ՙՉԿԱՅԱՑԱԾ ՙԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ՚ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Արխիվ 12-16![]()
Մայիսյան այս առաջին օրերը հարուստ էին ընտրական իրադարձություններով, որոնք, միանշանակ, ուղղակի կամ անուղղակի ձեւով իրենց էական ազդեցությունն են ունենալու մեր երկրի վրա: Դրանց թվում, անշուշտ, առաջինը Հայաստանի խորհրդարանական ընտրություններն էին: Սակայն նաեւ մեծ կարեւորություն է ներկայացնում այն փաստը, որ երեկ պաշտոնապես ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնեց Վլադիմիր Պուտինը: Գումարած այդ ամենին` մեր երկրի արտաքին քաղաքականության վրա այս կամ այն չափով, թեկուզեւ անուղղակիորեն, հաստատ ազդելու են ինչպես Ֆրանսիայի նախագահական, այնպես էլ այս օրեին Իրանում եւ Սիրիայում տեղի ունեցող խորհրդարանական ընտրությունները:
ՙԳՈՒՆԱՎՈՐ՚ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՄԵՌԱՆ
Սկսենք մեր ընտրություններից: Թե դրանց արդյունքում հայաստանյան ներքաղաքական հարթությունում ինչ պատկեր կձեւավորվի, դա սկսում է քիչ-քիչ տեսանելի դառնալ: Սակայն մինչ ընտրություններն էլ էր ակնհայտ, որ դրանք իրենց նկատելի հետքն էին խոստանում թողնել նաեւ Հայաստանի արտաքին ուղղվածության վրա: Համենայնդեպս ժամանակին էլ էինք առիթ ունեցել ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախընտրական որոշ կարեւոր վերախմբավորումներ, անկախ նրանից, թե դրանք ինչպես էին բացատրվում մասնակից ուժերի կողմից, տրամաբանական էին դառնում միայն այդ ամենին արտաքին ազդեցությունների տեսակնյունից մոտենալով: Խոսքը, մասնավորապես, ընտրությունների օրինականությունը վերահսկելու պաշտոնական պատճառաբանությամբ հիմնված շտաբի մասին էր` ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի եւ ստեղծման պահին, նաեւ ՙԺառանգության՚ մասնակցությամբ: Այսինքն` մի սեղանի շուրջ նստել էին ուժեր, որոնք մինչ օրս էլ իրար հետ ունեն հայտնի արմատական հակասություններ ինչքան ասես, սակայն միավորող եւ ոչ մի դրվագ: Չէ, նկատի չունենք ընտրակեղծիքների դեմ միասնաբար պայքարելու նրանց ՙդեկլարացիան՚, քանի որ այն պարագայում, երբ նրանցից մեկը երկուսը բազմիցս մեղադրվել են զանգվածային ընտրակեղծարարության մեջ, իսկ մյուսները ձեւեր են թափում, թե այդ մասին պատկերացում անգամ չունեն, դա արդեն իսկ բավարար հիմնավորում է, որ հայտարարված նպատակը` ընտրակեղծիքների դամ պայքարելը, ընդամենը շղարշ է: Իսկ այդ ուժերին միավորող միակ տեսանելի գործոնը նրանց արտաքին կողմնորոշումն է: Չասենք ԲՀԿ-ն, սակայն այդ խմբում ներկայացնող Օսկանյանի ինչպես ծագումնաբանությունը, այնպես էլ մինչ օրս նրա մերձավոր ազգականների` ԱՄՆ քաղաքացի լինելու փաստն արդեն իսկ բավական է նախկին ԱԳ նախարարի աշխարհաքաղաքական կողմնորոշման մասին պատկերացում կազմելու համար: Թե որտեղից է գալիս ՀՅԴ-ի հիմնական ֆինանսական կապերը, դա էլ նորություն չէ: ՙԺառանգությանը՚ վերջերս հենց ՀԱԿ-ն էր հրապարակավ մեղադրում ոչ միայն Արեւմտյան` Բրիտանական ՙշպիոնության՚, այլ նաեւ թուրքական տարօրինակ կապերի մեջ: Դե ՀԱԿ-ն էլ, ավելի ճիշտ` վերջինիս որոշ լիդերներ հայտնի ՙնարնջագույններ՚ են: Մի խոսքով, ասել, թե պատահաբար այդ ՙդաշինքում՚ միմյանց գլուխ հավաքվեցին հայաստանյան հիմնական արեւմտամետները, իհարկե զավեշտանման կլիներ:
Իհարկե, այս պատմությունը նորություն չէ: Ավելի ճիշտ, խնդիրը նրանում է, թե հետընտրական փուլում այս փաստն ի±նչ իրողություններ է խոստանում Հայաստանին: Դա ավելի ճիշտ պատկերացնելու համար հիշենք մոտ մեկշաբաթյա վաղեմության մեկ փաստ եւս` Մաշտոցի պուրակի պատմությունը: Անշուշտ, այստեղ կրպակներ տեղակայելու դեմ պայքարն ի սկզբանե սկսեցին նրանք, ու իրոք հետաքրքրում էր բնությունն ու մայրաքաղաքի տեսքը: Սակայն այն, որ կարծես մի վերին որոշմամբ մեկ-երկու օրում բնապահպանների շարքերը մտան անձիք, որոնց կրպակներից շատ անգամ ավել հետաքրքրում էր ոստիկանության հետ ձգձգվող կոնֆլիկտ առաջացնելն ու այդ ֆոնին բնապահպանության անվան տակ լարվածության մեկ օջախ տաք-տաք պահելը, դա էլ է կասկածից դուրս: Բանը հասել էր նրան, որ այդ նորաթուխ ՙբնապահպանները՚ իրենց ավելի ու ավելի հաճախակի դարձող վերջնագրերում նույնիսկ բերաններից ժամկետներ էին ՙփստացնում՚` մայիսի 6-7-ը, ինչը այդ տաք-տաք պահվող օջախը հետընտրական ՙնարնջագույն՚ թատերաբեմի վերածելու ակնարկից բացի այլ բանի մասին չէր խոսում...
Սակայն ակնհայտորեն մի բան այնպես չգնաց: Համենայնդեպս այդ ՙնարնջագույն բունտի՚ պոտենցյալ օջախը սպասվածից հեշտ դիրքերը զիջեց, մյուս կողմից էլ ժառանգականները ձեռք քաշեցին ՙընտրակեղծիքների դեմ միասնական պայքարից՚: Մեր որոշ քաջատեղյակ աղբյուրներն այդ շրջադարձային քայլերը բացատրում են այսպես. ՙԴեռ ընտրարշավի միջանկյալ հատվածում իրականացված բավականին լուրջ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ընտրությունների արդյունքների հիման վրա հնարավոր չի լինելու այսպես ասած ՙգունավոր հեղափոխության՚ համար մարդկային նվազագույն զանգված հավաքագրել, նույնիսկ եթե ԲՀԿ-ի իր ձայներով հավասարվեր ՀՀԿ-ին...՚:
ԱԺ ընտրությունների արդյունքներն էլ եկան ցույց տալու, որ հետընտրական փուլում, իրոք, ՙգունավոր՚ զարգացումները հնարավոր չեն: Ամեն դեպքում դեռ ընտրությունները շարունակվում էին, որ դրանց որոշ դրվագներ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն արդեն համարում էր ՙլավ նշան հայկական ժողովրդավարության համար՚: Ընտրություններից անմիջապես հետո էլ ICES-ի դիտորդական առաքելությունը չհապաղեց գնահատել, թե ընտրություններն ՙանցան շատ լավ ու ջերմ մթնոլորտում, ամբողջությամբ համապատասխանում են եվրոպական օրենքներին ու ժողովրդավարական սկզբունքներին, որոնք գործում են Եվրոպայի տարածքում՚: Վիճակը նույնիսկ հասավ աբսուրդի նրանով, որ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն սկսեց նման մառազմատիկ բնույթի մեղադրանքներ էլ հնչեցնել. ՙԱշխատեց այն աջակցությունը, որ ուներ իշխանությունն Արեւմուտքից` դիտորդների տեսքով՚:
ՌԴ-Ն ԿՄՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՎ 1 ԳՈՐԾԸՆԿԵՐԸ
Մի խոսքով, այս անգամ էլ հայաստանյան ընտրությունները չվերածվեցին ՙգունավոր հեղափոխության՚: Թե ինչու, դա առանձին խոսակցության թեմա է: Սակայն փաստն այն է, որ մեր երկրի արտաքին քաղաքական ՙկառուցվածքը՚ նկատելիորեն ավելի ընդգծված եւ հստակ դարձավ: Իշխող հիմնական ուժը` ՀՀԿ-ն, թերեւս, Հայաստանի հիմնական արտաքին գործընկերոջ դերում տեսնում է Ռուսաստանին` զուգահեռաբար պահպանելով դեպի Եվրոպա ուղղվածության որոշակի տարրեր: Ընդ որում, այս` Եվրոպական ուղղվածության մեջ, միգուցե, կլինեն որոշակի փոփոխություններ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆրանսիայում Նիկոլա Սարկոզիին փոխարինելու եկան Ֆրանսուա Օլանդը: Սարկոզին, հայտնի է, որ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հայտնի պատմության ընթացքում որոշակիորեն ստանձնեց նաեւ Հայաստանը Եվրոպայի հետ դերակատարությունը, եւ միայն ժամանակը ցույց կտա, թե նրան փոխարինած Օլանդն այս եւ Թուրքիայի հետ հարաբերություններում ուղղությամբ ինչ նախապատմություններով կառաջնորդվի:
Հայաստանյան քաղաքական ներկապանակում արեւմտամետ թեւը եւս դարձավ առավել ընդգծված: Այս ուղղության ծայրահեղ կետը, թերեւս, կարելի է համարել ՙԺառանգությանն՚ ու ՙԱզատ դեմոկրատներին՚, որոնք, սակայն, բավականին փոքր դերակատարմամբ մտնելով խորհրդարան, ընդհանուր պետական քաղաքականության վրա ազդելու մեծ հնարավորություն չունեն: Աշխարհաքաղաքական ուղղվածության առումով այս երկու ուժերին կարող է նախ ինչ-որ չափով օժանդակել ՀՅԴ-ն: Սակայն այդ առումով վերջինս հիմնականում աչքի է ընկել իր համեմատաբար պասիվ գործողություններով` հաշվի առնելով, որ թեեւ ՀՅԴ-ի տեղական էլիտայի մեջ կան որոշակիորեն ընդգծված արեւմտամետներ, սակայն կան եւ օլիգարխիկ հակումներով լիդերներ եւս, որոնք հազիվ թե համաձայնվեն որոշակի սահմանագծից այն կողմ անցնել: Ճիշտ է, կան նաեւ արեւմտյան ընկերներից եկող հանձնարարականները, սակայն եթե չկան ՙգունավոր հեղափոխության՚ ռեալ ակնկալիքներ, նման հանձնարարականներն էլ հազիվ թե լինեն:
Իսկ ահա ՀԱԿ-ի աշխարհաքաղաքական ուղղվածության մասին ընտրություններից հետո դժվար է բան ասելը, քանի որ առհասարակ անորոշության տակ է կուսակցությունների այդ համախմբման ապագան: Իհարկե, ԼՏՊ-ն դեռ հնուց ունի իր արտաքին նախապատվությունները: Բայց նաեւ Լ. Սարգսյանի` վերը նշված լացուկոցը խոսում է այն մասին, որ մի քանի տարի ՙհեղափոխություն՚ խոստացող, սակայն միայն ՙբուքսիրով՚ ԱԺ-ում մի քանի տեղ ստացող այս կառույցի վրա Արեւմուտքը հետագայում հազիվ թե մեծ-մեծ ծրագրեր կառուցի:
Եվ, վերջապես, մնում է ԲՀԿ-ն: Այս կապակցությամբ երեկ քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նման գնահատական տվեց. ՙՄիասնական շտաբ ձեւավորած ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ ՙԲարգավաճ Հայաստանը՚ հազիվ թե գործընկերությունը շարունակեն խորհրդարանում՚: Իսկ այդ դեպքում անհասկանալի է դառնում այդ ՙգործընկերության՚ ջատագով Օսկանյանի դերակատարությունը ԲՀԿ-ում: Մյուս կողմից էլ ԲՀԿ ղեկավարությունը հազար ու մի տնտեսական թելերով կապված է ՌԴ-ի եւ ԱՊՀ այլ երկրների հետ, ինչին հազիվ թե օսկանյանական ՙգունավոր խաղերը՚ կարողանան օգուտ տալ: Այսինքն` մի տեսակ հավանական չի թվում, որ ԲՀԿ-ն կհամալրի արեւմտամետների շահերը:
Եվ, արդյունքում, ստացվում է, որ հայաստանի արտաքին քաղաքականությունը պահպանելու է աշխարհաքաղաքական առումով դեռ Ռուսաստանի հանդեպ ունեցած իր նկատելի ուղղվածությունը: Ավելի ճիշտ` այդ ուղղվածությունը, թերեւս, ավելի արտահայտված կդառնա` հաշվի առնելով, որ ՌԴ նախագահի պաշտոնում արդեն Վ. Պուտինն է` իր Եվրասիական ինտեգրացիոն ծրագրերով հանդերձ:
ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԻՐԱՆԸ
Ինչ վերաբերում է Հայաստանի եւ մեր մյուս երկու խոշոր հարեւանների` Իրանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա այստեղ եւս հազիվ թե էական փոփոխություններ լինեն:
Թուրքիայի պարագայում նկատենք հետեւյալը. Հյաստանում արեւմտամետների դիրքերի բավականին տխուր վիճակն առհասարակ խոսում է մեր երկրում ԱՄՆ-ի դիրքերի անկման մասին: Այս դեպքում արդեն, շատ հավանական է, որ ՙխորը սառեցված՚ վիճակից հայ-թուրքական հայտնի արձանագրությունների թեման վերջնականապես օրակարգից դուրս կգա: Ընդ որում, նույն կարծիքն էր երեկ ներկայացրել նաեւ թուրքական Zaman-ը: Եվ դա էլ նշանակում է, որ հայ-թուրքական հարաբերությունները, ըստ ամենայնի, կգլորվեն մինչեւ նույն ՙստանդարտ՚ մակարդակը, որն ունեինք այդ արձանագրություններից առաջ:
Իսկ ահա Իրանում թեեւ մայիսի 4-ին կայացած ընտրությունների արդյունքում նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նկատելիորեն կորցրեց իր դիրքերը, սակայն Հայ-Իրանական հարաբերությունների հիմքում դրված են մի շարք էական փոխադարձ շահեր, որոնց պարագայում ընտրություններն էական փոփոխություններ, որպես կանոն, չեն կարող առաջացնել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

