ՙԿԱՆ ԱՂԱՆԴՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱԿՆՀԱՅՏՈՐԵՆ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՚
Արխիվ 12-16| ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ |
Այսօր աշխարհում տարեկան ինքնասպանություն է գործում մոտ 1.000.000 մարդ, իսկ ինքնասպանության փորձերի թիվը տասնյակ անգամ ավելի մեծ է: Համաշխարհային առողջապահական կազմակերպության կանխատեսումներով` 2020 թվականին մոտ 1,53 միլիոն մարդ ինքնասպան կլինի, իսկ 10-20 անգամ ավելի մարդիկ կիրականացնեն սուիցիդալ փորձ: Ստացվում է, որ յուրաքանչյուր 20 րոպեում ինքնասպան կլինի մեկ մարդ, իսկ մեկ-երկու վայրկյան հետո կկատարվի մեկ սուիցիդալ փորձ: Ինքնասպանությունը, կարծես թե, դարձել է դեռահասների եւ պատանիների մահացության երրորդ հիմնական պատճառը` դժբախտ պատահարներից եւ սպանություններից հետո:
Հայաստանում եւս ինքնասպանությունների թվի աճը հասնում է տագնապալի մակարդակի, ընդ որում, այդ վտանգավոր միտումը հատկապես ցայտուն է արտահայտվում երիտասարդների շրջանում: Բերենք թեկուզեւ վերջին երկու դեպքերը: Ապրիլի 22-ին Չարենցավան քաղաքում ինքնասպանություն է գործեց 9-րդ դասարանի աշակերտուհին` 15-ամյա մի աղջիկ. տուն վերադարձած ծնողները նրան գտան կախված վիճակում: Ընդամենը 3 օր անց` ապրիլի 25-ին Երեւանի Կիեւյան կամրջի տակ հայտնաբերվեց մեկ այլ աղջկա` 17-ամյա Ալմաստ Մ.-ի դին: Իհարկե` ինքնասպանության ամեն մի դեպք իր յուրօրինակ պատմությունը, պատճառներն ունի: Օրինակ Չարենցավանի դեպքը ժողովրդական բանահյուսությունը արդեն կապում է աղանդների հետ, եւ այս պատմության մանրամասներին, թերեւս, առաջիկայում հանգամանորեն կանդրադառնանք: Բայց երբ ինքնասպանություն գործողների թիվն այսքան շատանում է, դա նաեւ ընդհանուր հոգեբանական բնույթի պատճառների մասին էլ է սկսում վկայել: Ուստիեւ խնդրի հոգեբանական դրդապատճառների շուրջ խոսեցինք հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ.
- Անզեն աչքով էլ է պարզ, որ ինքնասպանությունների թիվը գնալով աճում է: Ինչո±վ է դա պայմանավորված:
- Ամբողջ աշխարհում ինքնասպանություններ ավելի շատ կատարում են երիտասարդները: Եթե մի նախադասությամբ նկարագրենք ինքնասպանություն երեւույթը, այսպես կարելի է ասել. մարդը զգում է կյանքի իմաստի կորուստ, այսինքն` համարում է, որ ապրելն անիմաստ է: Իսկ ե±րբ է հանգում նման եզրակացության. երբ կյանքում ինչ-ինչ իրադարձություններ եւ ինչ-ինչ հանգամանքներ են լինում, որոնք կարծես մահը ավելի հրապուրիչ են դարձնում, քան կյանքը: Բայց հետաքրքիր մի օրինաչափություն կա. մարդկանց մոտ 80 տոկոսն իր կյանքի ինչ-որ մի էտապում ինքնասպանության մասին մտքեր է ունենում. դա բնորոշ է շատ-շատերին: Կյանքի ծանր, դժվար, անելանելի թվացող հանգամանքներում մարդիկ կարող են հանկարծ նման մտքեր ունենալ: Նաեւ այսպիսի մի օրինաչափություն եւս կա բացահայտված: Պարզվում է, որ երբ մարդը հուսալքված է եւ ուզում է գնալ ինքնասպանության քայլին, եթե այդ պահը անցնի, կողքի մարդկանց միջամտության շնորհիվ ինքնասպանության մտքերը կարող են տեղի տալ: Այսինքն` շատ կարեւոր է, որպեսզի կողքի մարդիկ կարողանան ընկալել, զգալ դիմացինի հոգեվիճակը: Իսկ պոտենցիալ ինքնասպանն իր շրջապատի մարդկանց, թեկուզ աննշան, ոչ ակնհայտ ձեւերով այդ ազդակներն ուղարկում է: Օրինակ` ապագա ինքնասպանը կարող է ժամանակ առ ժամանալ ասել` կյանքից հոգնել եմ, ապրել չեմ ուզում, կյանքին հրաժեշտ տալու ինչ-որ բաներ անել, կիսատ գործերն ավարտին հասցնել, իր համար շատ թանկ իրերը հանձնել շատ թանկ մարդկանց: Եվ եթե հենց այդ ժամանակ կողքի մարդիկ նրբանկատ լինեն, գնահատեն այն ծանր իրադրությունը, որի մեջ հայտնվել է տվյալ մարդը, կարող են հասկանալ, որ կարծես ամեն ինչ տանում է դեպի ինքնասպանություն: Շատ կարեւոր է, որպեսզի մարդը հուահատության պահին կողքին ունենա ինչ-որ մեկը, որ գոնե իրեն ուղղակի կլսի եւ ոչ թե քարոզներ կկարդա: Կարեւոր է էմպատիկ լսումը, այսինքն` մարդու վիճակի մեջ մտնելով` լսում ես նրա ցավը, իր մտորումները: Հենց որ մարդը արտահայտվում է, խոսում է, արդեն որոշակիորեն իր հոգեվիճակը թեթեւանում է:
Վերջերս ինքնասպանությունների թեմայով շատ հաճախ են հաղորդումներ լինում: Ինձանից էլ են ուզում հարցազրույցներ այդ մասին: Հաճախ հրաժարվում եմ խոսել այդ թեմայով, որովհետեւ կա հայտնի հոգեբանական մի օրինաչափություն, որը կոչվում է Վերթերի էֆեկտ: Պարզվում է, որ ինչքան շատ է խոսվում, արծարծվում, վերլուծվում ինքնասպանությունների թեման, այդքան ավելի է բարձրանում ինքնասպանությունների թիվը: Պետք է ուղղակի օգնության ստրուկտուրաները լավ աշխատեն: Կարեւոր է մտերիմ մարդկանց խորամիտ վերաբերմունքը, պետք է ուղղակի լսել մարդու տառապանքները: Իհարկե, կան որոշ դեպքեր, երբ տեսնում ես, որ պատճառականությունը ուղիղ տանում է տնտեսական ծանր կացության: Մարդը չի կարող ինչ-որ ձեւով ապահովել ընտանիքը, իրեն զգում է անպիտան: Բայց չի կարելի ամեն ինչ միայն բերել-հանգեցնել տնտեսական վիճակին: Կան շատ ու շատ պատճառներ, հոգեկան ցնցումներ, խորհրդատվություններ, որոնք, ի վերջո, հանգեցնում են ինքնասպանության:
- Ավելի շատ տղամարդկա±նց շրջանում են ինքնասպանություններ լինում, թե± կանանց:
- Տղամարդիկ ավելի շատ են դիմում ինքնասպանության: Կանայք ավելի շատ շփվող են: Երբ կինը խնդիր ունի, ինչ-որ բան ներքուստ իրեն տանջում է, նա ավելի շատ հակված է ուրիշների հետ այդ թեմայով խոսել: Դա կարող է լինել հարեւան, բարեկամ, ընկեր, ընկերուհի: Տղամարդիկ ավելի փակ են, իրենց ծանր հոգեվիճակների մասին չեն սիրում խոսել ուրիշների հետ: Տղամարդկանց մոտ մենակության, կյանքի իմաստի կորստի զգացողությունը ավելի խորն է: Կանանց փրկում է իրենց բնույթը:
- Ինքնասպանությունները հաճախ կապում են աղանդների հետ: Ի±նչ կասեք այդ մասին:
- Կան աղանդներ, որոնք ակնհայտորեն նպաստում են ինքնասպանություններին: Աղանդի մեջ ներգրավված մարդկանց գիտակցությունն արդեն փոխված է լինում, իրենք ամբողջությանբ կախվածության մեջ են լինում աղանդի պարագլուխներից: Այսինքն` աղանդի մեջ ներգրավված մարդն իր գործողությունների եւ որոշումների տերը չէ: Եթե իր համար սրբացված մեկը կասի, որ դա շատ ճիշտ է, որ մյուս աշխարհում կա երանություն, փրկություն, մարդը շատ հանգիստ գնում է այդ քայլին: Այնպես որ, այո°, այդպիսի հետազոտություններ կան, որ աղանդները նպաստում են ինքնասպանությունների աճին:
Ուղղակի կարեւոր է, որ յուրաքանչյուր պոտենցիալ ինքնասպան մտածի, որ միշտ հնարավոր է կյանքում գտնել նոր արժեքավոր նպատակներ: Եվ այստեղ տեղին է նշել հետեւյալ արտահայտությունը. ՙԱստված երբ մի դուռ փակում է, ինչ-որ մի դուռ անպայման բացում է՚: Պետք է ուղղակի այդ դուռը տեսնել, բոլոր իրադրություններից էլ կան ելքեր:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

