ՀԱՂԹԱՆԱԿ` 5-ՐԴ ՓՈՐՁԻՑ
Արխիվ 12-16![]()
ՀԱՂԹԱՆԱԿ` 5-ՐԴ ՓՈՐՁԻՑ
Կիրակի օրը Գյումրու նորակառույց մարզադաշտում կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը: Գավաթը խաղարկեցին տեղի ՙՇիրակ՚ եւ Դիլիջանի ՙԻմպուլս՚ թիմերը: Գյումրեցիները 5-րդ անգամ էին դուրս գալիս գավաթի եզրափակիչ ու վերջապես կարողացան նվաճել պատվավոր տիտղոսը` ՙԻմպուլսին՚ պարտության մատնելով 1:0 հաշվով: Միակ գոլի հեղինակն էր Յորո Լամին Լին, ով ՙԻմպուլսի՚ դարպասը գրավեց երկրորդ անկյունայինից հետո: Դրանով իսկ ՙՇիրակը՚ նաեւ Եվրոպայի լիգայում հանդես գալու իրավունք ստացավ: Հիշեցնենք, որ այդ հաղթանակը գավաթային բարձունք տանող առայժմ ամենաերկարատեւ ուղին է:
ՙՇիրակը՚ դարձավ Հայաստանի գավաթը նվաճած 6-րդ թիմը:
Յուրօրինակ ռեկորդակիրը ՙՄիկան՚ է, որը վեցակի գավաթակիր է, 5-ական անգամ պատվավոր մրցանակը նվաճել են ՙԱրարատն՚ ուՙՓյունիկը՚, 2-ական անգամ գավաթով պատվո շրջան են կատարել ՙՑեմենտն՚ ու ՙԲանանցը՚: Ընդ որում, ՙՄիկան՚ միակն է, որ գավաթի եզրափակիչ բոլոր խաղերում էլ հաղթող է ճանաչվել:
Ավելորդ չենք համարում նշել, որ գավաթի խաղարկությունների պատմության մեջ 3-րդ անգամ վճռորոշ հանդիպումը սպասարկեց արտերկրի մրցավարական բրիգադը: 2009թ. ՙՓյունիկի՚ եւ ՙԲանանցի՚ հանդիպումը վարել էր Իտալիայի մրցավարական բրիգադը` Պաոլո Դոնդարինիի գլխավորությամբ: Անցյալ տարի ՙՄիկայի՚ եւ ՙՇիրակի՚ մրցավեճը սպասարկել էր իտալացի մեկ այլ մրցավար` Դավիթ Ֆերնանդես Բորբալանը: Վերջինիս հայրենակից Անդրեա դե Մարկոյին էր վստահվել գավաթի 21-րդ եզրափակիչը:
Շնորհավորում ենք գյումրեցիներին եւ մաղթում հաջող մրցելույթներ երկրի առաջնությունում ու եվրագավաթի խաղարկությունում:
Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

