ՙՙՙՙՙՀԱՄԱՌ, ԼԱՎ ՄՐՑԱԽԱՂ ԷՐ՚
Արխիվ 12-16![]()
Շվեյցարական Ցյուրիխ քաղաքում ոչ-ոքի` 3:3 ավարտվեց Լեւոն Արոնյանի եւ Վլադիմիր Կրամնիկի ընկերական մրցախաղը: Մրցախաղի վերաբերյալ զրուցեցինք գրոսմայստեր, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏՅԱՆԻ հետ:
- Ի±նչ կարծիքի եք մրցախաղի վերաբերյալ:
- Ընդհանուր առմամբ մրցախաղն ինքը բավականին դժվար մրցախաղ էր երկու կողմի համար էլ: Պետք չէ մոռանալ, որ Կրամնիկը մրցախաղեր անցկացնելու շատ մեծ փորձ ունի ու սովորաբար մրցախաղերում շատ լավ է հանդես գալիս: Եվ, ինչ խոսք, նրա նախապատրաստված լինելը բոլոր մրցախաղերում մենք բազմիցս նկատել ենք: Կրամնիկը կարողանում է շատ լավ վերլուծել հակառակորդին, նրա հնարավորությունները ու դրանից ելնելով` ճիշտ որոշումներ կայացնել: Այնպես որ` նա դժվար հակառակորդ էր: Իսկ Լեւոն Արոնյանի համար դա, ես կարծում եմ, հնարավորություն էր, փորձի ձեռքբերում շատ ուժեղ շախմատիստի հետ մրցախաղ անցկացնելը: Եվ պետք է ընդգծել, որ մրցախաղը շատ հետաքրքիր, լարված անցավ: Իհարկե, առաջին հաղթանակը մեզ վստահություն ներշնչեց, որ Լեւոնը կհաղթի, բայց ընդհանուր մրցախաղը, կարծում եմ, հավասարների մրցախաղ էր: Մի խոսքով` համառ, լավ մրցախաղ էր, եւ երկու ուժեղ շախմատիստներ մրցամարտն ավարտեցին ոչ-ոքի:
- Մասնագետներից մեկի կարծիքը տպագրվել էր մամուլում, ըստ որի` մրցախաղը ոչ-ոքի էլ ավարտվելու էր, քանի որ երկու գրոսմայստերները լավ ընկերներ են, ու Ցյուրիխում էին նաեւ Լեւոնի մայրը, Կրամնիկի կինն ու երեխան: Ըստ Ձեզ, իսկապե±ս որոշված էր ոչ-ոքի ավարտել, թե± պարզապես հանգամանքներն այդպես դասավորվեցին:
- Ամեն դեպքում սա ընկերական հանդիպում էր, որի դեպքում, իհարկե, լարվածությունը ավելի փոքր կարող էր լիներ, քան թե պաշտոնական մրցախաղերում է լինում: Բայց ես կարծում եմ, որ երկու գրոսմայստերն էլ շատ լուրջ էին մոտեցել մրցախաղին, լավ նախապատրաստվել էին, եւ, քանի որ երկուսն էլ շատ հզոր են, հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի: Կարող է այնտեղ Լեւոնի մայրը լինի, Կրամնիկի` կինը, երեխան, բայց դա ոչինչ չի ասում այն մասին, որ վերաբերմունքը մրցախաղի նկատմամբ պիտի լիներ շատ ավելի ընկերական: Թեեւ հենց ընկերական հանդիպում էր, բայց դրա մեջ կար շատ ե°ւ մարզական շահագրգռվածություն, ե°ւ, ընդհանրապես, աշխարհին ներկայանալու խնդիր, այսինքն, թե ով ինչ դիրք է զբաղեցնում շախմատում:
- Մեր տղամարդկանց, կանանց հավաքականներն ի±նչ առաջիկա ծրագրեր ունեն: Եվ Արոնյանն ի±նչ մրցաշարերի է մասնակցելու:
- Կանանց հավաքականի անդամները հիմա հավաքներ են անցկացնելու Ծաղկաձորում, տղամարդիկ բոլորն ունեն անհատական իրենց նախապատրաստական փուլը, օրինակ, Գաբրիել Սարգսյանը ԱՄՆ-ում է, Վլադիմիր Հակոբյանն այստեղ է... Հիմնականում իրենք նախապատրաստվում են շախմատային օլիմպիական խաղերին, որը կայանալու է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Կանանցից, ինչպես գիտեք, Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը խաղալու են Ջերմուկի գրան-պրի մրցաշարում, որը շատ կարեւոր է, ու նրանք հիմիկվանից արդեն նախապատրաստվում են: Լեւոն Արոնյանն ունի իր ավանդական մրցաշարերը, բայց ամենակարեւորը, իհարկե, ամռանը Մոսկվայում կայանալիք Միխայիլ Տալլի մրցաշարն է, որը շատ լուրջ մրցաշար է:
Շախմատասերներին ասենք, որ երեկ ՖԻԴԵ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել էր հերթական վարկանիշային աղյուսակը մայիսի 1-ի դրությամբ:
Տղամարդկանց լավագույն հարյուրյակը շարունակում է գլխավորել Մագնուս Կառլսենը` 2835: Նախորդ ամսվա համեմատ Մագնուսին ընդհուպ մոտեցել է գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, ով այժմ զբաղեցնում է վարկանիշի երկրորդ հորիզոնականը` 2825: 3-րդ տեղում է Վլադիմիր Կրամնիկը (2801), իսկ Վիշվանաթան Անանդը (2791) զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:
Ներկայացնենք նաեւ հայ շախմատիստների ցուցանիշները թոփ-100-ում` Սերգեյ Մովսեսյան (2698)` 47-րդ տեղ, Վլադիմիր Հակոբյան (2697)` 49, Գաբրիել Սարգսյան (2679)` 71, Տիգրան Լ. Պետրոսյան (2657)` 94:
Կանանց թոփ-100-ում հայտնվել են 2 հայ շախմատիստուհիներ. Էլինա Դանիելյանը (2484) 20-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2449)` 37-րդը:
Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

