ՙՙՙՕՍԿԱՆՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՈՉ ԴՐԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԷԼ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ՚
Արխիվ 12-16![]()
Հաշված օրեր են մնացել ընտրություններին, իսկ իրադարձությունները փոփոխվում են ամեն օր, որի մասին զրուցեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ, ՀՀԿ փոխնախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:
-Հաշված օրեր են մնացել ընտրություններին, ինչպես է ընթանում քարոզարշավը եւ ի±նչ գնահատական կարող եք տալ մյուս քաղաքական ուժերի քարոզարշավներին:
- Քարոզարշավի ողջ ընթացքը գնահատում եմ դրական, այն առումով, որ բոլոր քաղաքական ուժերը բավականին լուրջ եւ մեծ հնարավորությամբ կարողացան գտնվել ժողովրդի մեջ: Ես կարծում եմ, որ սա հենց այն նախահիմքն է, որ ընտրությունների օրը բավական դրական հիմք կունենա եւ համոզված եմ, որ լավ ընտրությունների համար նախօրոք հայտարարված բանաձեւը իրականություն է դառնում:
- ՙԳելափ՚ ընկերության կողմից անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքներով վերջին 10 օրվա ընթացքում ՀՀԿ-ի ձայների թիվը ավելացել է 5 տոկոսով, ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի ձայները նվազել են երկու տոկոսով, ՕԵԿ-ը եւ ՀՅԴ-ն եւս կորցրել են մեկ տոկոս ձայն եւ ահա ՙԺառանգություն՚ կուսակցությունը ձեռք է բերել մեկ տոկոս ձայն, ինչո±վ է սա պայմանավորված:
- Ես իհարկե տրամադրված չեմ ժողովրդի ձայնը տոկոսների վերածել, բայց արդեն իսկ ասվել է, որ Հանրապետական կուսակցությունը նոր Ազգային ժողովում կունենա 67-ից ոչ պակաս մանդատ:
- Այդ հարցումների արդյունքում նույնիսկ կասկածի տակ է առնվում ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի, ՙԺառանգության՚ եւ ՀԱԿ-ի խորհրդարան անցնելու հնարավորությունները, ի±նչ կասեք այս մասին:
- Սովորաբար սոցիոլոգիական հարցումները կուսակցությունների համար, որոշակի ճշգրտությամբ ասել հնարավոր չէ, որովհետեւ նույն վերը նշված ընկերությունը կարողանում է հաշվարկել միմիայն գործընթացները եւ երեք տոկոսի սահմաններում կարող է շեղումներ լինեն: Կարծում եմ, որ կարող է բացի ՀՀԿ-ից եւ ԲՀԿ-ից եւս երեք-չորս ուժեր խորհրդարանում մանդատներ ունենան:
- Կարո±ղ եք նշել, թե որ ուժերին նկատի ունեք:
- Իմ կարծիքով դա Դաշնակցությունն է, ՙՕրինաց երկիրը՚, ՀԱԿ-ը որոշակի մանդատներով, չնայած ՀԱԿ-ի դեպքում մի փոքր դժվարանում եմ ասել, քանի որ դեռ որպես դաշինք 7 տոկոսը պետք է հաղթահարի: Այնուհետ ՙԺառանգությունը՚, ամենայն հավանականությամբ, կհաղթահարի աղանդավորների ձայների հաշվին:
- Չե±ք կարծում, որ ԲՀԿ-ն իր ձայները կորցրել է Վարդան Օսկանյանի պատճառով, քանի որ ընտրողները այդպես էլ չեն հասկանում, այդ կուսակցությունը ընդդիմադի±ր է, թե± իշխանամետ:
- Ես կարծում եմ, որ ՙԲարգավաճ Հայաստանը՚ որքան քաղաքական պոտենցիալ ունի, այդ հաշվեկշռով էլ ձայներ կունենա: Սակայն բնականաբար քաղաքական դաշտի համար անսովոր երեւույթ է Օսկանյանը, բայց նա չի կարող ոչ դրական եւ ոչ էլ բացասական ազդեցություն ունենալ, որովհետեւ քաղաքականության մեջ դեռ նոր գործիչ է եւ չեմ կապում դրա հետ: Համենայն դեպս ԲՀԿ-ն այս տարիների ընթացքում, որպես կոալիցիոն կուսակցություն որոշակիորեն իմիջ է ձեռք բերել եւ այդ հատկանիշներով կունենա ձայներ: Կլինի կրկին երկրորդ տեղում, որպես քաղաքական ազդեցիկ ուժ` մեծ դերակատարում ունեցող:
- Ձեր կարծիքով, ընտրություններից հետո արդյոք ՀՀԿ-ն միայնա±կ կստանձնի իշխանության ամբողջ գործունեության պատասխանատվությունը:
- Սովորաբար նման որոշումը նպատակ չեն դնում, նայած թե քաղաքական ինչ իրավիճակներ կառաջանան եւ ինչպիսի մոտեցումներ ու սկզբունքներ կորդեգրվեն քաղաքական թիմերի կողմից: Բնականաբար այդ դրսեւորումը միշտ եղել է այն, որ այն քաղաքական ուժերը, որոնք առավել դերակատարում ունեն հասարակության մեջ ճիշտ է, որ որոշակի լծակների տիրապետեն, որպեսզի կարողանան իրենց խոստումները իրագործեն :
- Պարոն Սահակյան, ընտրություններից հետո ի±նչ ճակատագիր կունենա կոալիցիոն հուշագիրը:
- Կարծում եմ, որ կոալիցիոն հուշագիրը այսօր իրեն չի սպառել, իր շարունակական գործընթացների մեջ է, համենայն դեպս Հանրապետական կուսակցությունը այն քաղաքական ուժն է, որ եթե որեւիցե պայմանավորվածություն է ունենում, մինչեւ վերջ դրա շրջանակներում է լինում, եւ իմ կարծիքով այսօր առիթ չկա, որ կոալիցիոն որեւէ ուժ իր գործողություններով հետագայում իր ստորագրության երաշխավորը չլինի:
- Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մաշտոցի պուրակում գտնվող կրպակները ապամոնտաժելու ցուցում է տվել: Ինչպե±ս եք գնահատում այս քայլը:
- Իհարկե դրական եմ գնահատում, եւ չեմ կարծում, որ նման հրամանի խնդիր գոյություն ունի, եւ կարծում եմ, որ ինչը օրինական է, այդպիսի լուծումներ կտրվեն Մաշտոցի պուրակի նկատմամբ: Վերջին հաշվով արդեն մի քանի ամիս է որոշակի խմբեր որոշակի դրսեւորումներ են ցուցաբերում եւ զգալի է ինձ համար, որ քաղաքը չմիացավ դրան: Յուրաքանչյուր դրսեւորում պետք է կոռեկտության սահմաններից այն կողմ չանցնի եւ դա էլ կնպաստի, որ մեկ անգամ եւս նայենք օրենքները եւ դրա շրջանակում լուծումներ գտնենք:
- Կ±ա մտավախություն այն առումով, որ մայիսի 7-ին փողոցային անկարգություններ կսկսվեն:
- Կոնկրետ քաղաքական ուժ կա բացահայտ, որ ոչ թե ընտրությունների համար է պայքարում, այլ վերջին ընտրություններից հետո իր միտինգի նախապատրաստական գործունեությունն էր ծավալում, եւ ընտրությունների դրական արդյունքները որքան էլ փորձեն պրովակացիայի ենթարկել, չի հաջողվի:
- Դուք նկատի ունեք ՀԱԿ-ի±ն:
- Դե անհասկանալի է` ՀԱԿ է, ՀՀՇ է, թե ինչի մասին է խոսքը, այդ ամենի պատասխանը կտան ընտրությունները, եւ համոզված եմ, որ արդյունքները գոհացուցիչ կլինեն եւ մեր հասարակության համար եւ նաեւ դրական կանդրադառնան մյուս քաղաքական ուժերի համար:
Զրուցեց ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

