ԲՀԿ-ի վերնախավի մոտ կանգնած մեր աղբյուրները միանշանակ պնդում են, որ, չնայած այս բավականին ճոխ քարոզարշավին, կուսակցության վերին էշելոններում մի տեսակ վհատություն է տիրում: Դա պայմանավորված է արդեն գրեթե համոզմունքի վերածված այն սպասելիքներով, որ ԱԺ ընտրությունների համամասնական ընտրակարգով ԲՀԿ-ին ոչ միայն չի հաջողվի բազմիցս քարոզված մեծամասնությունը վերցնելու մասին խոստումները կատարել, այլ որ հազիվ թե 20-22 տոկոսանոց շեմից այն կողմ անցնեն, իսկ մեծամասնականում լավագույն հույսերը` 5-6 պատգամավորական մանդատն է: Եվ արդյունքում ստացվում է, առավելագույնը 24-25 պատգամավորական մանդատ: Իսկ օսկանյանական այն ծրագիրը, թե այդ դեպքում կարելի է փողոց դուրս գալ ու Հայաստանը Լիբիայի վերածել, ըստ մեր աղբյուրների, ոչ մի պարագայում ԲՀԿ-ի սրտով չի լինելու, քանի որ ստացել են Ռուսաստանից եկած կոնկրետ մեսիջներ, որ նույնիսկ այդ մասին մտածելը կարող է, ի թիվս այդ վնասների, նաեւ բիզնեսի տեսանկյունից կործանարար ազդեցություն ունենալ որոշակի ԲՀԿ-ականների համար:
Եվ եթե նույնիսկ Օսկանյանը որոշում ընդուներ գնալ այդ քայլին, ապա այդ մեսիջները, ինչպես որ պնդում են հիշատակած աղբյուրները, պահանջում են վերջինիս տեղում վտարել կուսակցությունից: Արդյունքում թեեւ Քոչարյանը փորձեց հրապարակային օժանդակություն ցուցաբերել ԲՀԿ-ին, սակայն այս իրավիճակում վհատվելուց զատ կուսակցության վերնախավն արդեն իսկ մտածում է, թե հետընտրական ինչ հարաբերություններ պետք է ձեւավորվի ՀՀԿ-ի հետ: Այս պահին գերադասում է վերստին կոալիցիա ստեղծելու ու հաշտ-համերաշխ դեպի նախագահական ընտրություններ գնալու տարբերակը: