ՙԱՆՀՐԱԺԵՇՏ Է, ՈՐ ՀԻՄԱ ՀԱՊԿ-Ը ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՐՁԱԳԱՆՔԵՆ՚
Արխիվ 12-16![]()
Վերջին շրջանում, Ադրբեջանը գնդակոծում էր Տավուշի շրջանի բնակավայրերը` Դովեղ եւ Բերքաբեր գյուղերը: Դիվերսիայի փորձ էր կատարում, որի արդյունքում կան զոհեր: Սա արդեն Հայաստանի սահմանն է, իսկ այս պահին երկրի ներսում իրավիճակը փոքր-ինչ լարված է` կապված ընտրությունների հետ, որից միշտ օգտվում են թշնամիները: ՙԱյնուամենայնիվ, ի±նչ է նշանակում այս մարտավարությունը եւ ինչպե±ս կարելի է դրա դեմն առնել՚,- հարցերով դիմեցինք Պաշտպանության նախկին նախարար, գեներալ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ:
-Այս իրադարձությունները պետք է թե° պետական մարմիններին, եւ թե° մեր հասարակությանը զգուշացնի մեկ բանի մասին, որ մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում: Երբեմն մամուլում գրում են այն մասին, որ խաղաղ պայմաններում զոհեր ենք ունենում, որը եւս խոսում է այն բանի մասին, որ մենք դեռեւս պատերազմական վիճակում ենք: Իսկ սա տեղի է ունենում մեկ նպատակով, որպեսզի թե ՀՀ եւ թե Արցախի կողմերը միշտ լինեն լարվածության մեջ, ունենան վախ պատերազմի վերսկսման հարցում, որը պետք է դիտել լրատվական պատերազմի տեսանկյունից, որպեսզի նույն զորքերում մթնոլորտը լինի շատ լարված, ինչը բերում է տարբեր միջադեպերի, քանի որ զորքը գտնվում է շփման գծում, իսկ հակառակորդի հեռավորությունը խրամատներից բավական մոտ է, եւ այս ամենը ազդում է երկրի բարոյահոգեբանական վիճակի վրա: Մյուս կողմից դա ազդում է նաեւ տեղի բնակչության եւ ողջ ժողովրդի վրա, որի նպատակը, ինչպես արդեն նշեցի, վախի մթնոլորտ ստեղծելն է, որպեսզի Հայաստանը պատերազմի վերսկսման ճնշման տակ գնա զիջումների Ղարաբաղի հարցում: Այս իրավիճակը կարելի է դիտարկել նաեւ սպառազինության մրցավազքի տեսանկյունից, որը սկսել է Ադրբեջանը: Իսկ ի±նչ պետք է արվի, պետք է պատասխան տրվի բոլոր ուղղություններով` ռազմական, քաղաքական, դիվանագիտական եւ այլն: Միջազգային ասպարեզում բոլոր այն կառույցները որոնք զբաղվում են ԼՂՀ-ի հարցի կարգավորմամբ` համանախագահները, ԵԱՀԿ-ն, այս դեպքում, ինչը շատ կարեւոր է նաեւ ՀԱՊԿ-ը, քանի որ միջադեպը տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջան սահմանի վրա, իսկ այստեղ գործում են ռազմաբազայի եւ ՀԱՊԿ-ի պայմանագրերը, որոնք ուժի մեջ են մտնում ագրեսիայի դեպքում, չնայած, որ սա ագրեսիա չէ, միջադեպ է, եւ որպեսզի հետագայում կանխվի հնարավոր ագրեսիան Ադրբեջանի կողմից, անհրաժեշտ է, որ հիմա ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանը արձագանքեն: Դրա համար հայկական կողմը այս հարցով պետք է անպայման դիմի նրանց, որպեսզի համապատասխան մարմինները տան իրենց գնահատականները կատարված միջադեպի մասին:
- Ի±նչ եք կարծում, հնարավո±ր է որ նման դեպքերը կրկնվեն` հատկապես բնակավայրերի հետ կապված:
- Իհարկե հնարավոր են, այն պետք է դիտարկել երկու տեսանկյունից. կամ սա պլանավորված էր, քանի որ կրակոցները տեւել են մի քանի ժամ, կամ շփման գծում լինում են դեպքեր, երբ մի զինվոր կամ ստորաբաժանում դուրս են գալիս վերահսկողությունից` խախտելով իրենց հրահանգները, որի արդյունքում խախտվում է զինադադարը: Կոնկրետ վերջին այս դեպքի հետ կապված, կարող եմ ասել, որ իմ կարծիքով այն պլանավորված էր:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

