ՙՀԱՅԱՍՏԱՆԻՑ` ԵՐԿՈՒ ՄԱՍՆԱԿԻՑ
Արխիվ 12-16![]()
ՙՀԱՅԱՍՏԱՆԻՑ` ԵՐԿՈՒ ՄԱՍՆԱԿԻՑ
Արտեկում կայանալիք ՙՆոր ալիք՚ երգի մանկական մրցույթում Հայաստանն այս տարի կներկայացնեն երկու մասնակից` Սոնա Գյուրխասյանն ու Արինա Մալխասյանը: ԱՊՀ եւ եվրոպական երկրներից մոտ 90 մասնակիցների թվում հայտնված հայ փոքրիկներն առաջին իսկ օրվանից աչքի են ընկել:
Ռուսաստանյան ժյուրիի ընտրության ընթացքում մասնակից փոքրիկների ուսուցիչ ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ համար արդեն իսկ պարզ է եղել, որ երեխաները դուր են եկել ժյուրիի անդամներին: ՙԻրավունքի՚ հետ ունեցած զրույցում տիկին Նադյան մանրամասնեց. ՙԱռաջին իսկ օրից արդեն մեր առավելությունը անդունդային տարբերություն էր: Լսելով բոլոր մասնակիցներին` արդեն պատկերացրեցի, որ մերոնք հաղթելու են: Եվ ներքին զգացողությունս ինձ չդավաճանեց: Նույնիսկ կազմակերպիչներից Ալեքսանդր Ռեւզինի, ով անցկացնում էր մրցույթը, եւ ժյուրիի մյուս անդամների` Իգոր Կռուտոյի, Իրինա Դուբցովայի եւ մյուսների դեմքի արտահայտությունից զգում էի, որ մերոնք ուժեղ են ոչ միայն երգի ասպարեզում, այլ նաեւ հարցազրույցներ տալով: Ռեւզինի յուրաքանչյուր հարցին նրանք հստակ պատասխանում էին: Մի քիչ ինքնագովեստի նման կլինի, բայց փաստ է, որ մեր դպրոցը միշտ պատրաստում է ոչ միայն ամուր երգիչներ, այլ նաեւ ներկայանալի արտիստներ: Ալեքսանդր Ռեւզինը վերջում ասաց, որ նման բան չէր եղել, որ մի երկիրը ներկայացնի երկու մասնակից: Պատկերացրեք մեր ուրախությունը, քանի որ երկուսն էլ մեր դպրոցի սաներն են: Սկզբում ինձ համար գերխնդիր էր, որ գոնե նրանցից մեկն անցնի, բայց այսօր ուրախությամբ հայտարարում եմ, որ գերխնդիրը գերազանցել է ինքն իրեն՚:
Իսկ թե ինչն էր խանգարում, որ նախորդ տարիներին իր սաները մրցույթից վերադառնում էին հուսահատված, տիկին Նադյան այսպես բացատրեց. ՙՆախորդ տարի ես, ինչպես գիտեք, հիվանդանոցում էի, ուստի նրանք այդքան պատրաստված չէին: Իմ բացակայությունը մի քիչ իրենց ընկճում է: Միշտ ասում են, որ իմ ներկայությունն ավելի ամուր եւ վստահ է պահում իրենց՚:
ՙՆոր ալիք՚ մեծերի մրցույթի հայաստանյան փուլը հաղթահարող մասնակիցների թվում էր նաեւ տիկին Նադյայի մեկ այլ սան` Մերի Մնջոյանը, ով 2008-ին մասնակցել էր նաեւ ՙԵվրատեսիլ՚ մանկական մրցույթին: Այս անգամ Մերին Հայաստանում հայտնի ՙաստղերի՚ հետ մասնակցեց նաեւ այս մրցույթում, սակայն չհաղթահարեց արգելքը:
ՙՀուրախություն մեզ, մեր ՙաստղերի՚` Լիլիթ Հովհաննիսյանի, Հռիփսիմե Հակոբյանի, Լուսինե Աղաբեկյանի եւ Սուրեն Առուստամյանի հետ հայաստանյան փուլը հաղթահարում է մի աղջնակ, ով իր երգեցողությամբ շատ մեծ խոսք է ասում: Այս դեպքում էլ կարծեցի, որ նա կմտնի մրցակիցների մեջ, ու այդպես էլ եղավ: Ուղղակի երեւի առաջին տարին էր, եւ Մոսկվայում երգը լավ սկսեց, բայց հետո հուզվեց: Այսինքն` մրցույթի չափանիշը բարձր է: Եթե մենք մեզ այստեղ ՙաստղ՚ ենք համարում, այնտեղ ոչ մեկս ՙաստղ՚ չենք, հավասարվում ենք տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին: Մաշան այս տարի չանցավ, դա իր համար մեծ փորձ էր, որը ինքն էլ փաստեց: Ոչինչ, հենց այդ հուզմունքն էլ իրեն կտանի առաջ՚:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. ՙՆոր ալիք՚ մեծերի մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող Սուրեն Առուստամյանի հետ հարցազրույցը կներկայացնենք ՙԻրավունքի՚ ուրբաթօրյա համարում:

