ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐԴԱՐԱՑՈՒՄԸ` ՀԵՐԹԱԿԱՆ ՁԱԽՈՂՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Արխիվ 12-16| ՍՊՈՐՏ |
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐԴԱՐԱՑՈՒՄԸ` ՀԵՐԹԱԿԱՆ ՁԱԽՈՂՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Արդեն տեղեկացրել էինք, որ Թուրքիայում ավարտված վարկանիշային մրցաշարից հետո պարզվեց, որ Հայաստանը միայն մեկ ներկայացուցիչ կունենա Լոնդոն-2012-ի բռնցքամարտի մրցաշարում. ասպարեզ դուրս կգա 75կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը, ով նախորդ տարի նման իրավունք էր ստացել Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում:Ինչպես խոստացել ենք, ներկայացնում ենք 2008թ. օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, վանաձորցի ՀՐԱՉՅԱ ՋԱՎԱԽՅԱՆԻ կարծիքը:
Հիշեցնենք, որ նա 2010թ. Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում միակն էր Հայաստանի հավաքականից, ով ոսկե մեդալի արժանացավ… Իսկ հավաքականից դուրս է մնացել այն պատճառով, որ ձմռանը ուսի վնասվածք է ստացել եւ չի կարողացել մասնակցել Հայաստանի առաջնությանը. ՙԻմ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի հետ պետք է սպարինգ մրցամարտ անցկացնեի, սակայն նշանակված օրը ռինգ դուրս գալ չէի կարող, քանի որ քաշի խնդիր ունեի: Խնդրեցի լրացուցիչ օր, բայց չտրամադրեցին…՚:
Ըստ նրա, նախորդ տարի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի հեռանալը բացասական ազդեցություն է թողել հավաքականի ելույթների վրա: Ապա ցավով նշում է, որ 4 տարի պատրաստվել էր օլիմպիական խաղերին, ու հիասթափությունն այնքան մեծ է, որ որոշել է թողնել բռնցքամարտը, թեեւ 28 տարեկան է: Բայց որոշումը դեռ վերջնական չէ:
Հիշեցնենք, որ 2000 թվականի Սիդնեյի օլիմպիադայից հետո, երբ մեկ այլ վանաձորցի, այսօր արդեն աշխարհահռչակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը Ավստրալիայում ոչ պաշտոնական պրոֆեսիոնալ մենամարտ անցկացրեց, նրան պարզապես հեռացրեցին հավաքականից: Երբ եկել էր մասնակցելու Հայաստանի առաջնությանը եւ բարձրացել էր կշռվելու, պատասխանատուներից մեկը հրել էր նրան... Բարեբախտաբար, դա դարձավ խթան, զայրացրեց հայ մարզիկին, ու նա մեծ հաջողությունների հասավ պրոֆեսիոնալ բռնցքամարտում` մի քանի անգամ տարբեր վարկածներով ու տարբեր քաշային կարգերում հռչակվելով աշխարհի չեմպիոն: Սակայն այն ժամանակ Վախթանգը 24 տարեկան էր, իսկ Հրաչյան արդեն 28 տարեկան է:
Ի դեպ, Հայաստան վերադառնալուց հետո հավաքականի գլխավոր մարզիչ ԿԱՐԵՆ ԱՂԱՄԱԼՅԱՆՆ իր գնահատականն է ներկայացրել NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում. ՙՀիմնականում հույս էի կապում Վլադիմիր Սարուխանյանի հետ, մտածում էի, որ ուղեգիր կարող է վաստակել նաեւ Կորյուն Սողոմոնյանը: Վերջինս, այսպես ասած, ՙվառվեց՚ մրցումներում: Հաղթանակի հասնելու ցանկությունը այնքան մեծ է երիտասարդ բռնցքամարտիկի մոտ, որ նա իր մենամարտը չանցկացրեց: Ինչ վերաբերում է Վլադիմիր Սարուխանյանին, ապա նա Տրապիզոնում չի պարտվել: Շոտլանդացի բռնցքամարտիկին մեր մարզիկը նույնիսկ ՙծեծել՚ է՚: Երբ թղթակիցը հիշեցրել է, որ հայ մարզիկը պարտվել է 7:19 հաշվով, գլխավոր մարզիչը պատասխանել է. ՙԵրրորդ ռաունդից առաջ շոտլանդացուն երեք միավորի առավելություն էին տվել: Վերջին ռաունդում նա ոչ մի հարված չտվեց, բայց նրա օգտին հաշվեցին ինը միավոր: Մենք բողոք էլ ներկայացրինք, սակայն, ցավոք, ոչ մի օգուտ դրանից չեղավ՚:
Նա պատասխանել է նաեւ Հրաչյա Ջավախյանի վերաբերյալ հարցին. ՙՀայաստանի չեմպիոնը 64 կգ քաշային կարգում Արա Պուլուզյանն է: Այս բռնցքամարտիկը լավ հանդես եկավ նաեւ նախավարկանիշային մրցաշարում, որը անցկացվեց Ֆինլանդիայում: Ջավախյանը չգիտեմ ինչեր է խոսում, բայց նշեմ, որ ես սպարինգով հավաքականի առաջին համարին չեմ ընտրում: Բացառության կարգով նրան ընդառաջեցինք նույնիսկ, սակայն նա անձնական քաշի խնդիր էլ ուներ՚:
Ինչ վերաբերում է օլիմպիական ուղեգրերին, ապա տեղեկացանք, որ գյումրեցի նիզականետորդուհի Քրիստինե Հարությունյանը հերթական օլիմպիական ուղեգիրը նվաճեց` Սոչիում կայացած ատլետիկայի Ռուսաստանի առաջնությունում ցույց տալով 59,12 մ արդյունք, որը 12 սմ-ով գերազանցել է օլիմպիական նորման: Օլիմպիական խաղերի ատլետիկայի մրցումներին Հայաստանից կմասնակցի նաեւ գյումրեցի նիզականետորդ Մելիք Ջանոյանը: Հայաստանն արդեն օլիմպիական խաղերի 18 ուղեգիր ունի:
Մենապայքարային մարզաձեւերում շարունակվում են օլիմպիական վարկանիշային մրցաշարերը: Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից ամենաշատ ուղեգիր այս պահի դրությամբ ունի Ռուսաստանը` 322: Հայաստանն ու Վրաստանը 18-ական ուղեգիր ունեն, իսկ ահա Կովկասի երրորդ ներկայացուցիչը` մեր ոխերիմ հարեւան Ադրբեջանը, արդեն 40 մասնակից է ապահովել Լոնդոնում:
Օլիմպիադայի մասնակիցների վերջնական թիվը պարզ կդառնա հունիսին:
Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

