ՙՙՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՁԵՐԲԱԶԱՏՎՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐԴՈՒՅԹԻՑ՚
Արխիվ 12-16![]()
ՙՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՁԵՐԲԱԶԱՏՎՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐԴՈՒՅԹԻՑ՚
Շարունակելով ներկայացնել Ցեղասպանության վերաբերյալ մեր հրապարակումները, զրուցեցինք ԳԱԱ-ի Պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ հետ:
եղասպանությունը դիտարկվում է իրավաբանական, քաղաքական, պատմագիտական եւ այլ տեսանկյուններից: Պատմագիտության առումով անցած տասնամյակներին ի±նչ բացթողումներ ունենք, ինչպե±ս կարելի է դրանք շտկել:
- Պետք է նշեմ, որ անցած ավելի քան 90 տարիների ընթացքում թե° Հայաստանում, եւ թե° արտասահմանում, մասնավորապես` Սփյուռքի հայկական համայնքներում հսկայական աշխատանք է կատարվել: Գրեթե ամբողջովին ամփոփված են Ռուսաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, ինչպես նաեւ Եռյակ դաշինքի տերություններից Գերմանիայի եւ Ավստրո-Հունգարիայի արխիվային փաստաթղթերը: Բայց դա չի նշանակում, որ աշխատանքն ավարտված է: Նշեմ, որ ցեղասպանության պատմության հետ կապված մի շարք հարցեր, անշուշտ, կարիք ունենք լրացնելու եւ մանրամասնելու: Օրինակ, ասեմ, որ անհրաժեշտություն ունենք պատմագիտական տեսակետից ավելի խորը ուսումնասիրելու օսմանյան բանակում հայ տղամարդկանց ոչնչացման գործընթացը: Այսինքն` կան որոշ թեմատիկ ուղղություններ, որոնց շուրջ անելիքներ կան: Այդ աշխատանքը պետք է անդադար անել, որովհետեւ ի հայտ են գալիս նոր փաստաթղթեր, նոր վավերագրեր, որոնք անհայտ են կամ դեռևս լայն շրջանառության մեջ չեն դրված: Խնդիրն այն է, որ հանցագործության ընդհանուր պատկերն արդեն ունենք, եւ նոր փաստերն ու վավերագրերը գալիս են ընդամենը լրացնելու մեր իմացածը:
Սակայն պատմագիտական աշխատանքների պատճառով չէ, որ Հայոց ցեղասպանությունը դեռեւս վերջնական դատապարտված չէ: Հայոց ցեղասպանության վերջնական դատապարտումը կապված է ոչ թե պատմագիտական աշխատանքների հետ, որոնք անընդհատ են եւ շարունակական, այլ ավելի շատ պայմանավորված են քաղաքական գործընթացներով: Ցավալի է, բայց փաստ է, որ այս կամ այն երկիրը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դիտարկում է բացառապես Թուրքիայի հետ իր հարաբերությունների հոլովույթում: Այսինքն` երբ անհրաժեշտություն է առաջանում Թուրքիայի վրա մատ թափ տալու կամ ապտակելու, հիշում են Հայոց ցեղասպանությունը եւ փորձում դրանով պատժել Անկարային, նրան պահել լարվածության մեջ: Հիշենք վերջին դեպքը. Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի կողմից ճանաչված ցեղասպանությունների, այսինքն` Հայոց ցեղասպանության եւ հրեական Հոլոքոստի ժխտումը քրեականացնելու օրինագծի ընդունման գործընթացը: Վերջում նախագահ Սարկոզին, չնայած իր տված խոստումներին եւ այն հանգամանքին, որ կարող էր անմիջապես ստորագրել օրենքը, ուղղակի ժամանակ ձգեց եւ թույլ տվեց, որ Սահմանադրական խորհուրդն այն ճանաչի որպես հակասահմանադրական: Հայոց ցեղասպանության հարցն իր միջազգայնացման պահից ի վեր դարձել է քաղաքական շահարկման առարկա: Ազդեցիկ երկրները մեր հարցը մշտապես օգտագործում են Թուրքիայի վրա ճնշումներ բանեցնելու, նրա տնտեսության մեջ արտոնյալ պայմաններ ստանալու համար, եւ այլն:
- Իրավաբանական տեսանկյունից Հայկական հարցի լուծումը կապվում է նաեւ Սեւրի պայմանագրի հետ, իսկ պատմագիտական տեսանկյունից ինչպե±ս կգնահատեք:
- 1920թ. օգոստոսի 10-ին ստորագրված Սեւրի պայմանագիրն այն փաստաթուղթն էր, որով հաղթող պետությունները հաշտություն էին կնքում պարտված Օսմանյան կայսրության հետ: Պայմանագրում ամրագրված են մի շարք կարեւորագույն դրույթներ, մասնավորապես, կապված Հայաստանի Հանրապետությանը միացվելիք տարածքների հետ: Սակայն այն այդպես էլ վավերացում չստացավ: Պայմանագիրը չվավերացվեց` հիմնականում ելնելով աշխարհաքաղաքական գործընթացներից, որոնք ընթանում էին Առաջին աշխարհամարտի վերջին փուլից ի վեր. ստեղծվել էր առաջին խորհրդային պետությունը` ի դեմս Խորհրդային Ռուսաստանի, եւ լուրջ մրցակցություն էր ընթանում Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ Թուրքիային իրենց կողմը ներքաշելու ուղղությամբ: Արդյունքում` Քեմալ Աթաթուրքը բոլշեւիկների հետ կնքեց Մոսկվայի պայմանագիրը, այնուհետեւ ստորագրվեց դրա հավելվածը կազմող Կարսի պայմանագիրը: Այդպիսով Խորհրդային Ռուսաստանը ճանաչեց Թուրքիայի իրավունքները պատմական հայկական տարածքների նկատմամբ: Այս ամենից հետո Արեւմուտքը նույնպես փորձում էր հետ չմնալ Խորհրդային Ռուսաստանից ու Լոզանի պայմանագրով փորձեց սիրաշահել Քեմալ Աթաթուրքին: Պետք է նշել սակայն, որ անգամ վավերացված չլինելով` Սեւրի պայմանագիրը, այնուամենայնիվ, գործարկվել է, որովհետեւ ադ պայմանագրով հիմք դրվեց Օսմանյան կայսրության կազմաքանդմանը, ինչի հետեւանքով էլ նրանից անջատվեցին արաբական երկրները` Սիրիան, Իրաքը, Լիբանանը եւ այլն: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ փաստաթղթի վավերացված չլինելը չի կարող ազդել նրա օրինականության եւ վերակենդանացնելու հնարավորության վրա:
Պետք է նշել նաեւ, որ Սեւրի պայմանագրի ստորագրումից դեռ ամիսներ առաջ սկիզբ է դրվել մեկ այլ շատ կարեւոր գործընթացի` դա Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարարությունն է: Փորձ է կատարվում իրավարարությունը պայմանավորել Սեւրի պայմանագրով, եւ ասում են, որ Սեւրը հիմք դրեց իրավարարությանը: Մասնավորապես, թուրքական տեսակետի համաձայն, իրավարար վճիռը Սեւրի պայմանագրի հավելվածն է կամ դրանից բխող փաստաթուղթ, եւ քանի որ Սեւրի պայմանագիրը չի վավերացվել, ուստի իրավարար վճիռը նույնպես որեւէ իրավական ուժ չունի: Մինչդեռ իրավարարության գործընթացի սկիզբը դրվել է 1920թ. ապրիլի 25-ին` Սան Ռեմոյի պայմանագրի շրջանակներում, երբ հաղթանակած տերությունների Գերագույն խորհուրդը պաշտոնապես դիմեց ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնին, որ նա իրավարար դառնա հայ-թուրքական սահմանադրության հարցում: Վիլսոնն ընդունեց առաջարկը եւ գործընթացը սկսվեց: Դրանից ամիսներ անց միայն ստորագրվեց Սեւրի պայմանագիրը:
- Ի վերջո, ի±նչ պահանջներ պետք է ներկայացնի Հայաստանը Թուրքիային, եթե մի օր նա էլ ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը:
- Բոլորս համոզվել ենք մի բանում, որ Թուրքիան կամավոր չի գնա այդ քայլին:
Պահանջների տեսակետից տարածքային խնդիրը առանցքային է, որովհետեւ անհնար է բավարարվել զուտ ներողությամբ կամ նյութական հատուցումներով, որը կիրառվեց հրեական Հոլոքոստի նկատմամբ: Մեր ժողովուրդը մինչեւ օրս շարունակում է կրել նաեւ Հայոց ցեղասպանության հոգեբանական հետեւանքները հատկապես այն առումով, որ հանցագործ պետությունը` Թուրքիան, ոչ միայն չի ճանաչում կատարված ոճրագործությունը, այլեւ ընդհանրապես ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը: Սակայն ուրախությամբ կարելի է արձանագրել, որ հայ ժողովուրդն աստիճանաբար ձերբազատվում է ցեղասպանված ժողովրդի բարդույթից եւ վեր է ածվում պահանջատեր ժողովրդի:
Ինչ վերաբերում է տարածքային պահանջներին, պետք է նշել, որ միամտություն կլինի կարծել, որ անգամ Թուրքիայի նկատմամբ միջազգային հանրության ճնշման դեպքում Անկարան ամբողջությամբ պատրաստ կլինի վերադարձնել մեր պատմական հայրենիքը: Միեւնույն ժամանակ, մենք էլ պատրաստ չենք լինի ամբողջությամբ ընդունել այդ տարածքները, որոնք բնակեցված են բազմամիլիոնանոց մահմեդական բնակչությամբ: Վաղ թե ուշ թուրքական վերնախավը պետք է հասկանա եւ ընդունի, որ Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման գործընթացն ուղղակի այլընտրանք չունի: Ճիշտ այնպես, ինչպես դա հասկացան գերմանացիները, եւ որքան դա շուտ կատարվի, դրանից կշահեն թե° հայերը, եւ թե° թուրքերը: Այս առումով Թուրքիայում քաղաքական կամքի առկայության պայմաններում խնդիրը կարող է լուծվել փուլային, աստիճանական տարբերակով: Օրինակի համար, երկու երկրները կարող են ստորագրել հայկական տարածքների վերադարձման ժամանակային քարտեզ, որի համաձայն` Թուրքիան սկզբնական փուլում կարող է վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը Արարատ լեռը եւ պատմական Անի մայրաքաղաքի տարածքները, որոշ ժամանակ անց` Կարսի մարզը եւ Ալաշկերտը, որոնք Արեւելյան Հայաստանի մասն էին կազմում, հետո ապահովել ելք դեպի Սեւ ծով, ինչը նաեւ Իրավարար վճռի կարեւոր կետերից էր: ԵՎ այդպես շարունակաբար հասնել արդեն Արեւմտյան Հայաստանի տարածքների վերադարձմանը: Ամենակարեւորն այն է, որ թե° հայ ժողովուրդը եւ, կարծում եմ, նաեւ թուրքերը գիտակցում են, որ առանց հայկական պատմական տարածքների վերադարձի Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման մասին խոսելն ուղղակի անիմաստ է:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

