ՙՙՙՆՈՒՅՆԻՍԿ ՍՐԱՆԻՑ ՎԱՏ ԷԻՆՔ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ, ԲԱՅՑ ԱՄԵՆ ԻՆՉ ՍՊԱՍՎԱԾԻՑ ԼԱՎ ԱՆՑԱՎ՚,- ԱՍԱՑ ՙԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ՚ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԸ
Արխիվ 12-16![]()
ՙՆՈՒՅՆԻՍԿ ՍՐԱՆԻՑ ՎԱՏ ԷԻՆՔ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ, ԲԱՅՑ ԱՄԵՆ ԻՆՉ ՍՊԱՍՎԱԾԻՑ ԼԱՎ ԱՆՑԱՎ՚,-ԱՍԱՑ ՙԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ՚ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԸ
Քվեարկության օրվա ընթացքում ՙԻրավունքը՚ ներկա եղավ Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղակայված թիվ 8/05, 8/06, եւ 8/07 ընտրատեղամասերում:ժամը 18:20-ի դրությամբ, թիվ 8/07 ընտրատեղամասում արդեն 850 հոգի կատարել էին իրենց քաղաքացիական պարտքը: Թիվ 8/07 ընտրատեղամասի նախագահ Տարոն Իսրայելյանը հույս հայտնեց, որ ժամը 18:00-ից հետո սպասում են ավելի մեծ հոսքի. ՙԿարծում եմ, եթե այս տեմպերով շարունակենք, ապա 65-70 տոկոս կապահովենք: Առայժմ ոչ մի խախտում չենք արձանագրել, ուղղակի մի քաղաքացու անունը չկար ցուցակներում, գնաց դատարան եւ դեռ չի վերադարձել, հնարավոր է, որ մինչեւ 20:00-ն վերադառնա՚:
Տեղամասում ՙԺառանգություն՚ կուսակցության վստահված անձը նույնպես ոչ մի արտառոց բան չէր արձանագրել. ՙԱռավոտյան ժամը 8-ից այստեղ ենք, ամեն ինչ առայժմ նորմալ է ընթանում: Մի անգամ ուղղակի խառնել էին եւ ծրարը սխալմամբ գցել էին քվեախցիկի մեջ: Տեղում հանձնաժողովի անդամներով բացեցինք, անվավեր ճանաչեցինք, արձանագրեցինք եւ դրեցինք չհրկիզվող պահարանում՚:
Նույն տեղամասում սակայն ՙԴաշնակցության՚ կուսակցության վստահված անձը մեզ հետ զրույցում ասաց. ՙՄինչեւ մեկ ժամ առաջ ամեն ինչ նորմալ էր, բայց հիմա չեմ կարծում, որ խաղաղ է ընթանում, սրանից ավել ոչինչ չեմ կարող ասել, առանց մեկնաբանությունների՚:
Այդ պահին, ընտրատեղամասում սկսվեց մի խառնաշփոթ, պարզվեց հանձնաժողովի անդամն արգելում էր դիտորդին նայել ընտրողների ցուցակը, տեղամասի նախագահը այդ մասին ասաց. ՙԵրեւի օրենքին տեղյակ չէր , բայց հիմա ամեն ինչ հարթվեց: Ավելորդ, արհեստական լարվածություն էր՚: Այդ պահին ներկա 8-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Հովհաննիսյանն, ով նույնպես մասնակցեց խնդրի հարթմանը մեզ հետ զրույցում ասաց. ՙԽնդիրը պարզապես դիտորդի հետ էր: Դիտորդը ցանկանում էր ընտրական ցուցակում որոշակի հասցեներում նայել մարդիկ քվեարկել են, թե± ոչ, իսկ վստահված անձը ոչ թե արգելում էր, ուղղակի, որքան հասկացա, խնդիրը ճիշտ չէր հասկացել, թե դիտորդն ինչ է ցանկանում նայել ցուցակում՚: Լ. Հովհաննիսյանը նաեւ հավելեց. ՙՈւնենք 35 տեղամաս, 35-ից գրեթե արդեն 20 տեղամասում եղել եմ օրվա ընթացքում եւ 15 ում էլ կշրջեմ հիմա: Ամեն ինչ լավ է, ոչ մի արտառոց բան չի եղել: Ուղղակի, թեթեւակի բաներ էին, մարդիկ շատ են եղել տեղամասում` 15 հոգուց շատ, դա էլ ուղղակի մարդկային շատ հոսքից էր, բայց կանխել ենք եւ 15 հոգուց ավելի չեն եղել ընտրատեղամասում՚:
Վերջինս խոսելով գրեթե բոլոր տեղամասերում առկա թանաքի խնդրի մասին հավելեց. ՙԱյդ հարցն էլ է լուծվել: Նախ թանաքի տարան թափահարելուց հետո որոշ տեղերում այդ հարցը լուծվել է, թանաքը չի անցել: Ինքս էլ առավոտյան քվեարկել եմ եւ հիմա աձնագրիցս դեռ չի անցել: Որոշ տեղամասերում, որտեղ տարան թափահարելուց հետո խնդիրը չի լուծվել սովորական թանաքանյութ են բարձիկների վրա լցրել՚:
Եղանք նաեւ 8/05 ընտրատեղամասում, որտեղ տեղամասի նախագահ Վահագն Դավթյանը նույնպես փաստեց, որ ամեն ինչ հանգիստ է ընթանում. ՙԱմեն ինչ նորմալ է ընթանում, առանց վեճերի եւ միմյանց հարգելով: 1374 ընտրողներից մոտ 800-ն արդեն մասնակցել են քվեարկությանը: Արտառոց ոչ մի բան չի եղել, ուղղակի մի կին իր էությունը ցույց տվեց. ցուցակում իր անունը չկար, եկել էր, ուզում էր ընտրել եւ մեզ վրա գոռգոռում էր, թե ինչու թույլ չենք տալիս: Եվ դա տեւեց կես ժամ, իհարկե չընտրեց, մի կերպ կարողացանք կնոջը դուրս հրավիրել տեղամասից՚: Տեղամասի նախագահը խոսելով թանաքի խնդրի մասին հավաստիացրեց. ՙԱռավոտյան ինքս թափահարեցի, նոր օգտագործեցի, երեւի դրա համար էլ մեզ մոտ խնդիր չի առաջացել, բայց տեղյակ չէի, որ նման խնդիր է եղել, առաջին անգամ ձեզանից լսեցի՚:
Այս տեղամասում եւս բոլոր կուսակցությունների եւ թեկնածու պատգամավորների վստահված անձինք գոհ էին եւ ոչ մի արտառոց բան չէին արձանագրել: Նույնիսկ ինչպես նրանք մեր զրույցների ժամանակ ասացին. ՙԱռայժմ սպասվածից լավ է ընթանում ամեն ինչ՚: Նրանք եւս համեմատականներ անցկացնելով նախորդ տարիներին անցկացվող ընտրությունների հետ հավելում էին, որ անհամեմատ տարբեր է այս անգամ բոլորն էլ պատրաստված էին եւ գիտեին իրենց ընտրելու իրավունքը: Միայն ըստ ՙԴաշնակցություն՚ կուսակցության վստահված անձ Սերգեյ Ստեփանյանի. ՙԴժգոհությունները ֆունդամենտալ դժգոհություններ են, մարդիկ չէին քվեարկում իրենց խելքով եւ ապագայի համար, զուտ հայկական ընտրություններ էին. քավոր, խնամի, այսինչ մարդ… իսկ ընդհանուր առմամբ հանգիստ է ընթանում, մարդկանց բերում են, գալիս են, քվերակում են՚:
8/06 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Մարիետա Մկրտչյանը ՙԻրավունքի՚ հետ զրույցում, երբ գրեթե մեկ ժամ էր մնացել ընտրությունների ավարտին նշեց. ՙՔաղաքացիների այցելությունը մինչեւ ժամը 1-ը բավականին խիտ է եղել: Համեմատելով նախորդ տարիների ընտրությունների հետ հիմա ավելի ակտիվ են, ավելի շատ են մասնակցել: Սովորաբար այս տեղամասերում մինչեւ 400- 500 հոգի երբեմն պատահել է մեծամասնություն են եղել, հիմա արդեն մեր տեղամասում մոտ 1000-ի է հասնում ընտրողների թիվը: Դա բավականին լուրջ թիվ է: Որեւէ խախտում դեռ չի արձանագրվել մեզ մոտ: Մարդիկ համոզված էին, որ պիտի ազատ, արդար ընտրություններ տեղի ունենան: Իհարկ, չեմ կարող ասել 100 տոկոս այդպես է, քանի որ դեռեւս մեր իմիջը չի բարձրացել այդ աստիճանի, որ ասեմ, թե 100 տոկոս ազատ, անկախ, թափանցիկ ընտրություն է անցկացվում: Վստահ եմ, որ ինձ մոտ որեւէ խախտում չի եղել, բայց, գուցե դրսում եղած լինի: Ես հիմա պատասխանատու եմ այս տեղամասի համար՚:
Պարզվեց, որ այս տեղամասում թանաքի խնդիրն առկա է եղել: Ինչպես տեղամասի նախագահն ասաց. ՙՄինչեւ հասնում էին դռան մոտ արդեն չեզոքանում էր: Առայժմ, ճիշտն ասած դրանով ենք կնքում, ահազանգ եղավ, որ նրանով չկնքենք եւ այդպես էլ ճիշտ է: Հիմա արդեն աշխատում ենք փոխած` նոր թանաքով: Մի քանի ընտրողներ հետ եկան ու ասացին, որ չեզոքացել է թանաքը: Այնուամենայնիվ, մենք ունենք ցուցակներ, որ քաղաքացին ներկայանա, բնական է երկրորդ քվեաթերթիկ նրան չի տրվի՚:
Այս տեղամասում եւս վստահված անձինք գոհ էին եւ նշում էին, որ առայժմ ոչ մի արտառոց դեպքեր չեն արձանագրել:
ՙԴաշնակցություն՚ կուսակցության վստահված անձի հավաստմամբ մարդկանց հոսքը մինչեւ ժամը 4-ը չի դադարել: ՙժամը 4-ի դրությամբ ունեինք 560 ընտրող, այս պահի դրությամբ արդեն 914 հոգի քվեարկել են, ոչ մի ընտրախախտում դեռեւս չեմ նկատել: Եթե ինչ-որ վրիպումներ էլ եղել են նախագահն անմիջապես արձագանքել է եւ վերացրել են՚:
ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության վստահված անձն էլ ասաց. ՙՆույնիսկ սրանից վատ էինք պատկերացնում, բայց ամեն ինչ սպասվածից լավ անցավ՚:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

