ՏՈՒԳԱՆՔ` ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ
Արխիվ 12-16![]()
Մեր նախորդ ՙՄշակույտ՚ խորագրի ներքո ներկայացրել էինք ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի այն լրատվությունը, ըստ որի` EBC-ի լրատվամիջոցների հետ աշխատանքի գծով տնօրեն Աննիկա Նիբերգ-Ֆրանկենհաուզերը հայտնել է, որ Հեռարձակողների եվրոպական միությունը տուգանել է Հայաստանին` Բաքվում մայիսին կայանալիք ՙԵվրատեսիլ-2012՚ մրցույթին մասնակցելուց հրաժարվելու համար:
Եվ ահա, ինչպես NEWS.am-ի թղթակցի հարցմանը պատասխանել է ՙԵվրատեսիլի՚ ադմինիստրացիայի ներկայացուցիչ ՅԱԱՐՄՈ ՍԻՅՄԸ, Հայաստանը կարող էր ազատվել տուգանքից, եթե մրցույթին մասնակցելուց հրաժարվելու մասին ժամանակին տեղյակ պահեր ՙԵվրատեսիլի՚ ղեկավարությանը: Մասնակցությունից հրաժարվելու համար Հայաստանը պիտի մուծի մասնակցության վճարի 50%-ը, ինչպես նաեւ մասնակցության վճարը: Նման որոշումը բացառիկ չէ, եւ փառատոնի 57-ամյա պատմության մեջ այդպիսի դեպքեր եղել են:
ՙՏուգանքները սահմանված են ՙԵվրատեսիլի՚ կողմից, այնպես որ բոլորը տեղեկացված էին հնարավոր հետեւանքների մասին՚,- նշել է Սիյմը:
ՙՀիմք չկա Հայաստանին արգելելու մասնակցել գալիք տարվա մրցույթին, եթե Հայաստան հանրային հեռուստաընկերությունը հեռարձակի փառատոնը, վճարվի տուգանքը, եւ պահպանվեն եկող տարվա մրցույթի կանոնները՚,- ասված է հայտարարության մեջ:
Մենք բազմիցս նշել էինք, որ հենց այն օրվանից, երբ պարզ դարձավ, որ ՙհաղթել են՚ ադրբեջանցիները, Հայաստանը պետք է հրաժարվեր ՙԵվրատեսիլին՚ մասնակցելուց:
Մինչդեռ դա արվեց բավականին ուշացումով, եւ Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է նաեւ տուգանք վճարել, իսկ դա արվելու է պետբյուջեի, այսինքն` մեր գրպանի հաշվին: Ինչպես ասում են` ասողին լսող է պետք:
ԹՈՒՐՔԸ ՔԱՆԴՈՒՄ ԿԱՄ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ Է
Թուրքիայի Յալովա քաղաքում հայտնի երաժիշտ, երգահան Հովհաննես Թունջբոյաջյանի (Օնո Թունչ) հիշատակին նվիրված հուշարձանն ամբողջովին քանդվել է քաղաքապետարանի կողմից:
Ինչպես մանրամասնում է թուրքական Radikal-ը, 16 տարի առաջ` 1996-ի հունվարի 14-ին, Օնո Թունչը մասնավոր օդանավով Բուրսայից Յալովա վերադառնալու ժամանակ վթարի էր ենթարկվել եւ զոհվել: Ավիավթարի հետեւանքով զոհված հայ երաժշտի հիշատակին 2002-ին Յալովա քաղաքում կառուցված հուշարձանը ժամանակի ընթացքում բազմաթիվ հարձակումների է ենթարկվել: 15 օր առաջ էլ անհայտ անձինք պոկել են հուշարձանի վրայի տառերը:
Յալովայի քաղաքապետը հայտնել է, որ հուշարձանը քանդելու որոշում է կայացվել, քանի որ այն ավերված վիճակում է եղել: Նա պնդել է, թե խոսել է Օնոյի ընտանիքի անդամների եւ քանդակագործի հետ եւ երկու ամիս հետո ավելի գեղեցիկ հուշարձան կտեղադրեն:
Իհարկե, հերթական անգամ մենք համոզվեցինք, որ թուրքի համար որեւէ սրբություն գոյություն չունի, եւ նրա նպատակը ամեն կերպ հայկականը վերացնելը կամ սեփականացնելն է: Սակայն չպետք է մոռանանք, որ Հայաստանի Հանրապետությունում գտնվող հուշարձաններն էլ վնասվում, այլանդակվում, ոչնչացվում են տեղական ՙթուրքի՚ ձեռքով:
ՄԵՐՈՆՔ ՙԳՐԱՎՈՒՄ ԵՆ՚ ԹՈՒՐՔԻԱՆ
Քանի որ անդրադարձանք թուրքական թեմային, ապա նշենք, որ աշխարհահռչակ դաշնակահար, կոմպոզիտոր ՇԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻՆ առաջիկա ամիսներին համերգային շրջագայությամբ հանդես կգա Թուրքիայում, Հայաստանում, եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում: Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական ՙԱկոս՚-ը, նա համերգներին հանդես կգա Կոմիտասի ստեղծագործություններով:
Ի դեպ, Շահան Արծրունին 2010-ի հոկտեմբերի 18-ին` Վանի Ախթամարի եկեղեցու բացման նախօրեին, Վանի Յուզունջու Յըլ համալսարանի մշակութային կենտրոնում համերգ էր տվել, որին ներկա էին եղել Վանի նահանգապետը, ժանդարմերիայի հրամանատարը, գլխավոր դատախազը, փոխպատրիարքը, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը...
Թուրքիա է մեկնում նաեւ երգչուհի Նունե Եսայանը` մայիսի 11-ին մասնակցելու հայ համայնքի կազմակերպած բարեգործական համերգին: Նա նշել է, որ իր մենահամերգն է լինելու, հայ համայնքն է հրավիրել այնտեղի դպրոցին օգնելու նպատակով: Այնպես որ` մերոնք գրավում են Թուրքիան...
Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

