ՙՙՆՈՐ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՑԱՆՑՈՎ ՕՐԱԿԱՆ ԳԻԾ ԴՈՒՐՍ ԿԳԱ ՄՈՏ 1250 ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍ
Արխիվ 12-16![]()
Տրանսպորտային խնդիրները միշտ էլ շարքային երեւանցու ուշադրության կենտրոնում են եղել: Իսկ որ այդ բնագավառում լուրջ խնդիրներ, անելիքներ կան, ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ: Ուստի բոլորովին էլ պատահական չէր մեր զրույցը քաղաքապետարանի աշխատակազմի Տրանսպորտի վարչության պետ ՀԵՆՐԻԿ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ հետ:
-Քաղաքային տրանսպորտի նոր հիմնադրույթ մշակվեց երթուղիների հետ կապված: Գործո±ւմ է արդյոք այդ հիմնադրույթը, թե± ոչ, եւ ի±նչ թերություններ են նկատվում:
- 2011թ. հանձնարարվեց տրանսպորտի զարգացման հայեցակարգ մշակել Երեւանի քաղաքապետարանի համար, որն իր մեջ ընդգրկում էր մի քանի հիմնական ճյուղեր, որը պետք է հանգեցներ սպասարկման արդյունավետության բարձրացմանը, քաղաքի փողոցները տրանսպորտից բեռնաթափելուն, եւ որոշակի խնդիրներ առաջացան քաղաքում տրանսպորտի նորմալ սպասարկման համար, փողոցներում տեխնիկական միջոցներով կանգառի գոտիներ առաջացան եւ տեսախցիկներով վերահսկման աշխատանքներ կատարելու հետ կապված: Այդ հայեցակարգի հիման վրա, հաշվի առնելով առաջին հանգամանքը, որ պետք է քաղաքը բեռնաթափել տրանսպորտային միջոցներից, երկու տարբեր մեթոդ ընտրվեց: Մեկը` որ մերձքաղաքային տրանսպորտը քաղաքի կենտրոնական փողոցներ մուտք չգործի, այլ մուտք անի մերձքաղաքից մինչեւ քաղաքի մուտքի մոտ եղած ավտոկայան կամ կայանատեղի: Որից հետո քաղաքային տրանսպորտն ուղեւորին կտեղափոխի քաղաքի տարբեր հատվածներ: Դրանով մենք բացառեցինք մերձքաղաքային տրանսպորտի մուտքը քաղաքի կենտրոնական փողոցներ: Հաջորդ բեռնաթափման խնդիրը քաղաքային տրանսպորտի համար նոր ճանապարհային կառույցներ ստեղծելն էր, որը հնարավորություն կտա որոշակի չափով փողոցները նույնպես բեռնաթափել:
Այդ աշխատանքը այսօր էլ շարունակվում է, եւ նախատեսվում է երեք հիմնական փողոցների պատրաստում, որը հնարավորություն կտա քաղաքի հարակից փողոցները տրանսպորտից բեռնաթափելուն: Մեկը` դա Քանաքեռ-Զեյթուն տարածքում ՙԱլմաստ՚ գործարանի մոտից մինչեւ ուսանողական հանրակացարաններ եղած հատվածն է, մյուս ճանապարհը նախատեսում է Իսակովի պողոտայից դեպի Լենինգրադյան պողոտա նոր փողոցի ստեղծումը, որը կբեռնաթափի դեպի Մաշտոցի պողոտա եկող եւ դեպի Աթենքի ու Ծիծեռնակաբերդի խճուղիները: Քանաքեռը եւ Ավանը իրար հարակից լինելով` ոչ մի տրանսպորտային կապ չունեին: Այս տարվա վիճակով` Քանաքեռ փողոցից սկսած Ծարավ աղբյուրի փողոցը, անմիջապես երկաթգծի վրայով անցում ունենալով, հնարավորություն ունի միանգամից կապվել Ավանի հետ:
Քաղաքի բեռնաթափման խնդիրը ոչ միայն ճանապարհների լուծմամբ կարելի էր կատարել, այլեւ այսօրվա գործող երկաթուղային ցանցում մեքենաների պակասեցման միջոցով: Դրա համար մշակվեց Երեւան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղեւորափոխադրումների նոր երթուղային ցանց: Արդյունքում մենք կարողացանք միկրոավտոբուսային երթուղիների թիվը կրճատել եւ հասցնել 76 երթուղու, իսկ ավտոբուսների երթուղիների թիվը հասցվեց մինչեւ 68 երթուղու: Այսինքն` մենք աշխատեցինք միկրոավտոբուսների երթուղիների թիվը պակասեցնելով` նվազեցնել միկրոավտոբուսների քանակը, եւ 2005թ. 3320 միկրոավտոբուսի փոխարեն` այժմ 1535 միկրոավտոբուս է: Եթե ներկայումս օրական երթուղի է դուրս գալիս մոտ 2000 միկրոավտոբուս, նոր երթուղային ցանցը գործելուց հետո ամեն օր դուրս կգա մոտավորապես 1250 միկրոավտոբուս, իսկ ավտոբուսների թիվը կշատանա` օրական մոտավորապես 730 ավտոբուս պետք է երթուղի դուրս գա մրցութային ժամանակաշրջանը ամբողջությամբ ավարտելուց հետո:
- Ինչպե±ս են անցկացվում երթուղայինների մրցույթները:
- Երթուղիների մրցույթներն ընթանում են ըստ սահմանված, կառավարության կողմից մշակված մրցութային կարգի: Մրցույթին կարող է ներկայանալ ցանկացած քաղաքացի, ով ունի համապատասխան լիցենզիա, որն իրավունք է տալիս իրեն տրանսպորտային միջոցներով սպասարկում կազմակերպել, եւ ունի համապատասխան մակնիշի մեքենաներ, որ անհրաժեշտ է մրցույթին ներկայացնելու համար: Մրցույթի ընթացքում համապատասխան հանձնաժողովը կգնահատի տրանսպորտային միջոցների վիճակը տարբեր չափորոշիչներով, եւ արդյունքում` հաղթողներ կճանաչվեն, որոնց էլ հնարավորություն կընձեռվի սպասարկել տվյալ երթուղայինները: Միկրոավտոբուսների համար մրցույթ անցնողները հնարավորություն կունենան 3-4 տարով շահելու, իսկ ավտոբուսների համար, եթե ամբողջությամբ նոր ավտոբուսներ են, իրավունք ունեն շահելու մինչեւ 10 տարի: Համեմատաբար օգտագործված ավտոբուսները հնարավորություն կունենան 4-8 տարի ժամկետով շահագործելու` կախված իրենց տեխնիկական վիճակից եւ հավաքած միավորներից:
- Առհասարակ երթուղիները մինչեւ ժամը քանի±սն են աշխատում: Ովքե±ր են այդ ժամանակները որոշում, այսպես ասած` գծի տերե±րը, թե± հատուկ մարմին կա:
- Երթուղիները պետք է սպասարկվեն մինչեւ ժամը 23:00-ն: Գծի տերերը դա չեն որոշում, կա երթուղու համար չվացուցակ, որը հաստատված է Երեւանտրանսի եւ քաղաքապետարանի կողմից: Երբեմն լինում են դեպքեր, երբ նորմալ չեն սպասարկում, մեր կողմից դրանք զգուշացվում են, փորձում ենք կարգավորել` մինչեւ նոր մրցույթների ամբողջությամբ կայացնելը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

