ՙԳԱՐՈՒՆ Ա, ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ Ա ԳԱԼԻՍ
Արխիվ 12-16![]()
ԳԱՐՈՒՆ Ա, ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ Ա ԳԱԼԻՍ
Այսօր կկայանա ՀՀԿ-ի նախընտրական ամփոփիչ հանրահավաքը, որը, իհարկե, կուղեկցվի նաեւ երգիչ-երգչուհիների, հումորիստների ելույթներով: Իսկ մինչ այդ ամբողջ քարոզարշավի ընթացքում տարբեր բեմահարթակներից ելույթներ ունեցան հայտնի ու անհայտ երգիչ-երգչուհիներ, կայացած կամ կայանալ ցանկացող հումորիստներ: Չնայած, ճիշտն ասած, իրենց քաղաքական գործիչ հորջորջող որոշ հռետորների ելույթները կարելի է ներկայացնել որպես անհաջող կատարած երգ, պար կամ էլ հումոր: Եվ, բնական է, նրանց համերգային ծրագիր պետք էլ չէ. իրենք մի ամբողջ նվագախումբ ու երգչախումբ են, մի ամբողջ ՙԾիծաղի սենյակ՚: Իհարկե, նրանց հումորը, այսպես կոչված, սեւ հումոր է, որն իրականացվում է հիմնականում սեւ քարոզչությամբ:
Բայց քաղաքական գործիչներին թողնենք հանգիստ եւ խոսենք մշակութային գործիչների, ավելի ճիշտ` մշակույթի բնագավառի ներկայացուցիչների մասին, որոնց մի մասն այս ընտրարշավին մի լավ փող սարքեց: Մեզ, օրինակ, հերթական անգամ զարմացրեց երգահան Ռուբեն Հախվերդյանը, ով ընտրական հանձնաժողովների տեղերը ՀՀԿ-ին նվիրելու համար պատրաստ էր գնդակահարել ՙԺառանգությանը՚, բայց գնդակահարելու փոխարեն ելույթ ունեցավ նրանց համերգի ժամանակ: Իհարկե, ինչպես նշեց նրա կատարումները վաղուց չլսած մեր ընկերներից մեկը, դա դժվար էր երգ կամ երգի կատարում համարել:
Երկրորդը, ով ելույթ ունեցավ Ազատության հրապարակում ՙԺառանգության՚ հանրահավաքից հետո, Ռ. Հախվերդյանի հետ նկարահանվել էր նաեւ այդ կուսակցության հայտնի տեսահոլովակում: Խոսքը, ինչպես հասկացաք, Հարութ Փամբուկչյանի (Ձախ Հարութ) մասին է, ով Հայաստան է ժամանել Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերով, բայց, ըստ իրեն, չի եկել քարոզարշավին մասնակցելու, պարզապես եկել է իր ընկերոջը` Րաֆֆի Հովհաննիսյանին, աջակցելու. ՙԵս եւ Րաֆֆին պատանեկան ընկերներ ենք, ես նրան շատ լավ եմ ճանաչում եւ վստահ եմ, որ նա ազնիվ մղումներ ունի, ու ես եկել եմ նրան աջակցելու համար, ես քարոզարշավով չեմ զբաղվում՚: Հետաքրքիր է, իսկ աջակցելը քարոզարշավից ինչո±վ է տարբերվում: Ինչ վերաբերում է նրա կատարողականին, ապա այն, իհարկե, համեմատելի չէ առաջինը ելույթ ունեցողի կատարողականի հետ: Ի դեպ, Հարութ Փամբուկչյանը նշել էր, որ ընդամենը իր ճանապարհածախսն ու կեցության ծախսն են հոգացել:
Անցնենք առաջ, բայց ստիպված ենք` այս էլ որերորդ անգամ, հնչեցնել երգահան Ռ. Հախվերդյանի անունը: Բանն այն է, որ Ազատության հրապարակում կայացած ՀՅԴ հանրահավաք-համերգի ժամանակ նույնպես հնչեց նրա երգը, բայց այս անգամ` տեսագրությամբ:
Իսկ ընդհանրապես պետք է խոստովանել, որ ՀՅԴ համերգին հիմնականում հնչեցին ազգագրական, հայրենասիրական երգեր: Ընդ որում, ելույթ ունեցողների մի մասը պարզապես երգում ու լքում էր հարթակը` ծափահարությունների ներքո կամ առանց դրանց առկայության: Իսկ մյուս` ավելի մեծ մասը, կոչ էր անում մայիսի 6-ին քվեարկել ՀՅԴ-ի օգտին: Օրինակ, երգիչ Սահակ Սահակյանը որեւէ կոչ չարեց, իսկ Ներսիկ Իսպիրյանը, ով ամենաբուռն ընդունելությանն արժանացավ, քարոզում էր ձայնը տալ ՙԱզատությանը, արդարությանը եւ Դաշնակցությանը՚: Երգչուհի Ալլա Նավասարդյանը նույնպես նման քարոզով սկսեց ու ավարտեց իր կատարումները: Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը պարզապես կատարեց Աշուղ Միջազի ՙՔեռի՚ երգը: Երգչուհի Լայանան նույնպես պարզապես երկու երգ կատարեց ու սուսուփուս հեռացավ: Գրեթե նույն կերպ վարվեցին դուետով հանդես եկած երգիչներ Աղասի Իսպիրյանն ու Ռուբեն Սասունցին: Իսկ ահա Մկրտիչ Մկրտչյանը մասնավորապես ասաց. ՙԳնացե°ք եւ ձեր խիղճը մաքրեք... եւ ընտրեք ՙԱզատություն, արդարություն եւ Դաշնակցություն՚՚:
Վերջում ելույթ ունեցավ ՙԷմփիռեյ՚ ռոք խումբը, որի մենակատար Սարգիս Մանուկյանը մասնավորապես իր գոհունակությունը հայտնեց այն առիթով, որ Հայաստանի ամենահին կուսակցությունն ընտրել է ժամանակակից երաժշտություն: Ի դեպ, ՙԷմփիռեյ՚-ի ելույթը գրեթե լսելի չէր, քանի որ հենց այդ պահին տրվեց դաշնակցական ճոխ հրավառությունը, եւ այրված թղթի կտորներ հայտնվեցին շատերի մազառատ ու անմազ գլուխներին: Գարուն ա, ընտրություն ա գալիս...
Պատրաստեց Ռ, ԹԱԹՈՅԱՆԸ

