ՈՄԱՆՔ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՙՆՅԱՐԴԱՅՆԱՆԱԼ՚
Արխիվ 12-16![]()
ՈՄԱՆՔ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՙՆՅԱՐԴԱՅՆԱՆԱԼ՚
Ընտրական քարոզարշավի վերջին շաբաթվա ընթացքում ոմանց ՙգարնանային սրացումը՚ հասել է գագաթնակետին: Այսպես, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեց, թե ՀԱԿ-ը 50 եւ ավելի տոկոս է ստանալու, եւ դա այն դեպքում, որ Սյունիքում ԼՏՊ-ի ճնշումը բարձրացավ ու վերջինս այլեւս չի վարում ՀԱԿ-ի քարոզարշավը:
Դե, ինչպես չբարձրանար, երբ, թեկուզ մեջտեղից ճղվի, ՀԱԿ-ի նախընտրական հանդիպումներին մեկուկես մարդ է գալիս:
ԼԵՎՈՆԱՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՉԱՐԴԱՐԱՑԱՆ
Ինչքան լավ էր մինչ վերջերս, այսպես կոչված, ՙմիասնական շտաբի՚ համար, որին ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը իր վերջին ասուլիսին տվեց ՙլեւոնաքոչարյանական միություն՚ անունը` մատնանշելով, որ դրա նպատակն է ՙնարնջագույն՚ հեղափոխության իրականացումը եւ արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունը: Օսկանյանն ու համախոհները, գումարած` ՀԱԿ-ը եւ Դաշնակցությունը, միասին գնում էին ՀՀԿ-ի դեմ` ծավալելով լայն ընդգրկում ունեցող սեւ քարոզչութուն ու գումարած դրան` լիուլի օգտվելով ԲՀԿ-ի վիթխարի ռեսուրսներից: Այդ միության մեջ ԼՏՊ-ի նպատակն է տապալել գործող իշխանությունը եւ վերականգնել այն կուրսը, որ վարում էր ինքը 1988-ից սկսած, իսկ Ռոբերտ Քոչարյանի նպատակը` կրկին գալ իշխանության:
Սակայն այդ ՙհովվերգական՚ տեսարանի վրա իսկականից սառը ջրի տպավորություն թողեցին ՙԳելլափի՚` մեկ շաբաթ տարբերությամբ արված հարցախույզների արդյունքները: Այսպես` նշյալ ժամանակաշրջանում ՀՀԿ-ն իր ցուցանիշը բարելավեց 5 տոկոսով, ՙԺառանգությանը՚ բաժին հասավ լրացուցիչ 1 տոկոս, իսկ մնացյալի ցուցանիշները սկսեցին նվազել: Եվ եթե ԲՀԿ-ի համար 2 տոկոս նվազումը կատաստրոֆիկ չէ, ապա նույնը չես ասի ՀԱԿ-ի մասին, քանզի նախորդ 9 տոկոսի փոխարեն այժմ ցուցանիշը հասել է 7 տոկոսի, այսինքն` ՀԱԿ-ը անգամ պրոամերիկյան աչքերով ամեն ինչին նայող ՙԳելլափի՚ ցուցանիշներով ԱԺ չանցնելու հեռանկարի առջեւ է կանգնած: Ու, ըստ էության, այս վերջին հարցման տվյալներով ԱԺ ստույգ մտնող են ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, ստույգ չմտնող են ավանդական աուտսայդերական ՙեռյակի՚ ներկայացուցիչները, իսկ սահմանագծի վրա են մնացած բոլորը, այդ թվում` եւ իշխանափոխության երազանքով բարձրաձայն տապակվող ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն:
Ի±նչ ցույց տվեց այս ամենը` մի պարզ իրողություն, որ մեր հանրությունը մինչեւ կոկորդը կուշտ է սեւ քարոզչությունից, ու ավելի շուտ գերադասում է վստահել այն ուժերին, որոնք մյուսներին չեն վատաբանում, այլ ներկայացնում են սեփական անելիքը:Կարելի է փաստել, որ ԲՀԿ-ի վարկանիշին թիվ 1 վնաս հասցնողները եղել են Վարդան Օսկանյանը` իր թունդ քննադատական հռետորաբանությամբ ու Լիբիայի, Թունիսի, Եգիպտոսի եւ Եմենի հեղափոխությունների փառաբանությամբ, եւ Հմայակ Հովհաննիսյանը` իր ՙբոլորը ՀՀԿ-ի դեմ՚ ՙմիասնական շտաբի՚ արկածախնդրական գաղափարով: Լուրջ փորձագետները գիտեին, որ օսկանյանական ընդդիմադիր ՙֆոկուսները՚ մեծ ընդդիմադիր ընտրազանգված չէին բերի դեպի ԲՀԿ, դե, իսկ ՙնարնջագույն՚ խաղերը եւ Օսկանյանի շուրթերից հնչած ուղղակի հեղափոխական ՙմոտիվները՚ հանգեցրին վարկանիշի կորստի: ՍԻՄ նախագահը միանգամայն արտահայտում էր մեծամասնության տրամադրությունները, երբ զգուշացնում էր. ՙՄեզ ՙնարնջագույն՚ հեղափոխություն պետք չէ: Մենք արդեն ունեցանք նման հեղափոխություն 1990-91 թվականներին, որից հետո 10 տարի չէինք կարողանում ուշքի գալ...՚: Իրոք որ, մեր ժողովուրդը, ի հիասթափություն ոմանց, հիշողության կորստով չի տառապում, եւ գումարած դրան, այսպես կոչված, ՙարաբական գարունը՚, որը լեցուն էր դիակների կույտերի, արյան, ավերածության եւ հրդեհների տեսարանով, հիշողությունը թարմացնող գործոն էր, իսկ հեղափոխական ռոմանտիկայով տոգորված երիտասարդության մի փոքր հատվածի համար` նաեւ սթափեցնող գործոն:
Անշուշտ, հնչում են պնդումներ, թե իբր այս ՙԳելլափը՚ իսկական ՙԳելլափ՚ չէ, գումարած դրան` ՀԱԿ-ի ճամբարից արդեն գալիս է հոգեբուժարանի պալատին արժանի մարազմատիկ ելույթների հեղեղ, բայց բոլոր դեպքերում սթափ հաշվարկի սովոր լուրջ գործիչները` անկախ նրանց քաղաքական ճամբարից եւ հետապնդած նպատակներից, շատ լավ էլ գիտեն, թե ինչ է կատարվում: Ընդամենը 7-10 օրում եղավ իսկական ՙկոտրած տաշտակի՚ էֆեկտ: ՙԿոնսենսուս մինուս մեկի՚ մասնակիցներից ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն խորհրդարան չանցնելու շատ իրական ու գնալով խորացող հեռանկարի առջեւ են կանգնել, իսկ ԲՀԿ-ում էլ ամրապնդվել են ՙավանդական՚ թեւի դիրքերը ու թուլացել օսկանյանահմայակական ՙնարնջագույն՚ թեւի դիրքերը: Այսինքն` ՙլեւոնաքոչարյանական՚ մեքենան ակնհայտորեն սկսեց խափանվել: Ու եթե ԲՀԿ-ում հետեւություններ են անում, իսկ ՀՅԴ-ում փորձում են շտապ ՙհրշեջություն՚ անել եւ Աղվան Վարդանյանն արդեն կրկնում է ՀՀ նախագահի այն միտքը, որ մայիսի 6-ը աշխարհի վերջը չէ, ապա ՀԱԿ-ի գործերը գնալով դառնում են ավելի ու ավելի ՀԱԿմեջ: ՀԱԿ-ը պարզապես ՙպրծնում՚ է:
ՆՅԱՐԴԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ
Ոմանց նյարդայնանալու առաջին նշանները երեւացին սկզբում համացանցում, ուր ինչպես սոցցանցերի ակտիվ մասնակիցները, այնպես էլ տեղեկատվության պարզ սպառողները ակնհայտորեն ցույց տվեցին, որ մինչեւ կոկորդը կուշտ են ՀՀԿ-ի դեմ վարվող իր կեղտոտությամբ աննախադեպ կիբերպատերազմով: Դրան ի պատասխան համացանցում սկսվեց ՙնարնջագույն՚ կիբերպատերազմողների որեւէ տրամաբանություն չունեցող քայլերի հեղեղը:
Այդ նյարդային տրամադրությունները թափանցեցին նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքէջ` 2rd.am: Այդ կայքը սովորաբար զբաղված էր ՀՀ երկրորդ նախագահի վերաբերյալ դրական կարծիքների հավաքագրումով ու այդպիսի կարծիքներ ստեղծելու փորձերով, սակայն երեկվա առաջնորդողը իր ոճով նմանվում էր այն արտադրանքին, որը փոքր-ինչ այլ դաշտում տալիս էին քոչարյանական քարոզչամեքենայի այն սպասավորները, ում համար նույնիսկ ջանքերի գնահատում հետո չգտնվեց եւ նրանցից ոմանք իրենց ակնհայտորեն ՙքցված՚ զգացին: Առաջնորդող գրողի մտահոգությունը, որը, կարելի է ենթադրել, գոնե մասամբ արտահայտում է Ռոբերտ Քոչարյանի տրամադրությունը, վերաբերում է Վարդան Օսկանյանի խաղացած դերի պսակազերծումներին, սոցհարցումներն էլ վրադիր: Ճիշտ է, ՙԳելլափի՚ հիշատակում չկար, սակայն շատ կոպիտ ձեւով հարձակվել էին Ահարոն Ադիբեկյանի վրա այն բանի համար, որ, վերջինիս հարցախույզի համաձայն, Ռոբերտ Քոչարյանի վարկանիշն այժմ կազմում է 2,5 տոկոս: Դե, ձեռի հետ էլ մի փոքր կշտամբել են եւ ՙդեղին քարտ՚ ցույց տվել ՀԱԿ-ի առաջնորդին. ՙԼեւոն Տեր-Պետրոսյանն է անցած տասնօրյակում բազմիցս հիշել նախագահ Քոչարյանին: ԼՏՊ-ն ասես ժամանակացույց է մշակել եւ փիս խասյաթի համաձայն, ըստ ժամանակացույցի անընդհատ կսմթում է երկրորդ նախագահին: Բայց դրա մեջ մի տեսակ, մազոխիզմի պես մի բան կա: Այնքան է առաջին նախագահը մանր-մունր բզում, բզբզում, մինչեւ երկրորդը, ավանդույթի համաձայն` մի պինդ քոթակ է տալիս, ու նա սսկվում է ՙբավարարված՚: Երեւի, ըստ նրա ժամանակացույցի, ջանն էլի քոր է գալիս՚:
Իսկ ռեալ քաղաքական դաշտում նյարդայնությունը դրսեւորվեց ՙմիասնական շտաբի՚` Սահմանադրական դատարան դիմելով, ուր հնչել է պահանջ հակասահմանադրական ճանաչել ընտրական օրենսգրքի այն դրույթը, որը ելնելով քաղաքացու` ընտրություններին մասնակցել-չմասնակցելը գաղտնի պահելու իրավունքից, արգելում է ընտրություններից հետո ընտրության մասնակիցների ցուցակի հրապարակումը: Ի դեպ, ՍԴ-ն, վկայակոչելով հարցի հրատապությունը, դատալսումը նշանակել է մայիսի 5-ին, սակայն պարզ է, որ անգամ հայցի բավարարման դեպքում ֆիզիկապես հնարավոր չէ ԱԺ-ն արագ հավաքել եւ օրենքում փոփոխություն մտցնել: Ու պատահական չէ, որ երբ ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները ստորագրահավաք արեցին` դիմելու ՍԴ, արդեն շեշտվեց, որ դա ոչ թե ՙմիասնական շտաբի՚, այլ համապատասխան պատգամավորների նախաձեռնությունն է:
Ավելին, ՀՀԿ-ն շատ օպերատիվ արձագանքեց եւ նախաձեռնեց կուսակցությունների դիմումը ԱԱԾ-ին, որպեսզի քվեարկության ավարտից հետո մինչեւ բողոքարկման ժամկետի ավարտը կուսակցություններին մատչելի դառնա ԱԱԾ-ի այն համակարգչային բազան, ուր արձանագրվում են քաղաքացիների ելումուտի օպերատիվ տվյալները: Սկզբում այդ դիմումն ընդունվեց ՀՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ՀԴԿ, ՀԿԿ ձեւաչափով, այնուհետ ԲՀԿ-ից հայտնեցին, որ միանում են այդ դիմումին, իսկ երեկ էլ միացավ ՙԺառանգությունը՚: Այսինքն` տակը մնացին ՀԱԿ-ը, որը կտրականապես հրաժարվում է դրան մասնակցել, մեկ էլ ընտրական մրցավազքերի մշտական ՙվերջից առաջինը՚` ՙՄիավորված հայեր՚ կուսակցությունը: Դե ինչ, ամփոփելով կարելի է ասել, որ ՀՀԿ-ն վստահաբար գնում է դեպի հաղթանակը, եւ համամասնական ընտրակարգով հաստատ անցնելու է 40 տոկոսի շեմը, իսկ մեծամասնական ընտրատարածքների պատկերը հուշում է, որ առնվազն 28 մանդատ ՀՀԿ-ն ունենալու է եւ մեծամասնական ընտրակարգով: Այսինքն` ընտրությունների արդյունքով ՀՀԿ-ին մեկուսացնելը դառնում է գործնականում անհնարին, գումարած դրան` ՙփայլուն՚ ձեւով տապալվում են ընտրությունները կանխավ կեղծված ներկայացնելու եւ դրանց որակի վրա ստվեր գցելու փորձերը:
Հենց դրանից են գալիս ՙնարնջագույն՚ ռեւանշի ճարտարապետների եւ կատարողների նյարդային շարժումները, բայց բոլոր դեպքերում ե°ւ մայիսի 6-ին, ե°ւ, հատկապես, հաջորդ օրերին ուժային կառույցներից կպահանջվի առանձնահատուկ զգոնություն եւ պրոֆեսիոնալիզմ, որպեսզի անհնարին դառնա զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ փողոցի միջոցով հեղաշրջում իրականացնելու ցանկացած փորձ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

