ՙՊԱՏԻԺ` ՙՊԻՈՆԵՐԱԿԱՆ՚ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16![]()
ՙՊԱՏԻԺ` ՙՊԻՈՆԵՐԱԿԱՆ՚ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
50-ն անց երկու տղամարդ ապրիլի 21-ին բերման էին ենթարկվել ոստիկանության բաժին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից տարածքից: Դատելով այն հանգամանքից, որ սկսվել էին հետաքննչական աշխատանքները, պետք է ենթադրել, որ նրանց նկատմամբ անմիջապես հարուցվել էր քրեական գործ` գողություն կատարելու մեղադրանքով…
1959թ. ծնված Լեւոնի եւ 1963թ. ծնված Հովհաննեսի կողմից կատարված հանցագործության իրեղեն ապացույց էր հանդիսացել` Լեւոնի վարած ՙՄՄԶ-555՚ մակնիշի բեռնատար ավտոմեքենայի թափքում հայտնաբերված մետաղյա ջարդոնները: Գողությունից տուժած` իրավաբանական կամ անհատ անձանց մասին ոստիկանությունը չի հայտնում: Չի հայտնվում նաեւ, թե ինչպիսի պատիժ կարող է սպառնալ նախկին պիոներներին մետաղաջարդոնը իրավապահներին ՙհանձնելու՚ համար:
ՙՆԵՐՄՈՒԾՎԱԾ՚ ԳՈՂՆ ՈՒ ԽԱՐԴԱԽԸ
Ապրիլի 22-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ՙԶվարթնոց՚ օդանավակայանից բերման էին ենթարկել 25-ամյա Ռուզան Գրիգորյանին: Երիտասարդ այդ կինը 2011թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Իսկ 1972թ. ծնված Արմեն Անանյանը հայտնվել էր հարազատ իրավապահների ձեռքերում ապրիլի 23-ին: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների եւ Լատվիայի Հանրապետության իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում Արմենը հայտնաբերվել էր Մերձբալթիկայում եւ Ռիգա-Մինսկ-Երեւան չվերթի ինքնաթիռով տեղափոխվել Հայաստան: Խարդախություն կատարելու մեջ կասկածվող այդ անձին հարցեր ուղղելու համար Շենգավիթի բաժնի ոստիկանները սպասում էին 1996թ. նոյեմբերի 6-ից:
ՓՈՐՁԱՆՔ ՙՓՐՈԴԱՔՇՆՈՒՄ՚
Ապրիլի 24-ի լուսադեմին պայթյուն էր տեղի ունեցել ՙԱրմենիան մոլիբդեն փրոդաքշն՚ ՍՊԸ-ի տարածքում: Բարեբախտաբար, հրդեհ չէր բռնկվել: Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության` պայթյունի հետեւանքով ընկերության 4 աշխատակից տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն:
ՄԱՀ ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ
Ապրիլի 24-ին տեղեկատվություն էր տարածվել Արդարադատության նախարարության ՙՆուբարաշեն՚ քրեակատարողական հիմնարկում գտնվող ցմահ դատապարտյալ, նախկինում երկու անգամ ազատազրկման դատապարտված, 1951թ. ծնված Ռաֆայել Մանուկյանի մահվան մասին: Ռ. Մանուկյանը կալանավայրից տեղափոխվել էր ՙԷրեբունի՚ բշժկական կենտրոն, որի վերակենդանացման բաժանմունքում մոտ 2 ժամ անց մահացել էր` ուղեղի արյան շրջանառության սուր խանգարման հետեւանքով:
2006թ. մարտին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Ռ. Մանուկյանին դատապարտել էր ցմահ ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2 մասով (երկու կամ ավելի անձանց սպանություն):
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

