ԱՀԱ ԹԵ ՈՐՏԵՂԻՑ ԵՆ ՓՉՈՒՄ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՔԱՄԻՆԵՐԸ
Արխիվ 12-16| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ |
ԱՀԱ ԹԵ ՈՐՏԵՂԻՑ ԵՆ ՓՉՈՒՄ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՔԱՄԻՆԵՐԸ
Նախընտրական այս եռուզեռի մեջ ներառված ուժերից` ՙԺառանգությունը՚, գաղտնիք չէ, որ ինչպես ներկայիս ԱԺ-ում, այնպես էլ նախընտրական քարոզարշավում հիմնականում շեշտը նախընտրում է դնել, այսպես ասած, ՙչոր՚ քաղաքական բնույթի տարբեր հայտարարությունների եւ նման բաների վրա, ըստ էության, ՙինչքան սկանդալային` այնքան լավ՚ սկզբունքով: Թերեւս այդ նախասիրության պատճառով է, որ անգամ գործող ԱԺ-ի աշխատանքներում, եթե անգամ խոսքը զուտ տնտեսական բնույթի գործընթացների մասին էր, էլի այդ ուղղությամբ լավը կամ վատը կոնկրետ ներկայացնելու փոխարեն, շատ հաճախ ժառանգական պատգամավորները փորձում էին իրենց քննադատությունն արտահայտել առավելագույնս քաղաքականացված երանգներով: Չնայած, մյուս կողմից` հասկանալի է. ԱԺ-ում ունենալով բավականին փոքրիկ ներկայացվածություն, այն էլ` խորհրդարանում առաջին անգամ գտնվելով, հասկանալի է, ՙԺառանգությունը՚ նույն չափով էլ հնարավորություն ուներ ընդհանուր տնտեսական զարգացումների վրա ազդելու: Ասել է թե` նախկին տարիների լավ ու վատի համար ՙժառանգությունն՚ իրեն ոչ մի պարագայում,հասկանալի է, պատասխանատու չի համարի:
Սակայն այստեղ մեկ հանգամանք աչքաթող չանենք: Հասկանալի է, մյուս բոլորի օրինակով այս ընտրարշավում ՙԺառանգության՚ մոտ եւս ճոխ-ճոխ սոցիալ-տնտեսական բնույթի խոստումների պակաս չի զգացվում: Բնականաբար` նախորդ տարիների համար իրեն պատասխանատվությունից զերծ համարելով` ժառանգականներն ընտրողներին մոտավորապես հետեւյալն ասելու հնարավորություն ունեն. ՙմենք ձեզ եւրբեւէ չենք խաբել, հետեւաբար` հիմա եւս ինչ խոստանում ենք, կանենք...՚: Սակայն այստեղ չմոռանանք, որ ՙԺառանգությունն՚ ընտրությունների է գնում ոչ թե մենակ, այլ ՙԱզատ դեմոկրատների՚ հետ: Իսկ այս դեմոկրատները, հայտնի է, որ ՀՀՇ-ական բեկորների վրա ձեւավորված կառույց են: Ասել է թե` ինչքան էլ որ առաջին պլանում ՙգալիս՚ է Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց նաեւ ի դեմս ՀՀՇ-ական հիշատակված բեկորների, համատեղ ցուցակում քիչ չեն այնպիսի անձինք, ովքեր ժամանակին գրավել են բարձր պետական պաշտոններ ու անմիջական մասնակցություն ունեցել երբեմնի հզոր հայաստանյան տնտեսությունն ավերելու, ավելի ճիշտ` ՙդեմոկրատացնելու՚ ՙսուրբ՚ գործին: Ուստիեւ, հասկանալի է, մինչեւ այդ ընդհանուր ցուցակի անունից տրվող գեղեցիկ խոստումներին հասնելը, պետք է հաշվի առնել, որ տվյալ անձինք ժամանակին էլ ոչ պակաս չքնաղ խոստումների ներքո երկրի հերն անիծեցին:
Մի խոսքով, ՙԺառանգություն՚-ՙԱզատ դեմոկրատներ՚ երկյակը տալիս է խոստումներ, որոնք, անկեղծ ասած, կարելի է հանդիպել մյուս գրեթե բոլոր ուժերի մոտ: Օրինակ` ՙօրախնդիր են գերակա ոլորտ ճանաչված տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների զարգացմանը եւ համաշխարհային շուկայում ՀՀ մրցակցային դիրքերի ամրապնդմանը միտված արմատական քայլերի իրականացումը՚, ՙտեղական հումքի վրա հիմնված ռեսուրսախնայողական ու գիտատար արդյունաբերության զարգացման խթանում՚, պետության տնտեսական քաղաքականությունը տնտեսության առավել գիտատար, ինովացիոն ճյուղերի զարգացմանն ուղղել, ՙերկրի էներգետիկ, ռազմական, տնտեսական, տրանսպորտային, պարենային եւ բնապահպանական անվտանգությունը՚, ՙվերամշակող արդյունաբերության զարգացում՚, ՙարտահանման խթանում՚, ՙփոքր եւ միջին բիզնեսի զարգացում՚, ՙօլիգոպոլիաների վերացում՚: Եվ այդ ամենի հաշվին` ՙարդյունաբերության դերի բարձրացում՚: Մի խոսքով, խոստումներ, որոնք թե Հայաստանի անկախացումից հետո քանի-քանի անգամներ են տրվել, հաստատ հաշվել հնարավոր չէ: Բայց փոխարենը` ՙԺառանգությունն՚ առաջարկում է նաեւ լուծման իր եղանակները, ժամանակացույցը, եւ այստեղ է, որ բազում հարցեր են ծագում այդ խոստումների արժանահավատության հետ կապված: Տպավորությունն այն է, որ ՙԺառանգությունը՚ հայաստանյան բոլոր խնդիրների լուծումը տեսնում է բացառապես փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը զարգացնելու մեջ եւ շատ դեպքերում` ի հաշիվ խոշոր բիզնեսի: Օրինակ, կա նման առաջարկ. ՙՊրոգրեսիվ հարկային օրենսդրության ներմուծում, որի կիրառումից հարկային բեռը փոքր ու միջին բիզնեսից կտեղափոխվի դեպի խոշոր բիզնես՚, կամ. ՙԱռաջիկա 15 տարիներին բացառիկ բարենպաստ հարկային պայմանակարգ սահմանել փոքր եւ միջին բիզնեսի համար՚: Իհարկե, առհասարակ, լավ բան է փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը տարաբնույթ արտոնություններ խոստանալը: Բայց մյուս կողմից էլ` հարց է, թե Հայաստանում ի±նչ ասել է` խոշոր կամ միջին բիզնես, եւ իրականում ովքե±ր են դրանցով զբաղվում:Եթե նայենք վճարած հարկերի տեսանկյունից, ապա հայաստանյան ամենախոշոր հարկատուների մեջ հաշված թվով օլիգարխներ կամ օլիգարխիկ բիզնեսներ կան միայն: Ընդ որում, այդ օլիգարխների մի մասն էլ իրենց հիմնական եկամուտը ստանում են նաեւ միջին համարվող իրենց բազում այլ բիզնեսների հաշվին: Դրանից զատ` էականորեն մեծ է այն օլիգարխների կամ այդ կարգի այլ մեծահարուստների թիվը, ովքեր զբաղվում են ոչ թե խոշոր բիզնեսով, այլ ունեն բազում միջին եւ փոքր ձեռնարկություններ, ընկերություններ, որոնք շատ դեպքերում նույնիսկ իրավաբանորեն իրար հետ կապված էլ չեն: Ընդ որում, այդ բիզնեսներից շատերը համապատասխանում են այն նորմերին, որոնցից ելնելով էլ ՙԺառանգությունն՚ առաջարկում է արտոնությունների տարաբնույթ սանդղակներ սահմանել: Այսինքն` առանց տարանջատման վերցնել եւ արտոնությունների մի ամբողջական շղթա սահմանել փոքր եւ միջին բիզնես ասվածի համար, շատ հավանական է, որ բոլորովին այլ էֆեկտը կունենա, քանի որ մեծ մասամբ դա կվերածվի օլիգարխ սեփականատերերով բազում միջին բիզնեսների արտոնություններ տալու: Իսկ ահա այն բիզնեսները, որոնք իրավամբ կարող են համարվել խոշոր, կամ ճիշտ կլիներ, որ այդպիսիք դառնային ¥ասենք` ծանր արդյունաբերություն, մետալուրգիա, էներգետիկա, քիմիական արդյունաբերություն եւ այլն¤ վերցնել եւ դարձնել հիմնական հարկատուները, ի վերջո, կարող է հանգեցնել նրան, որ առանց այդ էլ մեռած այդ ճյուղերը կարող են առհասարակ կորցնել վերակենդանացման բոլոր հնարավորությունները: Եվ պարզապես անհասկանալի է, որ դրանից հետո խոստանում են ՙհանրապետության խոշոր քաղաքներում արդյունաբերական ներուժի նորովի վերականգնումը՚, չնայած որ միաժամանակ էլ հստակեցնում են. ՙԵրեւանում եւ դրա շուրջ արդյունաբերության ապակենտրոնացումը` փոքր ու միջին ձեռնարկությունները սահմանային, լեռնային շրջաններում կազմակերպելու եւ զարգացնելու միջոցով՚: Այսինքն` ի±նչ, ժառանգականների ծրագիրը նախատեսում է Հայաստանը դարձնել հիմնականում փոքր ու միջին ձեռնարկությունների երկի±ր` առանց լուրջ արդյունաբերության: Դա մոտավորապես 1990-ականների սկզբների այն տխրահռչակ մոտեցմանը չի± նմանվում, ըստ որի` Հայաստանը պետք է դառնար տուրիստական երկիր եւ հիմնական շեշտը դներ հիմնականում սպասարկման վրա. գյուղատնտեսություն, ծառայություններ, մանր-մունր արտադրություններ եւ այլն, ու այդ ՙգաղափարների՚ ներքո էլ ոչնչացվեց Խորհրդային Հայաստանից մնացած հզոր խոշոր արդյունաբերական համալիրը: Կարծես թե նմանվում է դրան, եւ դժվար չէ կռահել, թե այդ որ քամիների ձգտումներն են դրանք: Ամեն դեպքում այդ է վկայում նաեւ, որ ՙԺառանգության՚ առաջարկն է` ՙտնտեսական քաղաքականության նպատակը՚ փոխել այս ուղղությամբ. ՙՏնտեսական աճ` փոքր եւ միջին բիզնեսի հաշվին՚: Ընդ որում, բավականին ճոխ հեռանկարներ խոստանալով. ՙՏասը տոկոս տարեկան տնտեսական աճը տնտեսության ներկա կառուցվածքի դեպքում ավելի պակաս սոցիալ-հասարակական արդյունք ունի, քան կունենար փոքր ու միջին բիզնեսի հաշվին գրանցված հինգ տոկոս տնտեսական աճը: Մենք կապահովենք տարեկան 10-15 տոկոս տնտեսական աճ փոքր եւ միջին բիզնեսի հաշվին եւ ամեն տարի կունենանք դրական ազդեցություն ավելին, քան երբեւէ եղել է անկախ Հայաստանում՚: Այսինքն` ի±նչ, խոստանում են ներկայիս տնտեսական աճի համարժեքով ապահովել տարեկան 20-30 տոկոս ա±ճ, եւ այն էլ միայն փոքր եւ միջին բիզնեսի հաշվի±ն: Սա արդեն նմանվում է Հայաստանը միայն ՙՋերմուկով՚ պահելու երբեմնի ֆանտազիաներին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

