ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԵՌ ՎԿԱ Է
Արխիվ 12-16![]()
ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԵՌ ՎԿԱ Է
Մարդակերպար երեք գազաններին ոչնչացնելու եւ մեկին վնասազերծելու միջոցով իր ընտանիքը բնաջնջումից փրկած տուլացի գործարար Գեղամ Սարգսյանը դեռեւս հիվանդանոցում է եւ գտնվում է հսկողության տակ: Նա որպես վկա է ներգրավված երկու եւ ավելի անձանց սպանության փաստով հարուցված քրեական գործում:
Ուրախալին այն է, որ ՌԴ իրավապահ մարմինները այդ դեպքի առնչությամբ գործ են հարուցել նաեւ Գեղամ Սարգսյանի տան վրա ավազակային հարձակման փաստի առնչությամբ: Սակայն տեղեկություններ այն մասին, որ ձերբակալվել է իր կաշին փրկած չորրորդ գազանը` դեռեւս չկան, ինչը, հավանաբար, նշանակում է, որ զինված չորս ավազակների հարձակման զոհեր դարձած Գեղամն ու նրա ընտանիքի չափահաս եւ մանկահասակ անդամները առ այսօր չեն ճանաչվել տուժող:
ՀԱՅԵՐԸ ԱՆՑԵԼ ԵՆ ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ
Ապրիլի 23-ի գիշերը, մերձմոսկովյան քաղաքներից մեկում ոստիկանները հարձակում էին գործել ՙԴարյա՚ խորովածանոցի հայազգի տերերի վրա, դաժանաբար ծեծել եւ ձերբակալել նրանց: Իրավապահների կամայականությունների հետեւանքով տուժած 38-ամյա Արսեն Գասպարյանը ՆՆ-ի աշխատակիցների դեմ հայտ է ներկայացրել Վիդնոե քաղաքի դատախազությունում: Նա պնդում է, որ ոստիկանները հարձակվել էին իր եւ իր ընկերների վրա առանց պատճառի, դաժանորեն ծեծել են իրենց` կոտրելով ձերբակալվածներից մեկի ողնաշարը: Ըստ Ա. Գասպարյանի` ոստիկանություն էին տարել 6 մարդու, մինչդեռ, ըստ ՆՆ-ի Վ-ի պաշտոնական տվյալների, ձերբակալվել էին ընդամենը 3-ը. ՙԵրեքին չգիտես ինչու բաց են թողել: Սերժիկ Մելքոնյանը չէր կարողանում քայլել եւ ամբողջովին արյան մեջ էր, սակայն նրա համար այդպես էլ շտապօգնություն չկանչեցին, ինչքան էլ որ մենք խնդրեցինք: Մեզ սպառնում էին, որ մենք արդեն աշխարհին ենք նայելու ճաղերի հետեւից՚,- թղթակիցներին պատմել էր տուժած գործարարը:
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

