ՙՑԵՂԱՍՊԱՆԻ ԱՐՁԱՆ ՏԵՂԱԴՐԵԼԸ ԲԱՑԱՌՎՈՒՄ ԷՐ
Արխիվ 12-16![]()
ՑԵՂԱՍՊԱՆԻ ԱՐՁԱՆ ՏԵՂԱԴՐԵԼԸ ԲԱՑԱՌՎՈՒՄ ԷՐ
Երեկ ՙԱզդակ՚ ակումբում հյուրընկալվել էին լատինաամերիկյան երկրների համահայկական խաղերի նախկին ներկայացուցիչ Անտոնիո Սարաֆյանը, ՙՍարդարապատ՚ թերթի խմբագիր Դիանա Տեր-Կարապետյանը, Բուենոս Այրեսի մարդու իրավունքների պաշտպան, Բուենոս Այրեսում հրեական համայնքի ղեկավար Կլաուդիո Ավրուժը, ինչպես նաեւ` Բուենոս Այրեսի թեմական խորհրդի ատենապետ Ալբերտո Ճերեճիանը: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նրանք խոսեցին Ցեղասպանության խնդրի, Հայաստան-Արգենտինա երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ` մշակութային շփումների մասին:
ԿԼԱՈՒԴԻՈ ԱՎԼՈՒԺԸ, լինելով Հայոց ցեղասպանությունը չընդունած ազգի ներկայացուցիչ, նշեց, որ անում են ամեն ինչ, որ Իսրայելում հիշատակվի Հայոց ցեղասպանության փաստը: Իսկ Արգենտինան առաջին երկրներից է, որ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Բանախոսի տեղեկացմամբ` Արգենտինայի հայկական համայնքի եւ կառավարության ջանքերով անցյալ տարի ձախողվել է Բուենոս Այրեսի կենտրոնական հրապարակներից մեկում Քեմալ Աթաթուրքի արձանը կանգնեցնելու թուրքերի նախաձեռնությունը: Ավելին` կառավարության ջանքերով տպագրվել է Հայոց ցեղասպանության մասին գիրք ոչ հայկական դպրոցների համար: Բանախոսը արդեն հասցրել էր հայերի մասին կարծիք կազմել. ՙՀայերը եկեղեցասեր, հյուրասեր եւ ջերմ ժողովուրդ են՚:
ՙԱզդակ՚-ում հյուրընկալված բոլոր հյուրերը Հայաստան էին եկել 2012-ին Հայաստանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ: Ըստ Կ. Ավրուժի, Բուենոս Այրեսից հետո Երեւանին գրքի մայրաքաղաքի տիտղոսը փոխանցվել է հայկական համայնքի ակտիվ աշխատանքի շնորհիվ. ՙՄիշտ ցանկացել եմ ճանաչել Հայաստանը, քանի որ հայկական գաղութներն Արգենտինայում շատ կարեւոր դեր են խաղում ե°ւ քաղաքական, ե°ւ տնտեսական, ե°ւ մշակութային կյանքում: Ինձ համար Հայաստան այցելությունը նախեւառաջ պարտավորվածություն է: Ակտիվ համագործակցելով 100 հազարանոց հայկական համայնքի հետ` անում ենք ամեն ինչ` Ցեղասպանության մասին հիշողությունը պահպանելու համար: Բուենոս Այրեսի համար մշակութային շփումները կարեւոր են, որի վառ ապացույցը նախորդ տարի Արա Գեւորգյանի համերգներն էին` կազմակերպված Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) եւ Արգենտինայի կառավարության համատեղ ջանքերով՚:
Լատինաամերիկյան երկրների համահայկական խաղերի նախկին ներկայացուցիչ, ՀԲԸՄ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Սարաֆյանի խոսքով` ինչպես ցանկացած, այնպես էլ Արգենտինայի հայկական համայնքում գլխավոր խնդիրը հայապահպանությունն է. ՙՀայկական համայնքի երիտասարդների մեծ մասն այսօր չի տիրապետում մայրենի լեզվին: Այդ ուղղությամբ մեծ աշխատանք են կատարում, որպեսզի բարելավվի հայկական դպրոցներում հայերենի դասավանդումը, եւ ավելի շատանա շփումը ազգային մշակույթի հետ: Ուրախությամբ կարող եմ նշել, որ հիմա միությունը միջնորդում է, որպեսզի բարձր դասարանների հայ դպրոցականները գան Հայաստան, ծանոթանան հայրենիքի հետ: Բացի այդ, Արգենտինայում տպագրվող ՙՍարդարապատ՚ շաբաթաթերթն անվճար բաժանվում է հայերին, որպեսզի նրանք չմոռանան իրենց ինքնությունը՚:
Խոսելով արգենտինահայ գաղութի խնդիրների մասին` հավելեց, որ առաջնայինը կրթական եւ մշակութային խնդիրներն են. ՙԱրգենտինայում ապրում է սփյուռքահայերի երկրորդ, երրորդ սերունդը: Տեղի հայ երիտասարդների մեծ մասը հայերեն չի խոսում, այսօր նրանք ձուլման վտանգի առաջ են կանգնած: Երիտասարդները հեռացել են հայկական մշակույթից: Սփյուռքը միշտ ձգտում է ձուլման, եւ մեր խնդիրը նրանց այդ ձուլումից պաշտպանելն է՚:
Ասուլիսին ներկա, Արգենտինայում շուրջ 36 տարի լույս տեսնող ՙՍարդարապատ՚ թերթի խմբագիր ԴԻԱՆԱ ՏԵՐ-ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ տեղեկացմամբ, թերթի նպատակը հայապահպանությունն է հայկական գաղութներում: ՙԹերթն ունի 3500 բաժանորդ, եւ ամեն շաբաթ անվճար բաժանվում է հայկական դպրոցներին ու եկեղեցիներին: Շաբաթաթերթի նպատակն է` Արգենտինայում հաստատուն պահել հայի ոգին: Հայ համայնքը խոշորագույններից է եւ մեծ դեր է խաղում քաղաքի կյանքում: Այդ իսկ պատճառով ցեղասպանի արձան տեղադրելը, այն էլ` կենտրոնական հրապարակում, բացառվում էր՚:
Պատրաստեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

