ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԱՊԱԳԱ ԿՈԱԼԻՑԻԱՆ
Արխիվ 12-16![]()
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԱՊԱԳԱ ԿՈԱԼԻՑԻԱՆ
Եվ այսպես, ԱԺ մտնում են 5 քաղաքական ուժեր: Այսինքն` բավականին նոր երանգներ կլինեն, գումարած դրան` նվազել է օլիգարխների ու բարձրացել քաղաքական դեմքերի տեսակարար կշիռը:
Միջազգային դիտորդական արձագանքներն էլ են դրական, քանզի եթե խոշորագույն պրոբլեմը թանաքի տեխնիկական որակն էր, ապա կարելի է արձանագրել ռեալ պրոբլեմների բացակայությունը: Ճիշտ է, ՙամենայազվա՚ դիտորդական առաքելությունը` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նշեց, որ 500 տրակտորներ բաժանելը կարող էր ազդել ընտրությունների արդյունքի վրա, սակայն դա որեւէ կերպ չի առնչվում ՀՀԿ-ի հետ: ՄԹՆՈԼՈՐՏԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Ամենակարեւորը, ինչն արձանագրվեց այս ընտրություններում ինչպես քարոզչության շրջանում, այնպես էլ քվեարկության օրը` մթնոլորտի փոփոխությունն էր: Նախ` սա Հայաստանի նորագույն պատմությունում առաջին դեպքն էր, երբ այդ աստիճանի հեռուստաեթերը մատչելի էր բոլորին, ու, ինչպես ցույց են տալիս եթերաժամանակ օգտագործելու մոնիթորինգները, կառավարող ՀՀԿ-ի օգտագործած եթերը եւ քարոզչության այլ միջոցները բավականին համեստ էին եւ զիջում էին նույնիսկ ՙԺառանգությանը՚: Բոլորը հանգիստ արտահայտեցին իրենց կարծիքը եթերում` առանց սահմանափակումների, տպագիր մամուլի ու ինտերնետային լրատվական կայքերի դաշտում էլ ՀՀԿ-ի մրցակիցները անհամեմատ ավելի շատ էին արտահայտվել, քան ՀՀԿ-ն: Ու թեեւ հազվադեպ չէին ՀՀԿ-ի նկատմամբ սեւ քարոզչության դեպքերը, այնուամենայնիվ, ՀՀԿ-ն` որպես կանոն, դրան մոտենում էր ներողամտորեն եւ հանդուրժողաբար, եւ դա, խոշոր հաշվով, ազդեց եւ ընդհանուր քարոզչական ֆոնին` օրինակ ծառայելով նաեւ բոլորին:
Իսկ ինչ վերաբերում է ընտրողների կեցվածքին, ապա նկատվեց երկու շատ կարեւոր երեւույթ, որոնք ընտրողների հասունության յուրահատուկ ցուցանիշ են: Առաջինը` աննախադեպ ակտիվությունը ընտրությունների նկատմամբ: Մասնակցությունը գործնականում եղավ նույնը, ինչ նախագահական ընտրություններին, եւ երեւում էր, որ ավելի շատ քանակությամբ մարդիկ կարեւորում էին սեփական քվեն, ու համբերատար հերթ էին կանգնում ընտրատեղամասերի մոտ: Գումարած դրան` ընտրատեղամասերի ներսում նորմալ մթնոլորտ էր, որեւէ տեղ վստահված անձանց կամ դիտորդների չեն վռնդել, որեւէ տեղամասում որեւէ մեկը ընտրողներին չի խանգարել քվեարկել այնպես, ինչպես ուզում են:Այս ընտրությունները առանձնահատուկ էին նրանով, որ գործնականում չկային բռնություն գործադրելու դեպքեր, իսկ խախտման վերաբերյալ որեւէ ահազանգ անարձագանք չի մնացել: Եվ արձագանքողներն ինչպես ընտրական հանձնաժողովներն էին` տեղամասայինից մինչեւ ԿԸՀ, այնպես էլ իրավապահ մարմինները (ոստիկանությունն ու դատախազությունը), օմբուդսմենի գրասենյակը, բազմաթիվ հասարակական կազմակերպությունները: Ու հենց քվեարկության օրը ընտրակաշառքի դեպքերով քրեական գործեր են հարուցվել: Ու ընդհանրապես, շատ ու շատ հարցեր իրենց լուծումը ստացել են հենց տեղամասերում, ու քիչ չէին տեղամասերը, ուր հանձնաժողովներն ու վստահված անձինք միասին համերաշխ աշխատում էին` առավելագույնս հարմար պայմաններ ստեղծելով ընտրողների համար:
Իսկ ընտրողների մտածողությունում տեղի է ունեցել շատ կարեւոր տեղաշարժ: Ի±նչ են ցույց տալիս արդյունքները, այն, որ ընտրազանգվածի առավելագույն կորուստ ունեցել են այն ուժերը, որոնք սեփական մարտավարությունը կառուցում էին հիմնականում մրցակիցներին սեւացնելու վրա: Առավելագույն կորուստ ունեցավ սեւ քարոզչության ռեկորդակիր ՀԱԿ-ը, որը ՙմազի վրա՚ հաղթահարեց 7 տոկոսի սահմանագիծը, ընտրազանգվածի կեսից ավելին կորցրեց ՀՅԴ-ն, որը նույնպես չարաշահել էր հակաքարոզչությունը, իսկ, օրինակ, բավականին աննպաստ ելակետային վարկանիշ ունեցող կուսակցությունները` ՕԵԿ-ն ու ՙԺառանգությունը՚, հիմնականում զերծ մնալով հակաքարոզչությունից, կարողացան բավականին վստահաբար լուծել ԱԺ մուտք գործելու խնդիրը:
ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ՚ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՙՄԵՌԱՎ՚
ՙ
Հմայականոցում՚ ստեղծված, այսպես կոչված, ՙմիասնական շտաբը՚ այդպես էլ չկարողացավ լուծել ընտրությունները հանրության աչքին վարկաբեկելու եւ հետընտրական ալիք ստեղծելու խնդիրը: Նախ` արձանագրված փաստերը այնքան սակավ են, որ նույնիսկ ավելի քիչ են, քան մինչ այդ օրինակելի համարվող 1990-91 թվականների ընտրություններում: Իսկ փիլիսոփայական դատողությունները, թե ԱԺ ընտրություններին չեն կարող մասնակցել նույն քանակությամբ ընտրողներ, ինչքան նախագահական ընտրություններին, ռեալ քաղաքականության տեսակետից գրոշի արժեք չունեն: Կարծիքն, ինչպես ասվում է, գործին չես կարի: Քվեարկության օրն էլ ընդդիմության եւ ընդդիմադիր ՙխաղեր՚ տված ԲՀԿ-ի վստահված անձինք եւ հանձնաժողովականները կոնկրետ իրենց տեղամասերում գործնականում խախտումներ չեն հայտնաբերել եւ նշել, որ տեղամասի ներսում ամեն ինչ նորմալ է, բայց իրենք համոզված են, որ դրսում այսինչ կամ այնինչ ձեւերով ամեն ինչ նախօրոք ապահովված է եւ այլն, եւ այլն: Այսինքն` կրկին բացի կարծիքից, որ ամեն ինչ կեղծված է, ներկայացնելու բան չկա:
Բայց ամենակարեւորը, որ չկա օբյեկտիվ հիմքը, որի վրա հնարավոր լիներ կառուցել ՙկոնսենսուս մինուս ՀՀԿ՚ տարբերակը: ՀՀԿ-ն կրկին ընտրությունների արդյունքով ստացավ խորհրդարանական մանդատների կեսից ավելին, այսինքն` օսկանյանալեւոնական հույսերը` ՀՀԿ-ին զրկելու մեծամասնությունից եւ թելադրելու կառավարության կազմը, այդպես էլ հեռու մնացին իրականությունից: Եվ ընդամենը ծիծաղ կարող էր առաջացնել գիշերով հեռուստաեթերում անընդմեջ մատից ծծած ՙԷքզիթ փոլ՚ ցուցադրելը, ուր ԲՀԿ-ն ներկայացված էր 38 տոկոս վարկանիշով, իսկ ՀՀԿ-ն` 25, դա ուղեկցելով տվյալներով` բացառապես այն ընտրատեղամասերից, ուր ԲՀԿ-ն ավելի շատ քվե ունի, քան ՀՀԿ-ն... Դե, ցանկության դեպքում կարելի էր եւ մի քանի տեղամաս ճարել, ուր առաջին տեղում ՀՅԴ-ն է, ՙԺառանգությունը՚ կամ ՀԱԿ-ը...
Ի±նչը նպաստեց այդ սցենարի տապալմանը` բազմաթիվ գործոնները: Նախ` Օսկանյանի եւ Հմայակ Հովհաննիսյանի հայտնությունը ԲՀԿ-ում, եւ նրանց բոցաշունչ հակաիշխանական ճառերը ոչ թե նպաստեցին ընտրողների հոսքին դեպի ԲՀԿ, այլ, հարուցելով տարակուսանքներ, բավականին շատերին մղեցին քվե տալու ՀՀԿ-ին, եւ քաղաքացիների մի մասը, որը դժվար թե մասնակցեր ընտրությունների, գերադասեց գալ եւ քվեարկել ՀՀԿ-ի օգտին, որպեսզի ինքն իրեն երաշխավորի տարատեսակ անհասկանալի փոփոխություններից ու, ամենակարեւորը` ցնցումներից: Գումարած դրան` ընտրություններից 3 օր առաջ Ռոբերտ Քոչարյանի ուրվագծվելը դժվար թե վարկանիշ ավելացներ ԲՀԿ-ին, ավելի շուտ դա հակառակ ազդեցությունն է թողել:
Իսկ 2007-ի համեմատ ԲՀԿ-ի քվեների փաստացի կրկնապատկումը միանգամայն այլ գործընթացի հետ կապ ունի: ԼՏՊ-ի ինտրիգային խաղերը` ուղղված ԲՀԿ-ին սիրաշահելու, Օսկանյանի, Հմայակի եւ դաշնակների հետ խանդավառ ձեւով հեղաշրջման շտաբի ձեւավորմանը մասնակցելը բերեց նրան, որ բողոքավոր ընտրազանգվածը սահուն ձեւով արտահոսեց ՀԱԿ-ից դեպի ԲՀԿ: Ի վերջո, մարդիկ տեսան, որ ԼՏՊ-ն, որի հետ իրենք հույսեր էին կապել Ռոբերտ Քոչարյանի դեմ, 4 տարվա ընթացքում այդպես էլ պիտանի չեղավ իշխանափոխություն իրականացնելու, եւ երբ սկսեց քարոզել, որ ԲՀԿ-ն իշխանության դեմ դուրս եկող է, կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ, դա հանգեցրեց ընտրազանգվածի փախուստի դեպի ԲՀԿ: Նույն բողոքավոր ընտրողները դատում էին շատ պարզ` ի տարբերություն Լեւոնի, ԲՀԿ-ն ե°ւ հսկայական լծակներ ունի, ե°ւ հսկայական ֆինանսներ, ու եթե Լեւոնը ճիշտ է ասում ԲՀԿ-ի մասին, ապա էլ ինչ գործ ունենք ուժը կորցրած Լեւոնի հետ, երբ կարելի է գնալ դեպի ուժեղ ԲՀԿ: 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքների հետ համեմատ ԼՏՊ-ն կորցրեց 250 հազար քվե, ու հենց այդ 250 հազար քվեն գտավ Գագիկ Ծառուկյանը, որը հակաքարոզչությունով չէր չարաշահում:
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱԺ ՀՆԱՐԱՎՈՐ
ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
Հետընտրական սուր բնույթի ընդվզումների հավանականությունը բավականին ցածր է: Նախ` ով պետք է դրանք անի: Մեծ զանգված ունեցողը ԲՀԿ-ն է, սակայն հենց ԲՀԿ-ի ներկայացուցիչներն են քվեարկության օրը բռնվել ընտրակաշառքի վրա Շենգավիթում ու Արաբկիրում, գումարած դրան` միջազգային դիտորդների աչքը ծագած 500 տրակտորները նույնպես ունեն ԲՀԿ-ական ծագում: Գումարած դրան` օսկանյանական ՙմիասնական շտաբը՚ խախտումահավաքության գործում այնքան էր կաշկանդված ԲՀԿ-ին չվնասելու հանգամանքով, որ արդյունքում նրանց արձանագրած փաստական բազան զրոյին մոտ է: Գումարած դրան` դժվար թե Ռոբերտ Քոչարյանը գնա այնպիսի ռիսկի, ինչպիսին է ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ տեղափոխելն ու դրա հետեւանքով ԲՀԿ-ի ունեցած լծակներից զրկվելը:
Սեփական ընտրազանգվածի փողոց դուրս բերելու հնարավորություն ունեն թերեւս ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն, ՙԺառանգությունը՚ դժվար թե նման քայլի գնա, քանի որ մի կողմից այդ կուսակցության ընտրազանգվածը ավելի շուտ պիտանի է ոչ թե հեղափոխական գործողությունների, այլ Մաշտոցի պուրակի տիպի քաղաքացիական ակցիաների, գումարած դրան` քարոզարշավի ընթացքում ՙսարերի քամի՚ անող Րաֆֆու կուսակցությունը գործում էր գործնականում ջերմոցային պայմաններում: ՀՅԴ-ի պարագայում հետընտրական սուր ընթացքները բացառվեցին այն պահից, երբ Վահան Հովհաննիսյանը դեռ ընտրություններից առաջ բացառեց կոալիցիայի ձեւավորումը ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի հետ, գումարած դրան` զինապահեստի հետ կապված պատմությունը, թեեւ քարոզարշավին չէր շրջանառվում, բայց մոռացված էլ չէր: Իսկ ՀԱԿ-ի պարագայում առկա է ընդամենը 0,1 տոկոսի ՙամրության պաշար՚ խորհրդարան անցնելու սահմանագծին, որը կարող է դուրս թռնել ընդամենը 2 տասնյակ ընտրատեղամասերի քվեաթերթիկների նոր հաշվարկի դեպքում, ու ՙԺառանգության՚, ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի պես ուժերը միայն շատ ուրախ կլինեն ՀԱԿ-ից ձերբազատվելու միջոցով մեկ մանդատով սեփական փայն ավելացնելու: Բացի այդ` ՀԱԿ-ի համամասնական ցուցակի անցողիկ հատվածում գտնվող անձինք հազիվ են հասել ԱԺ մուտք գործելու իրենց մուրազին, եւ դժվար թե դա փոխեն լրիվ անհասկանալի ելքով փողոցային անկարգությունների հետ... Այնպես որ, կլինեն ճիչեր, թե ընտրությունները կեղծված են, միգուցե նաեւ` դիմումներ Սահմանադրական դատարան, բայց դրանից այն կողմ չի անցնի: Իսկ քաղաքական հեռանկարի տեսակետից ե°ւ ԼՏՊ-ն, ե°ւ ՀԱԿ-ը արդեն իսկ ՙմարած օբլիգացիա՚ են ու պիտանի չեն 2013-ի նախագահական ընտրություններին թիմ կազմելուն:
Իսկ այժմ դիտարկենք ԱԺ-ում հնարավոր դասավորումները: ՀՀԿ-ն միայնակ ունի մեծամասնություն, ՕԵԿ-ը այլ ճար չունի` բացի ՀՀԿ-ի հետ միասին լինելուց: Հետեւաբար` ԲՀԿ-ն կմնա կամ դիմել ՀՀԿ-ին` կոալիցիայում կրկին ընդգրկվելու խնդրանքով, կամ ամբողջովին գնալու ընդդիմադիր դաշտ` դրա բոլոր հետեւանքներով հանդերձ, եւ, չունենալով հեռանկար, դաշինք կազմելու դաշնակների, ՙԺառանգության՚ կամ ՀԱԿ-ի հետ (այս վերջինը արդեն մայրամուտ ապրող քաղաքականապես ոչ պիտանացու ուժ է): Եթե ԲՀԿ-ն նախընտրի ընդդիմադիր ճանապարհը, ապա նույն ՀՀԿ-ն մանեւրի բավականին լայն հնարավորություն ունի` կոալիցիա ներգրավելու թեկուզ եւ նույն ՀՅԴ-ին կամ ՙԺառանգությանը՚: Այսինքն` առավել հավանական է, որ ԲՀԿ-ն կրկին կոալիցիայի մեջ լինի ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ, ու ամբողջ ծավալով գործի կոալիցիոն հուշագրի դրույթը` 2013-ի նախագահական ընտրություններին պաշտպանելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Անշուշտ, այդ դեպքում ընդդիմադիր ընտրազանգվածը երես կթեքի ԲՀԿ-ից, ու այդ առումով բախտը կարող է ժպտալ խելքը գլխին հստակ գիծ չունեցող Րաֆֆի Հովհաննիսյանին կամ միգուցե ի հայտ կգա բոլորովին նոր արեւմտամետ առաջնորդ: Իսկ ԲՀԿ-ի` ընդդիմադիր դաշտ անցնելու դեպքում միգուցե նախագահական ընտրությունների խաղի մեջ մտնի Ռոբերտ Քոչարյանը (որը, սակայն, այդ նույն ընդդիմադիր ընտրազանգվածի աչքի գրողն է) կամ էլ խաղի մեջ պիտի մտնեն Օսկանյանի տիպի գործիչները, որոնք այս ընտրությունների ընթացքում ցույց տվեցին սեփական ցածր արդյունավետությունը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

