ԻՆՉ ԵՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արխիվ 12-16![]()
ԻՆՉ ԵՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Լավ թե վատ` այս հերթական ընտրություններից էլ պրծանք: Թե ինչ շքեղ, մեկը մյուսից ճոխ խոստումներ էին տալիս ընտրությանը մասնակից ուժերը, եւ ընտրողների որ մասն ուժերից որի այդ խոստումների ետեւից գնաց, դա արդեն պարզ է: Ու հիմա գալիս է այն պահը, երբ խորհրդարանում տեղ գտած ուժերը պետք է սկսեն կամաց-կամաց մտածել իրենց այդ խոստումները կատարելու մասին, կամ էլ ճգնեն բացատրել, թե ո±ւր անհետացան այդ ՙոսկու սարերը՚:Մի խոսքով, նորընտիր խորհրդարանականների առջեւ մի քանի տարի կա իրենց նախըտրական խոստումներին տեր կանգնելու համար: Բայց հասկանալի է` երկիրը միայն այդ խոստումներով չէ, որ ապրելու է: Ավելի կոնկրետ` ընտրությունների հաջորդ օրն իսկ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, որքան էլ որ ոմանց համար զարմանալի թվա, պետք է ուտի, խմի, հագնվի, իր կենցաղային եւ մյուս բոլոր պահանջները հոգա: Ասել է թե` հենց նույն պահից էլ, այսինքն` ընտրությունների հաջորդ օրն իսկ առաջնահերթ է դառնում, թե այս նոր ԱԺ-ի ու դրա բերած իրողության պարագայում դեպի ո±ւր է գնալու հայաստանյան տնտեսությունը:
Իհարկե, այս պահին պետության առաջիկա տնտեսական քաղաքականության մասին ամբողջական բան ասելը դժվար կլիներ: Հասկանալի է` մի կողմից որոշակիորեն պահպանվելու է արդեն իսկ գործող տնտեսական կուրսը: Բայց մյուս կողմից էլ այն, որ կլինեն որոշակի փոփոխություններ, դա էլ թերեւս կասկածից դուրս է: Ամեն դեպքում նոր խորհրդարանի հենց առաջին նիստում, ըստ գործող օրենսդրության, ՀՀ գործող կառավարությունը պետք է ներկայացնի իր հրաժարականը, դրանից հետո սահմանված ժամկետում կնշանակվի նոր վարչապետ, կձեւավորվի կառավարության նոր կազմ: Այսինքն` թե մոտ ապագայում երկրի տնտեսությունն ինչ հունով է գնալու, զգալի չափով պայմանավորված է նաեւ այդ հանգամանքով, թե գործող կառավարության անդամները որ մասով կտեղափոխվեն նոր կառավարություն, այնտեղ քաղաքական ուժերի ի±նչ նոր փոխհարաբերություն կձեւավորվի ԱԺ ընտրությունների արդյունքների հիման վրա: Այսինքն` թե կլինի± նոր կոալիցիա, ի±նչ կառուցվածքով, ի±նչ պայմանավորվածություններով եւ ուժերի ի±նչ փոխհարաբերակցության եւ այլն:
Հասկանալի է` այս բոլոր հարցերի պատասխանները տալ ներկայումս դժվար է, թեեւ ընտրություններից առաջ տարբեր վարկածներ շրջանառության մեջ եղել են: Բայց դրանք բոլորն էլ ընդամենը վարկած են եւ ավելի ռեալ պատկերի մասին հնարավոր կլինի խոսել երեւի թե այս ամսվա վերջերին միայն:
Սակայն մինչ այդ էլ փորձեցինք դիմել մասնագետներին` խնդրելով գոնե մոտավոր կարծիք հայտնել Հայաստանի տնտեսական հնարավոր զարգացումների հետ կապված: Պատասխանելով մեր այդ հարցին` տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանն էլ իր հերթին նկատեց, որ դժվար կլինի այդ մասին լիարժեք տեսակետ ներկայացնել, քանի դեռ չի հստակեցվել նոր կառավարության հարցը. ՙՇատ բաներ պայմանավորված է նրանով, թե ինչ կառավարություն կունենանք՚: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ հնարավոր զարգացումները պարոն Սուվարյանը գնահատեց մոտավորապես այսպես. ՙԱմեն դեպքում ներկայիս քաղաքական իրավիճակում կարծում եմ, որ պետք է զարգանան տնտեսական մի շարք կարեւորագույն ուղղություններ: Խոսքը մասնավորապես արդյունաբերական նոր քաղաքական կուրսի կիրառման, գյուղատնտեսության ինտենսիվացման եւ, ընդհանուր առմամբ, տնտեսական աճի խթանման քաղաքականության մասին է: Եվ արդյունքում, իմ համոզմամբ, պետք է որ ապահովվի տնտեսական զարգացման նորմալ ընթացք, բավականին բարձր տեմպեր, եւ այդ ամենը կարող է նպաստել մեր երկրի տնտեսական պոտենցիալի հզորացմանը եւ բնակչության կենսամակարդակի բարձրացմանը՚:
Մեր մյուս մասնագետ զրուցակիցը, որի տեսակետը քանիցս ներկայացնելու առիթ ունեցել ենք, եւ որն այդպես էլ չի համաձայնվում իրեն հրապարակավ ներկայացնել, իր հերթին է տնտեսության հետագան շատ բանով կապում հաջորդ կառավարության հետ: ՙՍակայն նաեւ չպետք է մոռանալ, այսպես ասեմ, տնտեսության եւ տնտեսական քաղաքականության չընդհատվող բնույթի մասին: Տնտեսությունը մի այնպիսի օրգանիզմ է, որը մեկ օրում վատից լավը կամ նույնիսկ լավից վատը փոխելն այնքան էլ հեշտ բան չէ: Իսկ դա նշանակում է, որ ինչպիսին էլ լինի նոր կառավարությունը, այն շատ բաներով պետք է հիմնվի գործող կառավարության քայլերի, տարիների ընթացքում ձեւավորված տնտեսական օրենսդրական բազայի ու նման այլ բաների վրա: Վերջին հաշվով ներկայիս տնտեսական իրողությունները, թեկուզեւ մասամբ, ձեւավորված են նաեւ առկա հասարակությանն սպասարկելու վրա: Այսինքն` մարդիկ ի±նչ են ուտում, ի±նչ են հագնում, ի±նչ են օգտագործում կենցաղում, ի±նչ տարբեր այլ պահանջներ ունեն... Այս պահին երկրի տնտեսությունը նկատելի չափով միտված է հենց այդ պահանջների սպասարկմանը, եւ դրանք չեն կարող մեկ օրում փոխվել: Այլ բան է, որ այս ընտրարշավում ներկայացվեցին նաեւ բավականին փաստարկված, կառուցողական բնույթի քննադատական մտքեր եւս: Օրինակ` այս-այս ոլորտներում կարելի է նմանատիպ քայլեր անել ու ապահովել լուրջ զարգացումներ կամ պետական բյուջեն համալրել այս-այս միջոցների հաշվին: Եվ շատ դեպքերում այդ քննադատական միտքն ընդունվում էր նաեւ իշխող ուժի կողմից, եւ հուսանք, որ, ընդունելով հանդերձ այդ գաղափարները, անկախ թե ովքեր են դրանց հեղինակները, կփորձեն ընդհանուր կիրառման մեջ դրվել՚: ՙԻսկ այդ դեպքում ինչպիսին էլ որ լինի նոր կառավարությունը, վերջինիս կպարտադրի իր քաղաքականության հիմքում դնել ինչպես հնում առկա դրական ձեռքբերումները, այնպես էլ առաջարկվող այդ թարմ մոտեցումները: Այդ դեպքում, կարծում եմ, որ տնտեսական նկատելի փոփոխություններ երկիրը կունենա, ընդ որում բավականին կարճ ժամանակահատվածում:
Կա նաեւ մեկ մտահոգիչ հանգամանք. ի վերջո այս ընտրություններն ավարտվեցին, սակայն արդեն մեկ տարուց հերթական` նախագահական ընտրությունների մեջ ենք մտնելու: Իսկ պատմությունը ցույց է տալիս, որ նախագահական ընտրությունների ժամանակ նույնիսկ առավել մեծ չափով, քան խորհրդարանականների, մեր երկրի տնտեսությունը մտնում է մի տեսակ սպասողական փուլ: Դա ենթադրում է ներդրումների, գործարար ակտիվության եւ նման այլ բաների որոշակի պասիվացում, ինչը, բնականաբար, իր շոշափելի ազդեցությունն է ունենում ընդհանուր տնտեսական դինամիկայի վրա: Ընդ որում ինչքան նախընտրական փուլը քաղաքականապես շիկացած է լինում, այնքան այդ սպասողական գործոններն իրենց առավել են զգացնել տալիս: Այսինքն` խոսելով մոտակա ժամանակահատվածում, այսինքն` առաջիկա տարվա կտրվածքով մեր երկրի տնտեսության զարգացումների մասին` պետք է նաեւ այդ հանգամանքն աչքի առաջ պահել, այսինքն` թե ինչքանո±վ կհաջողվի այս ընթացքում երկրում ապահովել հանդարտ քաղաքական մթնոլորտ, այդ ամենն իր տնտեսական քաղաքականության ծրագրերում ինչ չափով հաշվի կառնի նոր կառավարությունը եւ այլն: Իսկ դա էլ, ավելի ճիշտ թե առաջիկայում ինչքանով հանդարտ կամ շիկացած մթնոլորտ կունենանք, իր հերթին է կախված նոր կառավարության կառուցվածքից: Այսինքն` թե կլինի± նոր կոալիցիա եւ ի±նչ կառուցվածքով: Նկատենք, որ այս ընտրություններում, իհարկե, նախնական արդյունքներով, դեռ գործող կոալիցիային, այսինքն` ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին եւ ՕԵԿ-ին բաժին է հասել ձայների մոտ 80 տոկոսը: Եթե նոր կոալիցիայի մեջ լինեն դրանցից առնվազն երկուսը` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, դա արդեն խոստանում է համեմատաբար հանդարտ քաղաքական մթնոլորտ երկրում: Հակառակ դեպքում հնարավոր են բազմապիսի զարգացումներ, որոնք կարող են եւ վերջին հաշվով իրենց ազդեցությունն ունենալ թեկուզեւ ամենալավ տնտեսական քաղաքականության վրա: Մի խոսքով դեռ հստակ եզրակացությունների համար պետք է սպասել նոր կառավարության ձեւավորմանը՚:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

