ԼՏՊ-Ն ՁԳՏՈՒՄ Է ՆԵՆԳԱՓՈԽԵԼ ԱՆՑՅԱԼԸ
Արխիվ 12-16![]()
ԼՏՊ-Ն ՁԳՏՈՒՄ Է ՆԵՆԳԱՓՈԽԵԼ ԱՆՑՅԱԼԸ
Առաջիկա նախընտրական քարոզամարտի մեջ գտնվող ուժերը հիմնականում այս պահին երկու գերխնդիր են հետապնդում: Առաջինը` ձգտել մարդկանց ամենատարբեր եղանակներով, ճիշտն ու սխալն իրար խառնած, գերխոստումներ տալով եւ նման հազար ու մի ձեւերով համոզել, թե իրենք ինչքան լավն են ու եթե գան իշխանության, երկիրն ինչ բարձունքների կհասցնեն: Երկրորդ մեխանիզմը գործում է առաջինի հետ զուգահեռ. հնարավորինս սեւացնել, ցած իջեցնել մրցակիցներին եւ դրանով փորձել ընտրողի աչքին նրանից մի քայլ վեր մնալ:
ԷԼ ԻՆՉ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ, ԵԹԵ ԱՄԵՆԻ ԻՆՉ ՙՀՐԱՇԱԼԻ՚ ԷՐ
Բայց ահա մեր այս ընտրություններում կա եթե ոչ մեկ ամբողջական կողմ, ապա գոնե այդ կողմի մեջ ներառված անձանց մեկ խումբ, որը երրորդ խնդիրն էլ է փորձում հետապնդել: Խոսքը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա նեղ` ՀՀՇ-ական շրջապատի մասին է: Եվ ահա ինչպես անցած նախագահական ընտրություններում, այնպես էլ ներկայումս, ԼՏՊ-ն ունի մեկ գերխնդիր եւս. վրայից գցել իր ղեկավարման տարիներին հայաստանյան տնտեսությունն ու դրանով էլ ողջ երկիրն ավիրելու պատասխանատվությունը:
Ընդ որում, այս ընտրություններում, կարծես թե, այդ նպատակին հասնելու հարցում ԼՏՊ-ն իր գործողություններում որոշ տակտիկական փոփոխություներ է կատարել: Այսպես, եթե անցած նախագահական ընտրություններում նա իր մերձավոր շրջապատի հետ էլի մի կեսբերան ընդունում էր, թե իր ժամանակներում վիճակն իրոք մի քիչ վատ էր, սակայն անմիջապես էլ բերում էր արդարացումների մի հեղեղ. պատերազմ էր, Խորհրդային Միությունը քանդվել էր, հասարակարգային փոփոխություններ էին իրականացվում, ճանապարհներ չկային եւ այլն: Այս ամենը ներկայիս ընտրություններում եւս ԼՏՊ-ի քարոզչական հնարքների բաղկացուցիչն է շարունակում մնալ: Սակայն կա մեկ ՙաննշան՚ հավելում. ԼՏՊ-ն եւ նրա` հատկապես տնտեսական ուղղության զինակիցները, մասնավորապես` նրա հավատարիմ վարչապետ Հրանտ Բագրատյանը, կարծես թե արդեն հիմնականում չեն էլ խոսում նախկին ՙմանր-մունր թերություններից՚: Ավելին, շատ դեպքերում նույնիսկ խոսում են իրենց ժամանակների փայլուն աշխատանքից, եւ, նույնիսկ, տնտեսության մի շարք ոլորտներում շատ ավելի լավ վիճակից, քան կա այսօր: Օրինակ բերենք հանդիպումներից մեկում արված ԼՏՊ-ի հետեւյալ պնդումը. ՙԻմ ժամանակ լավ էլ նորմալ գյուղատնտեսություն ունեիք, կարտոֆիլը 2 անգամ ավելի շատ բերք էր տալիս, լավ էլ ապրում էիք...՚: Դե եթե այն օրերի մարդկանց քաշածը ԼՏՊ-ի համար լավ ապրել է նշանակում` հասկանալի է` դա դեռ մի կողմ: Առավել եւս, որ հենց նույն պահին էլ ԼՏՊ-ն ինքն իրեն է հակասում` ասելով` լավ է գոնե լիճը մոտ էր, ձուկ բռնելով կարողանում էին ապրել: Եվ ոչ միայն Սեւանի մերձակայքի բնակչությունը. ողջ երկիրն էր ԼՏՊ-ի ՙնորմալ գյուղատնտեսության՚ պայմաններում Սեւանի ձկան վրա ՙնստած՚: Իսկ հիմա: ՙՀիմա էդ ձուկն էլ մըկա չկա՚,- բողոքում են մարդիկ: Եվ որտեղի±ց պետք է լիներ, երբ կարտոֆիլի` ԼՏՊ-ական կրկնակի բերքատվության պայմաններում Սեւանի հաշվին 4-5 մարդիկ գոյատեւեցին, ձկան ՙտակի մնացած՚ չնչին պաշարներն էլ դրանից հետո մի քանի օլիգարխիկ գրպաններ մտան:
Կամ ԼՏՊ-ական մյուս հայտարարությունը. ՙԵս հիշում եմ` մեր ժամանակ` Բագրատյանի կառավարության ժամանակ, ես գիշերը 1-ից հետո զոռով նրանց ուղարկում էի տներով...՚:
Նույն բնույթի էլ ավելի մեծ թվով հայտարարություններ է այս օրերին հնչեցրել ԼՏՊ-ի այդքան աշխատասեր վարչապետ Հրանտ Բագրատյանը: Հասկանալի է` ժամանակին երկրի տնտեսության հերն անիծելու փաստի տակից դուրս գալու լավագույն ձեւերից մեկն էլ դա կարող է լինել, ասել, թե ոչ մի բան էլ չի ավիրվել, ամեն ինչ այն ժամանակ հրաշալի էր, եւ 1998թ.-ին եկան նոր ուժեր ու 14 տարի հա մի գլուխ քանդում են: Բայց ոչ վաղ անցյալի պատմությունն այդպես նենգափոխելը, եթե նույնիսկ այդ ամենին ականատես եղածների մի մասի մոտ կա ՙհիշողության կորուստ՚, բավականին դժվար գործ է: Այն աստիճան, որ անգամ ԼՏՊ-ի պես փորձված աղվեսն է այդ փորձերի ժամանակ ստիպված քանիցս ինքն իրեն լրջորեն հակասել: Նման մեկ հակասության վրա էլ հրավիրենք ընթերցողի ուշադրությունը:
ԸՍՏ ԼՏՊ-Ի` ԻՐԵՆԻՑ ՀԵՏՈ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՃԵԼ Է...
32 ԱՆԳԱՄ
Իր վերջին արշավներից մեկում ԼՏՊ-ն նման մի հայտարարությամբ հանդես եկավ. ՙՄեր բյուջեն երկուս ու կես միլիարդ է, իսկ հինգ միլիարդ ամեն տարի գողացվում է ձեզանից: Եթե չգողանային, բյուջեն կլիներ յոթ ու կես միլիարդ դոլար՚:
Այն, որ բյուջետային միջոցների գլխին տարիներ շարունակ տարաբնույթ խաղեր են խաղացվել, հազիվ թե որեւէ մեկի համար նորություն լինի: Բազում անգամներ մենք էլ ենք այդ մասին խոսելու առիթներ ունեցել, էլ չասած, որ պատկան պետական կառույցները, ասենք` ՀՀ Վերահսկիչ պալատը, քանիցս նման աղմկահարույց բացահայտումներ է ներկայացրել հանրությանը: Չէ, խոսքն այս պահին դրա մասին չէ: Պարզապես ԼՏՊ-ի այդ 7,5 միլիարդը փորձենք կապել նրա մյուս պնդումներին, թե. ՙՄեր օրերին ամեն ինչ լավ էր, կառավարությունն աշխատում էր օր ու գիշեր, եւ այնտեղ էլ նստած էին բացառապես հրեշտակներ: Եվ ահա 14 տարի երկիրը հա մի գլուխ քանդում են ու քանդում՚:
Լավ, մի պահ հավատանք ԼՏՊ-ին եւ փորձենք ՙչոր՚ թվերով եւս համոզվել նրա ասածների ՙճշմարտացիության՚ մեջ: Ավելին, նույնիսկ մի կողմ թողնենք ՙմութ ու ցուրտը՚, պատերազմական ժամանակները եւ առաջնորդվենք այն տարիների թվերով, երբ Տեր-Պետրոսյանն ու Բագրատյանն արդեն ուր որ է երկիրը վերածում էին ՙդրախտի՚: Այդ տարիներից լավագույնը պետք է որ լիներ 1997թ.-ը` ԼՏՊ-ի լիարժեք պաշտոնավարած վերջին տարին:
Եվ այսպես` 2007թ. ՀՀ պետական բյուջեն եկամուտների գծով կազմում էր 117 937 709,8 հազար դրամ ¥մոտ 118 մլրդ¤, ծախսերի գծով` 151 912 718,7 հազար, իսկ դեֆիցիտը` մոտ 34 մլրդ դրամի կարգի էր: Միայն այս վերջին ցուցանիշը` պետբյուջեի եկամուտների մոտ 1/3-ին մոտեցող դեֆիցիտն արդեն իսկ խոսում է այն մասին, որ երկիրը համարյա ՙդրախտի շեմին՚ էր: Մեկ հանգամանք եւս. ճիշտ է, 1997թ. պետական բյուջեի կատարումը մասամբ ընկած էր վարչապետ Արմեն Սարգսյանի ¥պաշտոնավարել է մինչեւ 1997թ. փետրվարի 28-ը¤ ուսերին, եւ հիմնականում նրան փոխարինած Ռոբերտ Քոչարյանի, սակայն այն մշակվել է մինչեւ 1996թ.-ի նոյեմբեր վարչապետի պաշտոնը զբաղեցրած Հ. Բագրատյանի օրոք, այսինքն` այն տիպիկ բագրատյանական պետական բյուջե էր: Ամեն դեպքում կրկնենք` այն ամբողջովին իրականացվել է ԼՏՊ-ի օրոք, ասել է թե` դրա լավ ու վատի հիմնական պատասխանատուն հենց նա էր:
Մեկ նրբերանգ եւս. 1997թ.-ի բյուջեն 1996թ.-ի համեմատ բավականին աննշան աճ ուներ միայն: Իսկ ահա Քոչարյանի վարչապետ առաջին իսկ` 1998թ.-ի պետբյուջեն եկամուտների գծով մոտ 161 մլրդ դրամ էր, այսինքն` բագրատյանական բյուջեի եկամուտներից մոտ 40 տոկոսով ավել...
Բայց անցնենք առաջ: 1997թ.-ին Հայաստանում դոլարի փոխարժեքը, կոպիտ ձեւով կլորացված ¥տարվա ընթացքում պաշտոնական տվյալներով դրամն արժեզրկվել է 13,7 տոկոսով¤, 500 դրամի կարգի էր: Այսինքն` պետբյուջեն, կոպիտ հաշվարկով, մոտ 230 մլն դոլարի շրջանակներում էր: Եվ մինչ կշարունակենք խոսել այս բյուջեի եւ 1997թ.-ի ընդհանուր տնտեսական իրավիճակի մասին, այստեղ մեկ էական հանգամանք հաշվի առնենք: Ուրեմն ԼՏՊ-ն ներկայումս համոզում է, թե իր օրոք, բնականաբար, նաեւ 1997թ.-ին բոլոր չինովնիկները, առավել եւս կառավարության բոլոր անդամներն իսկական իմաստուն սրբեր էին, օրն ի բուն աշխատող, այն էլ հրաշալի աշխատող, եւ որ ոչ ոք ոչինչ չէր գողանում: Այ դեպքում 1997թ.-ի այդ մոտ 230 մլն դոլարանոց բյուջեն ճիշտ եւ ճիշտ պետք է արտացոլեր երկրի տնտեսության իրական պոտենցիալը: Իսկ ներկայումս, կրկնենք, ըստ ԼՏՊ-ի, երկրի իրական տնտեսական պոտենցիալին պետք է համապատասխանի 7,5 միլիարդ դոլարանոց բյուջեի, բայց, ասում է, թե 5 միլիարդը գողանում են ու տակը մնում է 2,5: Դե ուրեմն եթե ԼՏՊ-ական այս տրամաբանությամբ ենք առաջնորդվում, ստացվում է, որ 1997թ.-ից հետո, այսինքն` ՙերկիրը քանդելու այդ 14 տարիներին՚ փաստացի պետբյուջեն աճել է ավելի մոտ 10-11 անգամ: Եթե դրան ենք գումարում նաեւ ՙգողացվող 5 միլիարդը՚, ապա ԼՏՊ-ն կամա թե ակամա խոստովանում է, որ իրենից հետո երկրի տնտեսական պոտենցիալն ավելացել է ավելի քան 32 անգամ. համենայնդեպս այդ թիվն ենք ստանում, երբ հաշվի ենք առնում ԼՏՊ-ի պնդմամբ 1997թ.-ի երկրի տնտեսական պոտենցյալն ապահովում էր 0,23 մլրդ դոլարանոց բյուջե, իսկ ներկայումս` 7,5 մլրդ դոլարանոց: Ուրեմն ի±նչ է ստացվում. ՙ14 տարի քանդել են՚, իսկ տնտեսական պոտենցիալն այդ ընթացքում աճել է 32 անգա±մ: Եվ դա այն բանից հետո, երբ ԼՏՊ-ին ՙժառանգություն՚ էր հասել ծաղկուն Խորհրդային Հայաստանի տնտեսությունը, իսկ նրանից հետո եկողներին` ՀՀՇ-ի ավիրա±ծը: Չէ, հաստատ ԼՏՊ-ի հայտարարությունների հիման վրա կառուցված այս պարզ հաշվարկը նրա օգտին չէ:
Իրականում, իհարկե, 1997թ.-ի հետ համեմատած հայաստանյան տնտեսական պոտենցիալի աճը հազիվ թե 32 անգամ ավելացած լինի: Ավելի ճիշտ` կարելի է բավականին հեշտ եւ կոնկրետ թվերով հիմնավորել, որ 1997թ.-ին հայաստանյան տնտեսական պոտենցիալը հնարավորություն էր տալիս ապահովել ոչ թե 230 մլն դոլարանոց, այլ անհամեմատ ավելի մեծ պետական բյուջե: Հնարավոր էր, բայց չէր ապահովվում, ասել է թե` գողանում էին: Այնպես որ այս իրողությունների պարագայում հազիվ թե ԼՏՊ-ին այսօր հաջողվի այն ժամանակվա չինովնիկներին, բագրատյանական կառավարությանն ու անձամբ իրեն հրեշտակների շարքում դասել...
ՉԿԱՅԱՑԱԾ ՙՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ՚ ՕՐՈՔ
Ներկայիս նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հրանտ Բագրատյանն իր եւ ԼՏՊ-ի անունից նման խոստումներ էլ է տալիս. ՙԿոնգրեսը վստահ է, որ հնարավոր է 11 % տնտեսական աճ, որից հետո հնարավոր կլինի ապահովել 17% բյուջեի աճ... Ներդրումների մակարդակը կհասցնենք տարեկան մինչեւ 2 մլրդ դոլարի...՚: Եվ այդ ամենն այսօր չի արվում, քանի որ, ըստ նախկին վարչապետի. ՙԱյս կառավարությունն ի վիճակի չէ խելացի ծրագիր մշակել ու իրագործել...՚:
Դրա փոխարեն թե ինչ` ոչ թե խելացի, այլ ՙհանճարեղ՚ բյուջե էր պարոն Բագրատյանը մշակել իր պաշտոնավարման մայրամուտին ¥նույնը կարելի է հիմնավորել բագրատյանական մյուս բյուջեների առումով եւս¤, արդեն ասացինք: Եվ, տեսեք, թե այդ ՙհանճարեղ՚ բյուջեն ինչպես իրականացվեց:
1998 թ. հունիսին ՀՀ Ազգային ժողովը հաստատեց 1997թ. բյուջեի կատարման հաշվետվությունը: Ահա վարչապետ Վազգեն Սարգսյանի օրոք ԱԺ ներկայացված այդ փաստաթուղթն էլ բագրատյանական ՙհանճարեղության՚ իսկական վկայությունն է: ՙՙՀՀ 1997թ. պետբյուջեի մասին՚ ՀՀ օրենքով... 1997 թվականին նախատեսված էր ապահովել ՀՆԱ 6 տոկոս իրական աճ եւ սղաճի առավելագույն 10,5 տոկոս մակարդակ՚: Բայց դրա փոխարեն ՙ1997թ. նախորդ տարվա համեմատ գրանցվեց ՀՆԱ-ի 3,1 տոկոս իրական աճ, որը 2,9 տոկոսային կետով ցածր էր վերոհիշյալ ծրագրային մակարդակից... Տարեկան ՀՆԱ-ի աճի տեմպի շեղումը ծրագրված մակարդակից պայմանավորված էր դրանում մեծ տեսակարար կշիռ կազմող` տնտեսության հիմնական ճյուղերում արձանագրված անկումով: Այսպես, եթե արդյունաբերությունը ՀՆԱ-ի ճյուղային կառուցվածքում կազմում էր 24,1 տոկոսը, 1997թ. ապահովել է ընդամենը 1,1 տոկոս աճ: Գյուղատնտեսությունում գրանցվել է 3,9 տոկոս անկում այն դեպքում, երբ վերջինիս տեսակարար կշիռը ՀՆԱ կառուցվածքում 30 տոկոս էր: Էներգետիկ համակարգում անկումը կազմել է 1,5 տոկոս... 1997 թվականի ընթացքում ՀՆԱ-ի աճի տեմպերի նվազմանը նպաստող գործոններից էին արտասահմանյան ուղղվածություն ունեցող ավանդական որոշ ճյուղերում հիմնախնդիրների առկայությունը... 1997թ. հանրապետության վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի դեֆիցիտը կազմել է 304,9 մլն ԱՄՆ դոլար ¥պետական բյուջեից մոտ 40 տոկոսով ավել- Ք. Ս.¤... Նույն ժամանակահատվածում արտահանման ծավալը կազմել է 232,5 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա նկատմամբ նվազել է 19,9 տոկոսով... 1997 թվականին դրամական զանգվածի 29,7 տոկոս աճի եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքի 13,7 տոկոս արժեզրկման պայմաններում սպառողական գների ինդեքսը 1996 թվականի դեկտեմբերի նկատմամբ աճել է 21,9 տոկոսով՚: Ի լրումն այս ամենի արձանագրվել է նաեւ ՙերկարաժամկետ ներդրումների ցածր մակարդակ՚, բնակչության դրամական եկամուտները 1997թ.-ին նկատելիորեն նվազել են նախորդող տարվա համեմատ, այսինքն` շարունակվել է աղքատության մակարդակի խորացումը` դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ:
Այս կարգի փաստերի թվարկումը կարելի է շատ երկար շարունակել: Սակայն եղածն էլ բավարար է համոզվելու համար, որ ներկայացվածը մի իրավիճակ է, որը շատ մեղմ կլիներ խայտառակ տերմինով բնութագրել: Եվ արդեն նույնիսկ զավեշտի է նմանվում, որ սրանից հետո ԼՏՊ-ն ու Բագրատյանը 10-20 տոկոսանոց աճեր, միլիարդավոր դոլարների ներդրումներ են ՙերաշխավորում՚: Հիմա մեծ-մեծ լեզուներիդ տալու փոխարեն ձեր օրոք անեիք, ո±վ էր ձեռքներդ բռնել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ՈՐՊԵՍ ՏԵՂԵԿԱՆՔ
1997թ. բյուջեի կատարման հաշվետվության մեջ նման փոստ էլ է ներկայացված. ՙ1997թ. ընթացքում շարունակվել Է պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումն ու ապապետականացումը: 1994թ.-ից սկսած սեփականաշնորհվել են տնտեսության տարբեր ճյուղերի ավելի քան 1250 միջին եւ խոշոր ձեռնարկություններ, ինչպես նաեւ մոտ 6021 ՙփոքր՚ օբյեկտներ: Սեփականաշնորհված գույքի արժեքի 99,2 տոկոսը վճարվել Է սեփականաշնորհման սերտիֆիկատներով, մնացածը` դրամով: Մարված սերտիֆիկատները կազմում են բնակչությանը բաշխված սերտիֆիկատների ընդհանուր թվի մոտ 95 տոկոսը: Պետք է նշել, որ ներկայումս բաց բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի 60 տոկոսը տնօրինվում է բաժնետերերի 2,5 տոկոսի կողմից:
Ըստ էության, 1997թ.-ը հանրապետությունում զանգվածային սեփականաշնորհման ավարտն էր՚:
Այսպիսով` 1994-1997թթ.-ին Հայաստանի ողջ ՙեղած-չեղածը՚, պաշտոնական լեզվով ասած` սեփականաշնորհվեց: Միայն այն միտքը, որ ՙբաժնետոմսերի 60 տոկոսը տնօրինվում է բաժնետերերի 2,5 տոկոսի կողմից՚, արդեն իսկ վկայում է, որ հենց այս սեփականաշնորհում կոչվածի արդյունքում էր, որ ողջ Խորհրդային Հայաստանի հարուստ պետական տնտեսությունը դարձավ բնակչության մի չնչին մասի` 2,5 տոկոսի սեփականությունը: Եվ դա, նկատենք, բացառապես օրենքի տառին խստիվ համապատասխան: Սրանից հետո թերեւս ոչ մեկը չմտածի անգամ հերքել, որ հենց ԼՏՊ-ական օրենքներն արտոնեցին իրականացնել պետական ունեցվածքի մի այնպիսի թալան, որը միգուցե պատմության մեջ իր նախադեպն էլ չունենա: Սակայն սա, այսինքն` թե ինչպես ՙսեփականաշնորհման սերտիֆիկատ՚ կոչված թղթով թալանվեց մի ամբողջ երկիր, արդեն այլ թեմա է, որին կանդրադառնանք մեր հաջորդ համարում:

