ՙՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՏՐԱՆՔՆԵՐ ՊԵՏՔ ՉԵՆ՚
Արխիվ 12-16| ՀԱՆԴԻՊՈՒՄ |
ՙՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՏՐԱՆՔՆԵՐ ՊԵՏՔ ՉԵՆ՚
Հարցազրույց թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու ՍԱՐԻԲԵԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ հետ:-Պարոն Սուքիասյան, Ձեր առաջադրումը արդյո±ք առավել քան պայմանավորված չէ Ձեր եղբոր` Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ իշխանությունների հայտնի արարքով: Այլ կերպ ասած, որպեսզի այդ մանդատը իշխանության թեկնածուին լավագույն դեպքում հեշտ չտրվի, որովհետեւ Դուք մշտապես հայտարարել եք, որ բիզնեսի մարդ եք:
- Քարոզարշավից առաջ ներկայացրել եմ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու շարժառիթները: Արդեն իսկ հայտարարել եմ, որ եղբորս` Խաչատուր Սուքիասյանին չգրանցելը համարում եմ անօրինական, մարդու իրավունքների կոպիտ խախտում եւ քաղաքական հետապնդում: Դա նաեւ անարդարություն է ընտրողների նկատմամբ, քանզի գաղտնիք չէ, թե որքան շատ համակիրներ ունի Խաչատուր Սուքիասյանը մասնավորապես թիվ 10 ընտրատարածքում, եւ այդ մարդկանց իրենց նախընտրած թեկնածուին քվեարկելու հնարավորությունից զրկելն իրավական հարթությունից տեղափոխվում է բարոյական հարթություն: Ահա ինչու ես իմ պարտքը համարեցի փոխարինել եղբորս, թեեւ ավելի վաղ ասել էի, որ ես տնտեսական գործիչ եմ եւ չեմ պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ: Իմ առաջադրումը իմ դրական արձագանքն է հասարակության պահանջին: Այս ընտրատարածքում ավանդաբար եղել է սուր, բայց քաղաքակիրթ մրցակցություն: Նույնը կլինի նաեւ այս անգամ: Խնդիրն ամենեւին մանդատ զիջել-չզիջելը չէ, մանդատի համար կռիվը չէ: Խնդիրը տնտեսական քաղաքականության մեջ այն առողջ գծի շարունակումն է, որի ջատագովը` հասարակությունը, կարծում եմ, համոզվել է, որ իր պատգամավորական գործունեության ընթացքում պաշտպանել է Խաչատուր Սուքիասյանը:
- Հայտնի է, թե Խաչատուր Սուքիասյանն ինչպիսի ճնշումների ենթարկվեց, նոր ճնշումների ալիքից արդյո±ք չեք վախենում:
- Ճնշումների է ենթարկվել ոչ միայն Խաչատուր Սուքիասյանը, այլեւ մեր ընտանիքը, մեր մերձավորները: Ինչո±ւ միայն մենք. Շատերն են ենթարկվել ճնշումների եւ մեծ ու փոքր փորձությունների: Քաղաքական պայքարում ճնշում կոչվածն ազդեցիկ գործոն է եւ կարող է որոշ ժամանակ ինչ-որ արդյունք ապահովել ճնշում բանեցնողի համար, բայց արձանագրենք, որ ճնշումները չեն կարող լինել անընդհատ եւ շարունակական: Կյանքն ապացուցել է, որ դա ողջամիտ եղանակ չէ եւ, որպես կանոն, ունենում է բումերանգի էֆեկտ` ի վերջո հարվածում է ճնշում բանեցնողի հեղինակությանը: Հույս ունեմ, որ հայ քաղաքական միտքն ըմբռնել է այս իրողությունը:
- Ինչպե±ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ըստ Ձեզ` 2008-ից հետո Հայաստանում փոփոխություններ եղե±լ են: Եթե` այո, դեպի լա±վը, թե± դեպի վատը:
- 2008 թվականից հետո Հայաստանում բավականին բան փոխվեց: Փոխվեց մարդկանց մտայնությունը: Հայաստանի բնակիչները ստիպված եղան քաղաքական վերլուծություններ անել, վերացավ վախի մթնոլորտը, ձեռք բերվեց պայքարելու իրավունք, ժողովուրդը գնահատեց իր քվեի արժեքը: Մի խոսքով, քաղաքականապես հասունացան բոլորը, սակայն ժողովուրդն ինչպես չքավոր եղել էր, այնպես չքավոր էլ մնաց:
- Իսկ ինչպե±ս եք գնահատում ընտրապայքարում հաղթելու Ձեր շանսերը:
- Գործարարությամբ զբաղվելու, տնտեսական եւ ֆինանսական տարբեր կառույցներ ղեկավարելու հարուստ փորձը սովորեցրել է ինձ ցանկացած նոր գործ սկսելուց առաջ հաշվարկել իմ հնարավորությունները, կարողությունները, վերլուծել իրավիճակը:
Այս դեպքում էլ այդ բոլոր գործողությունները կատարվել են, եւ ես շատ հանգիստ եւ վճռական մտնում եմ ընտրապայքարի մեջ:
Իմ շփումներն ընտրատարածքի բնակիչների հետ, իրենց վստահությունն իմ հանդեպ, ինձ օժանդակող լավ պատրաստված թիմը թույլ են տալիս եզրակացնել, որ ես հաղթելու եմ: Ի վերջո, ես հանրությանն անծանոթ անձ չեմ, բազմիցս զանգվածային լրատվամիջոցներով ներկայացրել եմ իմ տեսակետը երկրի քաղաքական եւ սոցիալ-տնտեսական խնդիրների շուրջ, մատնանշել եմ տնտեսության զարգացմանը խանգարող խնդիրները, տարբերակներ եմ առաջարկել այդ խնդիրները լուծելու համար:
- Ի±նչ օրենսդրական նախաձեռնություններով եք հանդես գալու ԱԺ-ում:
- Դրանք, բնականաբար, կառնչվեն տնտեսական եւ քաղաքական ոլորտներին: Միտված կլինեն մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելուն, հարկային բեռի թեթեւացմանը: Ամենքս գիտենք, թե ինչ աղետալի վիճակում է մեր երկրի տնտեսությունը, որքան աղետալի են գործազրկության, արտագաղթի ծավալները, որքան համատարած է կոռուպցիան: Հայաստանի քաղաքացին, Հայաստանում բնակվող յուրաքանչյուր մարդ պետք է ապրի արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքով: Օրենսդրական իմ բոլոր նախաձեռնությունները ծառայելու են այդ նպատակին:
- Կառավարման ո±ր արժեհամակարգն է ընդունելի Ձեզ համար. ռուսակա±ն, արեւմտյա±ն, ասիակա±ն, թե± այլ:
- Ինձ համար ավելի ընդունելին եվրոպականն է: Մեր երկիրը սոցիալիստական համակարգից անցում է կատարում ազատ շուկայական տնտեսությանը: Այդ անցումը կարելի էր ավելի արագ կատարել, բայց մենք, ցավոք, դեռեւս այդ ճանապարհին ենք:
Եվրոպական արժեհամակարգի պարտադիր բաղկացուցիչներն են բարեկեցիկ կյանքը, սոցիալական երաշխիքները` որակյալ առողջապահությունն ու կրթությունը, ապահով ծերությունը… Այս ամենի մասին մեր երկրում երբեմն խոսում են որպես իրողություն, մինչդեռ ամենքիս է հայտնի, որ դրանք Հայաստանի քաղաքացիների համար ընդամենը պատրանքներ են, որոնցով փորձ է արվում կերակրել մարդկանց: Մեր իրականության գլխավոր հակասություններից մեկը սա է: Հայաստանի քաղաքացիներին պատրանքներ պետք չեն, նրանք կուշտ են դրանցից: Պետք են արդյունավետ քայլեր` ազատ շուկայական տնտեսության խոչընդոտները վերացնելու եւ հասարակության բարեկեցության մակարդակը եվրոպականին հասցնելու ուղղությամբ:
Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

