19-ամյա ամերիկուհի Էնալայզ Հարներին մեղադրանք է ներկայացվել կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար: Այս դեպքը տեղի էր ունեցել Միացյալ Նահանգների Իլինոյս նահանգում: Հարբած Էնալայզը վիճել էր մոր հետ եւ կծել էր… շանը:
Մարդա-գազանային բղավոցներ լսելով, ՙհամերաշխ՚ եռյակի հարեւանները ահազանգել էին ոստիկանություն: Ժամանած ոստիկանները հայտնաբերել էին անգլիական բուլդոգին` մեջքին կծածի երեք հետքերով: Ազնվական շունը պարտքի տակ չէր մնացել եւ կծել էր իրեն կծող տիրուհուն: Կենդանու գործողությունները բնականաբար կվորակվեն որպես ՙհամաչափ ինքնապաշտպանություն՚, իսկ Էնալայզ Հարները մինչեւ դատական լսումները ազատության մեջ մնալու համար 3 հազար դոլար գրավ էր վճարել: Հասկանալի է, որ այդ գումարը վճարվել էր ընտանեկան բյուջեից: Միգուցե դրանով է պետք բացատրել այն հանգամանքը, որ իր դստրիկի ճանկռտոցից տուժած մայրը, ՙի տարբերություն՚ շան, չէր բողոքել երիտասարդ կնոջ գործողությունների առնչությամբ:
ՙԱՏԱՄՆԱԼՈՒԾՎԱԾ՚ ՍԻՐԵԿԱՆԸ
Լեհաստանում 45-ամյա Մարեկ Օլշեւսկին ատամնաբուժարանից դուրս էր եկել առանց ատամների: Նկատի ունենալով, որ ատամնաբույժը` անհոգ տղամարդու նախկին սիրուհին էր, ՙատամնալուծությունը՚ ՙդոնժուանի՚ համար ամենավատագույն տարբերակը չէր: Դավաճանությունից զայրացած եւ վիրավորված կինը չափից դուրս մեծ չափաբաժնով ցավազրկող էր ներարկել ՙկարոտյալ՚ իր զոհին, փակել դուռը ներսից եւ հանել նրա բոլոր ատամները: Մարեկի ուղեղը ՙվիրահատությունից՚ հետո եղածից ավել չէր պակասել. ՙԵս հասկացա, որ ինչ-որ բան այն չէ, որովհետեւ երբ արթնացա, զգացի, որ ատամներս չկան, իսկ ծնոտս կախված էր: Ես բժշկին չվստահելու խնդիր չունեի՚, խոստովանել էր Օլշեւսկին: Վրեժառուհու արարքը հասել էր նպատակակետին. ՙբերանից թույլ՚ դարձած տղամարդը կորցրել էր նաեւ նոր ընկերուհուն, քանի որ նա չէր ցանկացել անատամ ընկեր ունենալ: Համաձայնենք, որ այդքանից հետո, 3 տարվա ազատազրկման դատապարտվելու վտանգը շատ չի գցի խաբված ու լքված որեւէ կնոջ տրամադրությունը: