ԵՐԿՐԱՇԱՐԺ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Արխիվ 12-16![]()
1952 թ. հիմնադրված ՀՀ բնության պետական թանգարանը, որը տարիներ շարունակ բնապահպանական թեմաներով բազմիցս հետաքրքիր եւ ուսանելի ցուցահանդեսներ, հեռուստախաղեր, մրցույթներ է կազմակերպել, այսօր ունի մի կարեւոր խնդիր:
Թանգարանի վերին հարկում գործում է արվեստի դպրոց, եւ, ինչպես mardik.am-ի հետ զրույցում ասել է թանգարանի տնօրեն ԳԱՅԱՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ. ՙԵրբ խումբը` մոտ 30 հոգի, սկսում է պարել, թանգարանն ուղղակի ցնցվում է: Թվում է` երկրաշարժ է՚:
Իհարկե, պարելը լավ բան է, եւ վերջերս էլ նշվեց Պարի համաշխարհային օրը, բայց լավ կլինի, որ պարեն այնտեղ, որտեղ գոնե հատակն ամուր է: Թե չէ` երկրաշարժ տեսած մարդ ենք...
Տնօրենը դիմել է քաղաքապետին, ով մասնավորապես ասել է, որ մայրաքաղաքի տարածքները վերանայվում են, հաշվառվում են, եւ միգուցե այդ ընթացքում հարցը կլուծվի:
Սակայն դա թանգարանի միակ խնդիրը չէ. թանգարանում գտնվող ցուցանմուշների համար վնասակար է նաեւ թանգարանի վերահսկողության տակ չգտնվող խոնավ նկուղը, որի խոնավության պատճառով թանգարանի պատերը եւս խոնավացել են: Ընդհանրապես, տնօրենի կարծիքով, թանգարանն ունի ընդլայնման կարիք. ՙՄենք տարվա կտրվածքով կազմակերպում ենք ամենաքիչը 15 բնապահպանական միջոցառում, սակայն միջոցառումների համար անհրաժեշտ սրահ չունենք՚:
Թանգարանը տարեկան ունի 25.000 այցելու, սակայն թանգարանի աշխատակցի միջին աշխատավարձը 50-60 հազար դրամ է, որը շատ քիչ է այսօրվա պայմաններում: Ավելորդ չենք համարում հավելել, որ թանգարանը Երեւանում միակ եւ անվճար կենտրոնն է:
Իհարկե, թանգարանային թեման կարեւոր թեմա է, միտված է ապագային, սակայն երեւի ընթերցողը զարմացավ, որ չենք անդրադառնում այս օրերին նորաձեւ դարձած ընտրական թեմային:
ՙԵՍ ԸՍՏԵՂԱՑԻ ՉԵՄ՚
Որպեսզի շատ չզարմանաք, անդրադառնանք ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ` ընտրական թեմայով տված, այսպես կոչված, հարցազրույցին:
Երբ ՙՀրապարակի՚ լրագրողը նրան հարցրել է, թե կա±ն կուսակցություններ, որոնց հետ նա հույս է կապում, դուդուկահարը պատասխանել է. ՙԵս ոչ մեկի հետ չեմ կապում… չգիտեմ, այսինքն` այնքան գիտեմ, որ մինչեւ հիմա նորմալ ա, լավ ա, թե վատ ա` հիմա սրանից վատ չլինի՚:
Այսինքն. ՙԽաղաղությունը պաշտպանվի, սաղ իրար հետ լեզու գտնեն` մարդավարի, քաղաքավարի, ճիշտ…՚:
Երբ հետաքրքրվել են դուդուկահարի քաղաքական կողմնորոշմամբ, նա ասել է. ՙԵս ստեղ չէի, նոր եմ եկել, ընդամենը 10 օր է, որ եկել եմ, գաղափար էլ չունեմ, առողջությունս էլ էնքան լավ չի, դրա համար…՚: Նման պատասխանը մեզ հիշեցրեց մի հին անեկդոտ: Մի հարբած մարդ հանդիպում է մյուսին ու հարցնում. ՙԼսի°ր, եղբայ°ր, երկնքում փայլողը արե±ւն է, թե± լուսինը՚: Մյուսը պատասխանում է. ՙԸստեղացի չեմ, չգիտեմ՚:
Լրագրողը դուդուկահարին հիշեցրել է, որ նա նաեւ ընդգրկված էր ԲՀԿ-ի մշակույթի աջակցման խորհրդում, ապա հարցրել` հնարավոր է, որ Ձեր կողմնորոշումն ու ընտրությունը դեպի ԲՀԿ-ն լինի:
Եվ լսեք, թե ինչ է նա պատասխանել. ՙԵս չգիտեմ` ինչի± պիտի ԲՀԿ լինի, ԲՀԿ-ն ի±նչ ա, նախ` չգիտեմ…՚:
Մեկնաբանությունը թողնում ենք ընթերցողին:
Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

