ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԱՇՎԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ԷՐ ՀԱՎԱՔՈՒՄ
Արխիվ 12-16![]()
ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԱՇՎԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ԷՐ ՀԱՎԱՔՈՒՄ
Ընդամենը հաշված օրեր են մնացել մինչեւ մայիսի 6-ը: Եվ ինչքան մոտենում է ընտրությունների քվեարկության օրը, ավելի են շատանում լարվածությունը, դրա հետ միասին ակնհայտ դառնում պոչավոր, պոզավոր բլեֆներ ու ինտրիգներ:
Եվ այսպես, ապրիլի 27-ին ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Գ.Ծառուկյանը ժամը 14:00-ին հանդիպում պետք է ունենար Սիսիանի ազգաբնակչության հետ, Սիսիակ Նահապետի հրապարակում:
Արդարության առաջ չմեղանչելու համար նշենք, որ այս չորս տարիների ընթացքում սիսիանցիները չէին հանդիպել Գ. Ծառուկյանի հետ, մոտիկից շփվելու, իրենց հուզող հարցերի պատասխանն անմիջապես ստանալու: Իրականում ինչ էր տեղի ունենում այդ օրը Սիսիանում: Դեռ առավոտից քաղաքապետարանի ամբողջ կազմը շարժման մեջ էր եւ ամենից անհանգիստը քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն էր, որը այս երկու-երեք տարիների ընթացքում էր անդամագրվել ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությանը, իսկ մինչ այդ չգիտենք, թե ինչ կուսակցության անդամ է եղել: Նշեմ, որ կահավորում էին բեմահարթակը, տեղադրում բարձրախոսները, պատերին կպցնում զանազան ատրիբուտներ, ստուգում խոսափողները եւ այլն: Իսկապես Աղասի Հակոբջանյանն իր տարերքի մեջ էր, ու ինձ թվում էր, որ ինչ-որ տեղ ձգտում է ռեւանշի հասնել, բայց ո±ւմ դեմ` հարցականի տակ դնելով տողերիս հեղինակին ու հրապարակում հավաքված սիսիանցիներին: Այս ամենը թերեւս մեկ բացատրություն ունի այն պարզ պատճառով, որ վարչապետ Տ. Սարգսյանի այցը Սիսիան եղած ժամանակ չէին հրավիրել քաղաքապետին, ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի այցի ժամանակ մասնակից չէին դարձրել, եւ ահավասիկ քաղաքապետին մնում էր պատշաճ ձեւով կազմակերպել հանրահավաքը, որ պրն Ծառուկյանը գոհ մնար ու Գ. Ծառուկյանի կողմից ՙդաբրո՚ ստանա աշունը նորից իր թեկնածությունը առաջադրելու` Սիսիանի քաղաքապետ վերընտրվելու համար: Սա դեռ վերջը չէ: Աղասի Հակոբջանյանը վաղօրոք կանխամտածված խորամանկ քայլի էր դիմել: Պայմանավորվածության գալով Սիսիանի գյուղերի ազգաբնակչության հետ եւ տրանսպորտի ու տեղափոխման ծախսերը վերցնելով իր վրա (երկու ՀԷԿ-երի սեփականատեր է) բոլորին հավաքել-բերել էին Սիսիանի հրապարակ ի ցույց, թե. ՙՏեսեք, ինչքան մարդ է հավաքվում Գ. Ծառուկյանի հանրահավաքին՚: Կամ ինչ անուն տալ նրան, երբ երեք օր Սիսիանի Որոտան թաղամասում, մարդկանց տեսանելի վայրում (նախքան Գ. Ծառուկյանի ժամանելը) 6-7 հատ ՙՊերեգոն՚ տրակտոր էին բերում-կանգնեցնում, երեկոյան` հավաքում-տանում:
Հայցելով ընթերցողների ներողամտությունը, նշենք, որ ՙԲարգավաճ Հայաստանը՚ գյուղատնտեսության ոլորտում որպես առաջնահերթ խնդիրներ կարեւորել է 10 մարզերում մեքենատրակտորային առնվազն մեկական կայանի ստեղծում: Այնինչ ճարպիկ քաղաքապետը, սիսիանցիների աչքին ուզում էր Ծառուկյանի հաշվին լավ երեւալ այն պարզ պատճառով, որ շուտով քաղաքապետի ընտրություններ են լինելու, բա մի բանով չսիրաշահի սիսիանցիներին, մոռանալով, որ մի ժամանակ էլ սիսիանցիներին դատի տալով էր զբաղված: Այս անգամ սիսիանցիները սխալվելու իրավունք չեն ունենա: Հետեւությունը թողնենք ընթերցողին: Ինչեւէ, ժամը 14:00-ին Գ.Ծառուկյանը Սիսիանում էր:
Դիմելով սիսիանցիներին` Գ. Ծառուկյանը նշեց, որ մայիսի 6-ից հետո ընտրելու ենք Հայաստանի նոր խորհրդարան ու մեր հայրենիքը դարձնելու ենք ավելի բարեկեցիկ, ավելի ժողովրդավար, ավելի խաղաղ ու անվտանգ եւ ամենից կարեւորը, պատասխանատու է լինելու իր ժողովրդի, իր ընտրողների, իր պետության առջեւ: Այնուհետեւ Գ. Ծառուկյանը կոչ արեց սիսիանցիներին մասնակցելու ընտրություններին` նշելով, որ ոչ ոք մեր փոխարեն մեր երկիրը չի շենացնելու, մեր խնդիրների չի լուծելու ու չի պաշտպանելու:
ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
Սիսիան-Երեւան

