ՙՙՄԱՐԴԻԿ ՀԱՋՈՐԴ 5 ՏԱՐԻՆԵՐԻ ԻՐԵՆՑ ԱՍԵԼԻՔԸ ԵՎ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ՚
Արխիվ 12-16![]()
ՙՄԱՐԴԻԿ ՀԱՋՈՐԴ 5 ՏԱՐԻՆԵՐԻ ԻՐԵՆՑ ԱՍԵԼԻՔԸ ԵՎ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ՚
Կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հնչել եւ դեռ կշարունակեն հնչել տարբեր կարծիքներ, սակայն մենք ինքներս ցանկացանք իմանալ առաջին հերթին շահագրգիռ կողմերի, այսինքն` մասնակիցների կարծիքը: Եվ որոշեցինք նախ դիմել, ըստ նախնական տվյալների, 5 տոկոսը չհաղթահարած կուսակցությունների առաջնորդներին:
ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԷԼ ՈՍԿԻ ՉԷ
Նախ զանգահարեցինք ՀԴԿ առաջնորդ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, եւ հեռախոսազանգին պատասխանողը նշեց, որ նա դեռեւս չի ցանկանում խոսել այդ թեմայով:
ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆՆ էլ ասաց, որ շատ է հարգում թե° մեր թերթը, թե° անձամբ մեզ, սակայն երկու օր չի ցանկանում խոսել ընտրությունների մասին:
Ընդ որում, նա պարզապես դժվարանում էր խոսել:
Ապա փորձեցինք իմանալ 5 տոկոսի (ՀԱԿ-ի դեպքում` 7 տոկոսի) արգելքը հաղթահարած քաղաքական ուժերի ներկայացուցիչների կարծիքները: Երբ մեր աշխատակցուհին զանգահարեց ՀՅԴ ներկայացուցիչներին, մասնավորապես` Սպարտակ Սեյրանյանին եւ Արտյուշա Շահբազյանին, նրանք ասացին, որ վաղը (այսօր) ՀՅԴ Գերագույն մարմինը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:
Մենք չհիասթափվեցինք եւ շարունակեցինք կարծիք իմանալու մեր փնտրտուքները: ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հրաժարվեց խոսել ընտրություններից եւ առաջարկեց դիմել ՙԺառանգության՚ մամուլի խոսնակին: Դե, իսկ մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էլ ընդհանրապես չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Մի վերջին հույսով զանգահարեցինք նաեւ ԱԺ պատգամավոր, ՙԺառանգության՚ համամասնական ցուցակում ընդգրկված Վարդան Խաչատրյանին, սակայն նա էլ խոստացավ այդ մասին խոսել մեկ շաբաթ հետո:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը նույնպես չցանկացավ խոսել այդ թեմայով:
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ Է ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ
Եվ միայն ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ սիրով պատասխանեց մեր հարցերին, ում նախ խնդրեցինք հայտնել իր կարծիքը մայիսի 6-ի ընտրությունների մասին:
- Կարծում եմ, որ այս ընտրություններն ավելի լայն մասսայականություն վայելեցին, եւ ընտրողների ավելի մեծ մասնակցությունը նաեւ ապացույցներից մեկն էր, որ հասարակության կողմից ավելի մեծ սպասելիքներ ու վստահություն կար ընտրական գործընթացի նկատմամբ ընդհանրապես: Եվ ամբողջ գործընթացները, բոլոր ընթացակարգերն էլ ցույց տվեցին` սկսած քարոզչության առաջին օրերից մինչեւ արդյունքների ամփոփման գործընթացը, որ մեր երկրում ժողովրդավարությունը, կարծես թե, արդեն հաղթանակ է տարել, ու նաեւ հասարակության մոտեցումը բուն ընտրության գաղափարին արդեն կայացել է, եւ մարդիկ հաջորդ հինգ տարիների իրենց ասելիքը եւ ցանկությունը փոխանցում են հենց ընտրության միջոցով: Ես ուզում եմ նաեւ ասել, որ (սա իմ անձնական կարծիքն է) այսքան մեծ վստահությունը Հանրապետական կուսակցության նկատմամբ նաեւ այն բանի հավաստումն է, որ մեր երկիրը, ժողովուրդը ունեն պատասխանատու, կայացած, փորձառու քաղաքական ուժի, փորձառու լիդերի անհրաժեշտությունը, եւ մեր հասարակությունը լավ գիտակցում է, թե ում վստահելով ինչպիսի հաջողություններ, ինչպիսի ձեռքբերումներ եւ ակնկալիքներ կարող է ունենալ: Մեզ համար սա նաեւ մեծ պատասխանատվություն է, մեր ապագայի համար այս վստահությունը ոչ թե միայն, այսպես ասած, քաղաքական շնորհ է, այլ քաղաքական մեծ պատասխանատվություն, որ մենք ստանձնում ենք հասարակության կողմից, հասարակության աջակցությունը վայելելով:
- Անձնագրի վրա դրվող կնիքի թանաքի հետ կապված խնդիրներ առաջացան. ոմանց անձնագրում դրած կնիքն անմիջապես, այսպես ասած, ցնդում էր, ոմանց անձնագրի կնիքը դեռեւս պահպանվում է` չնայած ասում էին, որ 12 ժամ հետո դա պետք է ՙցնդի՚:
- Դրանք տեխնոլոգիական կամ տեխնիկական մանր-մունր խնդիրներ են, ինչ-որ տարբեր պատկերացումներ այդ խնդիրների նկատմամբ, որոնք չեն կարող որեւէ կերպ, այսպես ասած, ստվերել այն խոշորամասշտաբ գործընթացը, որը կոչվում է ընտրություն: Եվ ես կարծում եմ, որ, իհարկե, ընտրական այդ գործընթացում լարված մրցապայքարի պայմաններում ցանկացած մեկը կարող է ամեն տեսակի հայտարարություններ անել, իր դիրքորոշումներն արտահայտել, բայց ժամանակը եւ փաստերը խոսում են մեկ բանի մասին, որ բոլորս միասին, հատկապես երկրի նախագահի ուղղակի հսկողության եւ հետեւողականության, ինչպես նաեւ Հանրապետական կուսակցության ստանձնած քաղաքական մեծ պատասխանատվության ներքո կարողացանք անցկացնել շատ լավ ընտրություններ, որի մասին արդեն նաեւ միջազգային կարծիքները հստակ արտահայտվում են:
- Եթե համեմատենք մայիսի 6-ի ընտրությունները նախորդ գումարման` 2007 թվականի ԱԺ ընտրությունների հետ, առաջընթաց նկատվե±ց:
- Առաջընթացն այն է, որ հասարակությունն ավելի լրջմիտ եւ ավելի իմաստավորված է մոտենում իր ընտրությանը, իր քվեին: Դա շատ կարեւոր է, եւ դա ստիպեց, որպեսզի քաղաքական ուժերն ավելի լուրջ քարոզարշավի նախապատրաստվեն, եւ ավելի շատ լինեն ծրագրային ներկայացումները: Կարեւոր եւ ակնհայտ տարբերություն էր այն, որ նոր ընտրական օրենսգիրքն ավելի բաց, ավելի հրապարակային, ավելի հավասար, ավելի մեկնարկային հավասար պայմաններ տվեց յուրաքանչյուրին, եւ այդ հավասար ու հրապարակային գործընթացը մինչեւ ընտրությունների վերջին օրը բոլորիս աչքի առաջ էր: Տարբերությունը նախորդ ընտրությունների հետ նաեւ այն էր, որ զանգվածային լրատվամիջոցները շատ կայացած եւ շատ ավելի նպատակային լուսաբանում իրականացրեցին` փորձելով իրենց հնարավորությունները ներդնել` բոլոր քաղաքական ուժերին լավագույնս լուսաբանելու, լիարժեք լուսաբանելու համար: Եվ, իհարկե, տարբերությունն այն էր, որ մենք արդեն իսկ տեսանք, որ մեզանում նաեւ կուսակցական համակարգն է աստիճանաբար ձեւավորվում: Այս ընտրությունները եւս մի կարեւոր գործոն էին, կարեւոր շարժառիթ էին, որպեսզի մենք արդեն խոսենք մեր երկրում կուսակցական համակարգի կայացվածության մասին:
- Իսկ դրանից կարո±ղ է բխել, որ արդեն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգի տեղերն ավելի շատանան կամ ընդհանրապես միայն համամասնական ընտրակարգով կայանան ընտրությունները:
- Դրանք արդեն հետագայի քննարկման հարցեր են, եւ ժամանակն իր պահանջին համապատասխան արդեն կառաջադրի նաեւ նոր խնդիրներ, եւ ես չեմ բացառում, որ հետագայում արդեն նաեւ այդ խնդիրները լրջորեն քննարկելու անհրաժեշտություն կառաջանա:
Պատրաստեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

