ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՊԵՏՔ ԵՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՈՉ ԹԵ ՑՆՑՈՒՄՆԵՐ ՈՒ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16![]()
ԵՎ ՈՉ ԹԵ ՑՆՑՈՒՄՆԵՐ ՈՒ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
Եվ այսպես, ավարտվում է նախընտրական քարոզչության փուլը ու կարելի է որոշ եզրահանգումների գալ: Նախ` նշենք, որ այսպիսի լայն ու հավասար հնարավորություններ` անկաշկանդ եւ ազատ կերպով նախընտրական քարոզ անցկացնելու համար չի եղել ոչ մի ընտրությունների պարագայում: Որպես քաղաքական գործիչ, ով վերջին 22 տարիների ընթացքում եղել է ընդդիմության մեջ, ասել եմ եւ մեկ անգամ եւս կարող եմ պնդել, որ սկսած 1990թ.-ից մինչ այսօր ընդդիմությունը կարող էր երազել այդպիսի ազատության ու հնարավորությունների մասին:
Ի վերջո, այդ ազատության արդյունքում է, որ նախընտրական շրջանը, ինչքան էլ փորձում էին այն լարել ՀՀՇ-ականները ու նրանց դուդուկի տակ պարողները անցավ առանց ծայրահեղ լարվածության, բեւեռացման ու հակադրվածության, ինչպես դա լինում էր նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ: Երկրի նախագահի կոչը փոխադարձ հանդուրժողականության վերաբերյալ` եւ սեփական օրինակով հանդուրժողականության դրսեւորումը, եւ ազգային միասնության ձգտումը, միանշանակորեն ՙզինաթափեցին՚ բոլոր այն ուժերին, ովքեր ձգտում էին հերթական անգամ ընտրությունները վերածել ՙնոր հեղափոխությունների՚, ՙնոր Սարդարապատների՚ եւ այլն:
Ամբողջ նախընտրական շրջանում հակապետական ուժերը տենդագին փորձում էին պեղել գոնե մի փաստ ընտրախախտումների վերաբերյալ: Սակայն այդպես էլ չհասան իրենց երազանքին: Վստահ եմ, որ հենց նույն օրինականության ու ազատության ոճով է անցնելու քվեարկությունը ու արդյունքների հաշվարկը: Ու, թեեւ, հակապետական ուժերը, որոնք ջախջախիչ պարտություն են կրելու մայիսի 6-ին, կփորձեն հաջորդ օրերին եւս մեկ անգամ կազմակերպել նոր ՙՄարտի մեկեր՚, վնգստալով, թե իբր ընտրությունների արդյունքները կեղծված են, այնուամենայնիվ, սրանց այլեւս ոչ ոք չի հավատում, քանի որ մարդիկ հիշում են, թե ինչպես ՀՀՇ-ականները 2008թ.-ի մարտի 1-ին որոշ տաքարյուն մարդկանց սադրեցին ապօրինի գործողությունների, դրդեցին զանգվածային հանցագործության, իսկ իրենք պախկվեցին նրանց թիկունքներում: Որից հետո ՙվայելեցին՚ իրենց սադրանքի քաղաքական հետեւանքներն ու դիվիդենտները: Հուսով եմ նաեւ, որ մեր հայրենակիցները կուշտ են բոլոր տեսակի գունավոր ցնցումներից, ՙհեղափոխություններից՚, արկածախնդրություններից եւ տարբեր տեսակի անկայուն վիճակներից: Եվ սթափ կգնահատեն, թե այս դժվարին աշխարհաքաղաքական պայմաններում եւ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հարվածների ներքո, Հայաստանի նախագահին ինչ ջանքերի գնով հաջողվեց պահպանել երկրի կայուն վիճակը եւ քայլ առ քայլ կատարել բարեփոխումները: Իհարկե, շատ են նաեւ բացթողումները, դեռ կատարելիք գործերը: Սակայն ակնհայտ է նաեւ երկրի նախագահի եւ իր քաղաքական թիմի ձգտումը` կատարել դրական բարեփոխումներ: Եվ մեր հասարակությունը պետք է որոշում կայացնի, թե արդյո±ք պատրաստ է աջակցել երկրի նախագահին` երկրում կայունություն ու զարգացում ապահովելու գործում: Համոզված եմ, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը կմերժի ավանտյուրան, խարդախությունը, բեւեռացումը, որոնց մասին ղժղժում են նրանք, ովքեր իրենց կառավարման օրերին երկիրը հասցրել էին կործանման, իսկ այսօր ձգտում են ռեւանշի եւ կատարում են օտար ու թշնամական ուժերի հակահայկական պատվերները:
ԻՆՉՈՒ ԿՈՐԾԱՆՎԵՑ ՀԱԿ-Ը
Թեեւ, Լեւոն Տեր-Պետրոսյանի ու ՀԱԿ-ի ուժերը նվազում էին վերջին 4 տարիների ընթացքում, այնուամենայնիվ, ՀԱԿ-ի վերջնական կործանումը դարձավ սրընթաց հենց նախընտրական շրջանում: Ինչո±ւ: Նախ` հիշենք, որ 2008թ.-ին ԼՏՊ-ին քվեարկող մեր հայրենակիցներն ավելի շատ գործում էին ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, քանի որ ենթադրում էին, որ Սերժ Սարգսյանը շարունակելու է Քոչարյանի հակաժողովրդական եւ բռնապետական քաղաքականությունը: Սակայն ՀՀ ներկայիս նախագահի վերջին 4 տարիների քաղաքականությունը ու աշխատանքը ՀՀ նախագահի պաշտոնում ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանը երկրում զարգացնում է ժողովրդավարություն, ընդլայնում է ազատությունները, պայքարում է օրինականության համար ու օլիգարխիայի դեմ: Անհրաժեշտ է նշել նաեւ, որ էապես սահմանափակվել են չինովնիկության կոռուպցիոն ռիսկեր պարունակող հնարավորությունները: Իսկ արտաքին քաղաքականության մեջ երկրի նախագահը ձգտում է ազգային խնդիրների արժանապատիվ լուծմանը, Հայաստանի ու Արցախի անվտանգության երաշխավորմանը: Այսպիսով, 2008թ.-ի մարտի եւ 2012թ.-ի մայիսի միջեւ կա հսկայական տարբերություն: Եվ այդ պայմաններում Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի նախընտրական ցուցակի տեսքով ի ցույց դրեց իր ամբողջ քաղաքական թշվառ եւ խայտաբղետ թիմը, որը կազմված է ՙքյառթու՚ կաշառակերներից, պատեհապաշտներից, թալանչիներից, գողերից ու ավազակներից: Բացի այդ, Տեր-Պետրոսյանը ոչ միայն ներողություն չխնդրեց ժողովրդից իր կառավարման տարիների ընթացքում մարդկանց գլխին բերած անասելի դժբախտությունների համար, այլեւ շարունակեց անամոթաբար պնդել իր` 90-ականների սկզբի ապազգային գաղափարները, այդ թվում` Արցախը Ադրբեջանին հանձնելու եւ Հայոց ցեղասպանությունն ուրանալու վերաբերյալ: Ինչպեսեւ 90-ականներին, նա հրաժարվեց որեւէ նախընտրական ծրագիր պաշտոնապես ներկայացնելուց: Ավելին, երեւանցիները հիասթափվեցին ՀԱԿ-ից այն ժամանակ, երբ լեւոնականները ստանալով բավականին մեծ քվեներ Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում` հրաժարվեցին այդ մարմնում որեւէ աշխատանք տանելուց: Այս անգամ նրանք նույնպես արդեն իսկ հայտարարել են, որ, ամենայն հավանականությամբ, չեն մասնակցելու Ազգային ժողովի աշխատանքներին: Բնական հարց է ծագում ընտրողների մոտ. ի±նչ իմաստ ունի ձայն տալ մի ուժի, որի նպատակն է` ոչ թե ներկայացնել ընտրողների խնդիրներն այս կամ այն մարմնում, այլ հագուրդ տալ ամբողջ իշխանությունը վերցնելու սեփական եսակենտրոն նկրտումներին: Ահա սրանք են այն հիմնական պատճառները, գումարած` արտասահմանյան ֆինանսավորման նվազումը, որոնք հանգեցրեցին նախընտրական մրցավազքի եզրափակչում ՀԱԿ-ի համար այնպիսի կատաստրոֆիկ վիճակի, որ հանդիպումներին մի քանի տասնյակ մարդիկ էլ չէին հավաքվում, իսկ Լեւոնը, հոխորտալով ժողովրդի հասցեին, հրաժարվեց շարունակել նախընտրական հանդիպումները մարզերում:
ՕՍԿԱՆՅԱՆԸ ԲՀԿ-Ի ԴԵՄ
Որպես նախընտրական քարոզչության շրջանի եւս մեկ հետաքրքիր ամփոփում, կարելի է դիտարկել ՀԱԿ-ի շուրջ ձեւավորված գոյակցությունը, որը ստացավ ՙհակապետական շտաբ՚ անվանումը: Այդ շտաբին ի սկզբանե հավաքագրվեցին նախընտրական մրցավազքի 9 մասնակիցներից միայն 4-ը: Այնուհետեւ շտաբից` ինչպես խորտակվող նավից, հեռացավ ՙԺառանգությունը՚, ԲՀԿ-ն այդպես էլ ամբողջ թափով չներգրավվեց ընդդիմադիր խաղերի մեջ, իսկ ՀՅԴ-ն տեսնելով, որ ՙշտաբում մարդ չմնաց՚, նույնպես որոշեց այդքան էլ դոշ չտալ: Սակայն ՀՀՇ-ական խաղեր խաղալու ընթացքում Դաշնակցությունը հերթական անգամ ցույց տվեց իր բացարձակ անսկզբունքայնությունը: Դաշնակցության ղեկավարությունը ոչ միայն բռնեց ժամանակին իրենց կուսակցությանը հալածած բռնապետ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռքը, այլեւ ներգրավվեց այնպիսի քաղաքական ուժի ծրագրերի մեջ, որը բացահայտ քարոզում է Դաշնակցության հռչակած նպատակներին հակառակ տեսակետներ: Բացի այդ, ԲՀԿ-ի կես ընդդիմադիր դառնալը աշխատեց հենց ՀԱԿ-ի ու, ինչ-որ չափով, ՙԺառանգության՚ դեմ, քանի որ Հանրապետական կուսակցությունը այնպիսի նախընտրական ոճով անցկացրեց քարոզարշավը, որ ոչ միայն չձեւավորվեց հակաիշխանական մեծ ու ագրեսիվ շերտ, այլ նաեւ մինչ այդ գոյություն ունեցող նման տրամադրությունները ակնհայտորեն մեղմացվեցին, իսկ դրանց կրողների շրջանակները սահմանափակվեցին:
ԲՀԿ-ի կիսաընդդիմադիր նախընտրական նոր կեցվածքը ինչ-որ տեղ աշխատեց հենց իր` ԲՀԿ-ի դեմ, քանի որ ՀԱԿ-ի նման վարկաբեկված ուժի հետ ընկերություն անելը, ավելին` Լեւոնի դեռ ամիսներ առաջ հնչեցրած ծրագրերին մասնակցելը որեւէ դրական արդյունք տալ չէր կարող: Բացի այդ, դեռ 2008-ի ընտրություններից Արթուր Բաղդասարյանի ղեկավարած ՕԵԿ-ի օրինակով հայտնի է, որ ընտրողների շրջանում վատ են ընկալվում խիստ ընդդիմությունից դեպի իշխանություն կամ հակառակ ուղղությամբ կտրուկ տեղաշարժերը: ԲՀԿ-ի այդ տեղաշարժի մեջ հասարակությունը տեսավ Քոչարյանի ազդեցությունը, եւ, ինչքան էլ ՀԱԿ-ը փորձում էր համոզել, որ Քոչարյանը կապ չունի ԲՀԿ-ի ընդդիմադիր քայլերի հետ, այնուամենայնիվ, այդ բացասական նստվածքը մնաց:
Եվ, վերջապես, ինչպես ԲՀԿ-ի շարքերը, այնպես էլ նրա ընտրազանգվածն ընկալում է այդ կուսակցությանը` որպես իշխանության համակարգի մեջ ներթափանցելու այլընտրանքային ճանապարհ, երկրորդ սոցիալական վերելակ` դեպի իշխանության բարձր հարկերը: Այդ տրամադրություններ ունեցողները բնավ պատրաստ չէին նստել այն վերելակը, որը տանում է դեպի թունդ ընդդիմության ճամբար: Իհարկե, բացասական դեր խաղացին նաեւ որոշ երկրորդական դիպվածներ, ինչպիսիք են` տրակտորները, զենքի լինել-չլինելը, եւ այլն: Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ ընտրություններից հետո ԲՀԿ-ն կհայտնվի ընդդիմության ճամբարում: Ավելի շուտ նա կմնա կոալիցիայի մեջ, սակայն, կախված ընտրությունների արդյունքներից` կա°մ նույն, կա°մ գուցե նոր պայմաններով:
Բոլոր դեպքերում, անկախ նախընտրական շրջանի տարուբերումներից, մեր երկրի ու ժողովրդի ապագայի համար անհրաժեշտ է մայիսի 6-ի քվեարկությունը եւ դրան հետեւող ետընտրական շրջանն անցկացնել կազմակերպված, օրենքի տառին համապատասխան, բացառելով այնպիսի գործողություններ, որոնք կարող են բերել հասարակության երկփեղկվածությանը, բեւեռացմանը, սպի թողնել ազգային հոգեբանությունում կամ ստվեր գցել մեր պետության միջազգային հեղինակության վրա: Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության եւ ոչ մի ազնիվ քաղաքացուն այդպիսի բացասական երեւույթներ ընդհանրապես պետք չեն: Մեր քաղաքացիները ձգտում են խաղաղության, բարեկեցության, օրինականության ու քայլ առ քայլ զարգացման: Իսկ այդպիսի հզոր ու զարգացող Հայաստան մեր ժողովուրդը ի վիճակի է ստեղծել նախընտրական պայքարին մասնակցող ուժերից միայն ՀՀ նախագահի շուրջ ձեւավորված ազգային ժողովրդական ճակատի` ի դեմս Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակի հետ միասին: Հավատանք, որ փոխենք:
ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
ՍԻՄ կուսակցության նախագահ
Հ.Գ. - Ցավում եմ, որ ո°չ Վ. Օսկանյանը, ո°չ էլ ՀԱԿ-ի անդամ կուսակցությունները եւ ո°չ մի ղեկավար չարձագանքեցին իմ հրավերին` մասնակցել ուղիղ եթերում նախընտրական բանավեճի:

