղափարի օգտին:
Իսկ մանդատներից չհրաժարվելը ԼՏՊ-ին պարգեւեց երկրորդ գլխացավանք: Բանն այն է, որ նա ընտրությունների նախաշեմին երաշխիքներ է տվել Խաչատուր Սուքիասյանին, որ կամ նա կամ էլ, եթե չգրանցվի, ապա եղբայրը` Սարիբեկ Սուքիասյանը կհայտնվի ԱԺ-ում: Ասում են նաեւ, որ դրա դիմաց է, որ ԼՏՊ-ն մասնավորապես ֆինանսական տեսքով ստացել է Խ. Սուքիասյանի օժանդակությունը: Եվ ահա հավաքած ձայները ԼՏՊ-ին պարզապես զրկում են այդ խոստումն իրականացնելու հնարավորությունից: Բանն այն է, որ ՀԱԿ ցուցակի առաջնորդներին` Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ստեփան Դեմիրճյանին եւ Արամ Զ. Սարգսյանին հաջորդում են ԼՏՊ-ի ամենամերձավոր կողմնակիցները` Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանն ու Գագիկ Ջհանգիրյանը, որոնք համարվում են ամենաանձեռնմխելիները: Հետո` Վիոլետա (Մանուշակ) Պետրոսյանն է ու Խաչատուր Սուքիասյանի եղբայր Սարիբեկը: Մանդատների թիվը 7-ն է, եւ եթե անգամ ԼՏՊ-ն ու Արամ Զ. Սարգսյանը հրաժարվում են, ապա մեկ է, էլի Սարիբեկին մանդատ չի հասնում: Ընդ որում, եթե Ս. Դեմիրճյանը մնում է ցուցակում, ապա առնվազն տարօրինակ կլինի, որ նա չղեկավարի խորհրդարանական խմբակցությունը:Մինչդեռ մյուս մանդատավոր ՀԱԿ-ականները գրեթե անթաքույց ասում են, թե նրանից ի±նչ ղեկավար: Ուստիեւ հիմնական շեշտը դրված է նրա վրա, որ Ստեփան Դեմիրճյանին համոզեն` ինքն էլ հրաժարվի: Մոտավորապես այսպես. ՙԵթե ցուցակի երկու լիդերները դուրս են գալիս, ամոթ էլ է, որ դու մնաս: Կմտածեն, թե ամբողջ պայքարդ մի մանդատի համար էր՚: Դեմիրճյանն էլ, մի կողմից ՙըմբռնումով՚ է մոտենում, բայց նաեւ մերձավորների մոտ ակնարկել է, թե Ջհանգիրյանի մանդատ ստանալն ամոթ չէ, իրե±նն է ամոթ: Եվ դեռ համառում է հրաժարականի դիմում գրել լավ հասկանալով, որ դրանից հետո կարող է իրեն հանգիստ խղճով համարել ՙքցվածի՚ կարգավիճակում: Եվ ահա երեկ երեկոյան տարածվեց հրաժարական տալ-չտալու մասին պարոն Դեմիրճյանի հետեւյալ կարծիքը, որը խոսում է այն մասին, որ նա, թերեւս, հրաժարական չի տա. ՙՃիշտ կլինի այդ մասին խոսել խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփելուց հետո: Սակայն ո°չ ես, ո°չ Հայ ազգային կոնգրեսը մանդատը չվերցնելու որոշում չունենք՚: Իսկ թե Դեմիրճյանի վրա ազդելու ի±նչ լծակներ կգտնի ԼՏՊ-ն կամ, առհասարակ, կգտնի թե ոչ, պարզ կդառնա մոտ օրերս: Եթե նույնիսկ գտնի էլ, դրանից հետո դեռ պետք է նաեւ հրաժարական տալու խնդրանքով դիմել Վիոլետա Պետրոսյանին եւս:
Ք. ՍԱՐԳՍՅԱՆ

