ՙՙՊԱՏԻՎՆ ՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ Է՚
Արխիվ 12-16![]()
ՙՊԱՏԻՎՆ ՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ Է՚
Ավարտին մոտեցավ նախընտրական քարոզարշավը, եւ երկու օր անց ընտրողները պետք է կատարեն իրենց քվեարկությունը` ձայն տալով թե մեծամասնական, թե համամասնական ընտրակարգով առաջադրված կուսակցություններին ու թեկնածուներին: Այսօր ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում թիվ 10 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, տնտեսական գիտությունների թեկնածու ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆԻ հետ մեր հարցազրույցը:-Պարոն Նուշիկյան, ավարտին մոտեցավ ընտրարշավը, ի±նչ գնահատական կարող եք տալ, եթե ամփոփելու լինեք այս մեկամսյա քարոզարշավը:
- Նշեմ, որ առաջին անգամ լինելով մեծամասնական պատգամավորության թեկնածու, եթե համեմատելու լինենք նախորդ բոլոր ընտրությունների հետ, ապա ընդհանուր առմամբ ընտրարշավը անհամեմատ ավելի լավ ընթացք ունեցավ` առ այսօր: Հետեւելով ԶԼՄ-ներին, կարող եմ ասել, որ արտառոց միջադեպեր տեղի չեն ունեցել այս ընթացքում, եւ կարծում եմ, որ ժամանակն է ավելի քաղաքակիրթ ապրելակերպ որդեգրելուն, որին ես, համենայնդեպս, ձգտում եմ եւ կողմ եմ:
- Դուք բազմաթիվ հանդիպումներ եք ունեցել Ձեր ընտրողների հետ, կարո±ղ եք ասել, թե ի±նչ ակնհայտ փոփոխություն եք նկատում այսօրվա ընտրողների մոտ:
- Շատ լավ հարց տվեցիք: Ակնհայտ տարբերությունը ես նկատում եմ մարդկանց դեմքի արտահայտությունից, աչքերի փայլից, եւ նախկին տարիների թախիծն ու անվստահությունը կարծես այլեւս չկա: Բացի այդ, փոխվել է ընդհանուր մոտեցումն ընտրությունների նկատմամբ: Մարդիկ ավելի պատրաստակամ են ընտրություններին մասնակցելու, եւ, որ ամենակարեւորն է, հավատում են դրան, քանի որ կոնկրետ այս ընտրապայքարն ընթանում է բավական հանգիստ եւ բարձր մակարդակով: Սրա վառ ապացույցն են իշխանության եւ ընդդիմության փոխհարաբերությունները, իսկ այսօրվա իշխանությունները բավական կոռեկտ եւ հավասարակշռված մոտեցում են ցուցաբերում: Մեզ մոտ սկսել է ձեւավորվել քաղաքացիական հասարակություն, եւ շատ մարդիկ արդեն տիրապետում են իրենց իրավունքներին եւ պարտականություններին, ինչը շատ ողջունելի է: Դրա վառ ապացույցն են Թռչկանի ջրվեժի եւ Մաշտոցի պուրակի հետ կապված իրադարձությունները, որոնք լուծում ստացան: Այսինքն` այսօր իշխանությունները լսում են բնակիչների պահանջները եւ փորձում արձագանքել: Պետք է նկատենք նաեւ, որ այսօր մեր հասարակությունը եւ, ինչո±ւ չէ, նաեւ մամուլը բավական ազատ են, ինչը չի նշանակում, որ այդ գործընթացը պետք է կանգ առնի, այլ այն պետք է ավելի խորացնել ու զարգացնել:
- Ըստ էության, Դուք առաջին անգամ եք փորձ կատարում գտնվել օրենսդիր դաշտում, արդեն կա±ն որոշակի հարցեր, որոնցով Դուք պլանավորել եք ընտրվելու դեպքում առաջնահերթ զբաղվել:
- Ինչպես գիտեք, Կենտրոն համայնքը գերհագեցած է թե° բնակչության թվաքանակով, եւ թե° բազմաթիվ խնդիրներով, ուստի համայնքի առաջնահերթ խնդիրները, ըստ իս, կառուցապատումների հարցերն են, եւ գնահատելով ընդհանուր իրավիճակը, իմ խորին համոզմամբ, պետք է ինչ-որ ժամանակով դադար վերցնենք: Կենտրոն տարածքի բնակիչների կողմից շատ դժգոհություններ կան հատկապես քաղաքի կենտրոնական հատվածների խցանումներից, ավտոկայանատեղիներից, որոշակի առումով` բակերի կարգավորման, շենքերի տանիքների, մուտքերի եւ այլ շատ խնդիրներ կան: Բացի այդ, բազմաթիվ սոցիալական հարցեր կան, որոնք հիմնականում ուղղորդված են ՏԻՄ-երին, համատիրություններին, որոնց հետ աշխատելու համար որոշակի փոփոխություններ պետք է մտցնել կառավարման համակարգում: Իմ շեշտադրումները հիմնականում լինելու են տնտեսությանը վերաբերող բոլոր տեսակի հարցերին, քանի որ տնտեսությունից է սկսվում ամեն ինչը, եւ եթե մի որեւէ երկրում տնտեսությունը կայացած չէ, ապա բոլոր հարցերը գտնվում են հենց այդ մակարդակի վրա: Այս առումով մենք առաջնահերթ խնդիր ունենք տնտեսությունը զարգացնելու, աշխատատեղեր ստեղծելու, որի առկայության պայմաններում հնարավոր կլինի ապահովել երկրի գիտական եւ կրթական համակարգի կայուն զարգացումը: Երկար տարիներ աշխատելով գործարար ոլորտում եւ կանգնած լինելով այդ ոլորտի կայացման ակունքներում` քաջատեղյակ եմ տնտեսվարման առկա հիմնախնդիրներին եւ ունեմ դրանց լուծման վերաբերյալ իմ պատկերացումները: Բացի այդ, մենք ունենք եւս մի կարեւոր հարց, որը վերաբերում է մեր մեծահասակներին: Ցանկացած երկրի մասին պատկերացում կազմելու համար հետաքրքրվում են, թե ինչ մակարդակի վրա են գտնվում տարեցներին վերաբերող հարցերը, բայց, ցավոք, մենք այդ առումով հպարտանալու տեղ չունենք, եւ այստեղ եւս պետք է զգալի աշխատանքներ տարվեն:
- Ո±րն է Ձեր ծրագրային դրույթների մեխը, որի համար թիվ 10 ընտրատարածքի ընտրողը պետք է Ձեզ ձայն տա:
- Ինչպես արդեն նշեցի, իմ ծրագրային դրույթների մեծ մասը նվիրված են տնտեսությանը, գործարարությանը, աշխատատեղերի ստեղծմանը, սոցիալական ու կրթական հարցերին, եւ այլն: Իսկ ընդհանուր առմամբ, բացի ծրագրային դրույթներից, ընտրողները գնահատում են նաեւ թեկնածուի ներկան եւ անցյալը, անցած ուղին, որից հետո նոր ծանոթանում են, թե ինչ ծրագրեր ունի ապագա պատգամավորը, եւ այս ամենի հանրագումարից հետո կայացնում են իրենց որոշումը, թե ում տալ ձայնը: Իմ կարգախոսն է` ՙՁեր վստահությունը պատիվ է՚, որով, կարծում եմ, շատ բան է ասվում: Երբ մարդն ունի պատիվ, արժանապատվություն, դա ամենաթանկ ձեռքբերումն է իր համար: Արդեն 51 տարեկան եմ եւ իմ կեսդարյա կենսագրության մեջ բարձր եմ պահել մարդկային ամենակարեւոր հատկանիշները: Ընտրողների հետ հանդիպումների ժամանակ բավական ազնիվ եւ անկեղծ եմ եղել եւ, բնականաբար, շարունակելու եմ այդ ոգով, քանի որ դա իմ կյանքի սկզբունքներից է: Հանդիպումների ժամանակ երբեք այնպիսի բաներ չեմ խոստանում, որը պոպուլիզմի ոլորտից է, այլ պարզապես խոստանում եմ, որ կլինեմ իրենց հետ, կաշխատեմ թեթեւացնել իրենց հոգսերը` իմ պատգամավորական մանդատի հնարավորությունների սահմաններում:
- Պարոն Նուշիկյան, ընտրողների մոտ հիմնական հիասթափությունը առաջանում է այն ժամանակ, երբ տվյալ թեկնածուն ընտրվում է եւ իրեն մոռացության տալիս այն աստիճանի, որ մարդիկ նույնիսկ նրա դեմքը չեն հիշում: Եթե Դուք ընտրվեք, կլինե±ք արդյոք հասանելի Ձեր ընտրողներին, եւ ինչպե±ս:
- Միանգամից ասեմ, որ լինելու է գրասենյակ, որտեղ հանդիպումներ կունենամ իմ ընտրողների հետ եւ կլսեմ նրանց: Այս ընտրարշավի ընթացքում հանդիպել եմ 10 հազարից ավելի ընտրողների հետ, լսել նրանց, անգամ տներ այցելել, նայել նրանց աչքերին, որը արդեն մեծ պատասխանատվություն է ինձ համար, որի չափը ես գիտակցում եմ եւ պատրաստվում եմ շարունակել նույն կերպ աշխատել ու հանդիպումներ ունենալ հետագայում, եթե ընտրվեմ: Իսկ գրասենյակի վայրի մասին լրացուցիչ կհայտնենք:
Զրուցեց ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸՙ

