ՀՅԴ-Ն ԱՆՀԱՍԱՆԵԼԻ Է
Արխիվ 12-16![]()
ՀՅԴ-Ն ԱՆՀԱՍԱՆԵԼԻ Է
ՀՅԴ ներկայացուցիչները կրկին պատասխաններ չունեն ու հարցերը շարունակում են շրջանցել իրենց համար ավանդական դարձած ժամանակ ձգելու մեթոդով: Կապ հաստատելով ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտուշ Շահբազյանի հետ` պարզվեց, որ վերջինս հանդիպման է եւ կպատասխանի մեր հարցերին 40 րոպեից:
Միայն, փաստորեն, մոռացանք ճշտել, թե ժամը քանիսից հաշված 40 րոպե, որովհետեւ այլեւս պարոն Շահբազյանը անհասանելի դարձավ: Նույն կուսակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ անտեղյակ էր ՀԱԿ եւ ՀՅԴ ներկայացուցիչների հանդիպումից, որին մասնակցել են թիվ 11 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Արշակ Բանուչյանն ու Շենգավիթի շտաբի պատասխանատու Վոլոդյա Հովհաննիսյանը, իսկ ՀՅԴ-ից` ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Շենգավիթի շտաբի պատասխանատու Արա Նռանյանը: Դեռ հարցերին չանցած Ա. Մինասյանը խորհուրդ տվեց զանգահարել Արա Նռանյանին ու չառանձնանալով իր կուսակից ընկերներից եւս մեկ ՙանվերջանալի՚ ժամով հետաձգեց մեր զրույցը:
Ի գիտություն, Ա.Մինասյանի ասենք, որ այդ հանդիպման ժամանակ ՀՅԴ-ն մոռանալով 90-ական թվականներին ՀՀՇ-ի կողմից իրենց դեմ ուղղված հալածանքները, համաձայնություն է ձեռք բերել, ըստ որի ՀԱԿ եւ ՀՅԴ անդամները պարբերաբար հանդիպելու եւ փոխանակվելու են տեղեկատվությամբ, ինչպես նաեւ ուսուցողական աշխատանքներ են իրականացնելու վստահված անձանց համար:
Հույսներս ՀՅԴ ԳՄ անդամ եւ կուսակցության մամլո խոսնակ Սպարտակ Սեյրանյանն էր: Բայց այստեղ էլ սխալվեցինք, որովհետեւ վերջինս պարզապես չցանկացավ խոսել` կրկին այսօրվա գործը թողնելով վաղվան: Որպեսզի չնեղանան, նշենք նաեւ, որ մյուս ՀՅԴ անդամների հեռախոսները նույնպես համառ լռություն էին պահպանում: Հետաքրքիր է հարցերի պատասխանները ձեռնտու չէ± ՀՅԴ-ին, թե± մեկ ուրիշին մատնացույց անելով փորձում են պատասխանատվություն չկրել ու մեկնաբանություններ չտալ սեփական կուսակցության դիրքորոշումների համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

