ՙԹՈՂ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿ ՕՐ ՈՒՇ ԱՆԵԻՆ՚ ԱՅԴ ԼԱՎ ԳՈՐԾԸ
Ֆրանսիայի Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծն ընդունելուց ոչ պակաս ակտիվությամբ երեկ եւ այսօր ֆեյսբուք սոցիալական ցանցը թնդում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մաշտոցի այգի այցի եւ հանձնարարականների մասին լուրերով ու տարակարծիք մեկնաբանություններով:
Երեկ ՀՀ նախագահը պուրակում ներկա ակտիվիստներին ասել է, որ արդեն իսկ հանձնարարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին օրենքի շրջանակներում իրականացնել տաղավարների ապամոնտաժումը: Քաղաքապետն էլ տեղեկացրել է հանրությանը, որ այսօր արդեն կայացնելու է համապատասխան որոշումը: Սակայն Մաշտոցի պուրակի ակտիվիստները եւ նրանց թվում ՙԺառանգություն՚ կուսակցության համամասնական ցուցակում 9-րդ համարը` անկուսակցական ԻԶԱԲԵԼԱ ԱԲԳԱՐՅԱՆԸ, սա համարում են PR քայլ, ինչի մասին վերջինս նշեց. ՙԵս որպես պուրակի ակտիվիստ, ով սառչում էր ցուրտ ձմռան օրերին սառույցների վրա իմ ընկերների հետ միասին եւ անհաղորդ էր իշխանության հետ, այսօր` ընտրություններից մի քանի օր առաջ, նման հանձնարարական տալը համարում եմ PR քայլ, այլ ոչ թե բնակիչների ու մարդկանց իրավունքների մասին մտահոգություն՚: Մեր այն հարցին, թե արդյոք հիմա ուշ է ապամոնտաժումը իրականացնելը, Ի. Աբգարյանն ավելացրեց. ՙԱպամոնտաժելը ուշ չէ, բայց իմ կարծիքով կարելի էր, եթե այդքան սպասել էին, թող ընտրություններից մեկ օր ուշ անեին, որպեսզի PR քայլի չնմանվեր՚: Այս տեսակետի կողքին ներկայացնենք թեմայի վերաբերյալ ֆեյսբուքյան օգտատերերից մեկի մեկնաբանությունը. ՙՊատկերացնում եմ հիմա որոշ ընդդիմադիր ուժեր ինչ ապրումների մեջ են... Ուժեր, ովքեր ուզում էին ԻՍԿԱԿԱՆ ակտիվիստների (ովքեր ՇԱՏ ՔԻՉ ԵՆ, իսկ նրանց հաշվին իմիջ սարքողները ՇԱՏ) մաքուր պայքարը քաղաքականացնել: Համ ասում են նախագահը բան չի անում, թող անի, բայց որ անում ա` ասում են ինչի± արեց, ա°յ քեզ տրամաբանություն: Ես անկուսակցական մարդ եմ, ողջունում եմ այս քայլը՚: Իսկ լինելով պուրակում` պարզեցինք, որ ակտիվիստները դեռեւս չեն պատրաստվում զիջել իրենց մարտական դիրքերը: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ