ԱԼԻԵՎԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՙԹՌՆՈՒՄ՚ Է ԻՍՐԱՅԵԼԻ ԳԻՐԿԸ
Արխիվ 12-16![]()
ԱԼԻԵՎԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՙԹՌՆՈՒՄ՚ Է ԻՍՐԱՅԵԼԻ ԳԻՐԿԸ
Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին Թուրքիան եւ Ադրբեջանը հերթական անգամ փորձեցին ի ցույց դնել իրենց ՙեղբայրական՚ հարաբերությունները: Մի կողմից` Թուրքիայից կրկին հնչեցին բազմիցս ծեծված կոչերը` հայերը պետք է դուրս գան Ղարաբաղից, Բաքուն էլ, ի պատասխան, թե` ինչ ցեղասպանություն, ինչ բան:
Բայց այս անգամ այդ ՙեղբայրական՚ զեղումները մի տեսակ ցուցադրական էին, զգուշավոր...
ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Ամեն դեպքում Թուրքիայում նոր չէ, որ խմորվում է այն տեսակետը, որ Բաքուն բավականին բուռն սիրախաղերի մեջ է Իսրայելի հետ եւ հանուն դրա պատրաստ է պետք եղած պահին հրաժարվել ՙմեծ եղբորից՚: Ընդ որում` լրատվամիջոցներն այդ մասին արդեն նույնիսկ խոսում են բաց տեքստով: Օրինակ, Թուրքիայում մեծ հեղինակություն ունեցող ՙԶամանը՚ վերջերս կարծիք էր ներկայացրել, թե ՙԱդրբեջանը Իսրայելին համարում է տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայացուցիչը, որը կարող է իրեն օգնել առավելագույնս բարելավել հարաբերությունները Վաշինգտոնի հետ՚: Եվ դա` այն դեպքում, երբ առաջներում Բաքու-Վաշինգտոն հարաբերություններում միջնորդի մենաշնորհը պատկանում էր Անկարային: Ընդ որում` ադրբեջանա-իսրայելյան այս սիրախաղի նախապատմության մասին լրատվամիջոցի տեսակետը զերծ չէ Ադրբեջանի հասցեին հղված բավականին կոշտ կշտամբանքից. ՙՄինչեւ 2008թ.-ը Իսրայելն իր հզոր ամերիկյան աջակցությամբ կենսական նշանակության գործընկեր էր Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան աշխարհաքաղաքական առանցքի համար: Բացի այդ էլ Ադրբեջանը հետեւում էր Թուրքիայի եւ Եգիպտոսի օրինակին` Իսրայելի հետ ավելի խորը երկկողմ հարաբերությունների ձեւավորման հարցում: 2009թ.-ից սկսված թուրք-իսրայելյան հարաբերությունների ճգնաժամը լուրջ հարված էր այդ առանցքի համար: Մինչդեռ ադրբեջանա-իսրայելյան կապերը շարունակում են նույն կերպ ամրապնդվել, եւ ահա թուրքական հասարակության եւ պետական չինովնիկների շրջանակներում սկսել են Ադրբեջանի նվիրվածության հետ կապված հարցեր հնչել՚: Իսկ թերթի այն միտքը, թե ՙԱդրբեջանի եւ Իսրայելի սերտ հարաբերությունները կարող են թանկ նստել պաշտոնական Բաքվի վրա՚, արդեն սկսում է նույնիսկ սպառնալիքի նմանվել:
ԹՈՒՐՔ-ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ
Այս իրավիճակում թուրք-իսրայելյան հարաբերությունները գնալով ավելի շիկանալու միտումներ են ցուցաբերում: Բանը հասավ նրան, որ Անկարայից հնչեց սպառնալիք, թե Թուրքիան պատրաստվում է արգելափակել մայիսի 20-21-ին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Իսրայելի մասնակցությունը, քանի դեռ վերջինս պաշտոնապես ներողություն չի խնդրել եւ փոխհատուցում չի վճարել ՙՄավի Մարմարա՚ նավի վրա հարձակվելու եւ ՙմիջազգային ջրերում թուրք քաղաքացիների սպանության համար՚:Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն էլ իր հերթին հաստատեց այդ կիսապաշտոնական սպառնալիքը, չնայած դրանով Թուրքիան արժանացավ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի քննադատությանը, թե ՙԻսրայելի հետ երկկողմ խնդիրները Թուրքիան տեղափոխում է ՆԱՏՕ-ի հարթակ՚: Սակայն այդ կշտամբանքներից հետո անգամ Դավութօղլուն երեկ հայտարարեց. ՙԻսրայելի հետ ցանկացած միջազգային կազմակերպությունում որեւէ համագործակցություն մեզ համար բացառված է, եւ դա վերաբերում է ոչ միայն ՆԱՏՕ-ին: Մենք արդեն ասել ենք, որ կկասեցնենք նման համագործակցությունը` բացառությամբ ՄԱԿ-ի համաժողովների՚: Եվ դա` այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ի այդ գագաթաժողովում սպասվում է, որ քննարկվելու են մի շարք կարեւորագույն հարցեր, որոնք ուղղակիորեն առնչվում են նաեւ Իսրայելի հետ: Խոսքը նախ մի շարք երկրների, այդ թվում` Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի մասին է: Եվ, ամենակարեւորը, սպասվում է, որ գագաթաժողովում լուծումներ կտրվեն Սիրիայի եւ Իրանի վրա հարձակվել-չհարձակվելու հարցին: Իհարկե, մասնագիտական կարծիքները հիմնականում այն ուղղությամբ են, որ հազիվ թե Թուրքիան հնարավորություն ունենա կիրառել վետոյի իր իրավունքն ու Իսրայելին զրկի մասնակցել այն հարցերի քննարկումներից, որոնցում նա գլխավոր դերակատարներից մեկն է: Սակայն միայն թուրքական այդ սպառնալիքներն արդեն իսկ խոսում են այն մասին, թե թուրք-իսրայելյան հակամարտությունը որքան խորն է գնացել: Ընդ որում, այս հակասության հիմքերը բազմաճյուղ են ու բավականին խորքային, որոնց, թերեւս, հարկ է անդրադառնալ:
ՙԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՆԱՆ՚ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Սկսենք այն բանից, որ Իսրայելն արդեն ուղղակիորեն իր մաշկի վրա է սկսել զգալ ՙԱրաբական գարնան՚ հետեւանքները: ՙՀեղափոխությունների՚ այդ շարքի արդյունքում, ինչպես հայտնի է, գրեթե ամենուր իշխանության են գալիս Իսրայելի հանդեպ թշնամաբար տրամադրված ծայրահեղ իսլամիստները: Այդ պատկերն է մասնավորապես Եգիպտոսում, եւ, ահա, օրերս ՙՄուսուլման եղբայրներ՚ ծայրահեղ իսլամիստական կառույցի փաստացի ենթակայության տակ գտնվող եգիպտական նոր կառավարության ներկայացուցիչ Մոհամեդ Շոիբին հայտարարեց, թե իր երկիրը միակողմանի ՙդուրս է եկել 2005-ին Իսրայելի հետ կնքված գազի մատակարարման համաձայնագրից՚: Եգիպտոսն Իսրայելի հիմնական գազի մատակարարներից մեկն է ¥43 տոկոս, եւ այն դեպքում, երբ Իսրայելի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 40 տոկոսը գազի հաշվին է¤, եւ դժվար չէ պատկերացնել, թե այս հայտարարությունն ինչ էներգետիկ հետեւանքներ կարող է ունենալ: Եվ այս իրավիճակում Թուրքիան ամենատարբեր միջոցներով փորձում է հրահրել Սիրիայի դեմ ռազմական հարձակումը, որի արդյունքում այս երկրում էլ, ամենայն հավանականությամբ, իշխանության են գալու ՙՄուսուլման եղբայրները՚: Թուրքական այդ նկրտումները Իսրայելում գնահատվում են իրենց երկիրը ծայրահեղ իսլամիստական ղեկավարությամբ պետություններով հնարավորինս շրջափակելու փորձ, ասել է թե` ազգային անվտանգության նկատմամբ ավելի լուրջ սպառնալիք, քան իրանական սպառնալիքն է: Թուրք-իսրայելյան հիմնական հակասություններից մեկն էլ Միջերկրական ծովի Կիպրոսի, ինչպես նաեւ` արեւմտյան հատվածում հայտնաբերված գազի նշանակալի պաշարներն են, որոնց նկատմամբ այդ երկու երկրներն էլ ունեն լուրջ հավակնություններ: Այս պաշարներն Իսրայելը համարում է իր էներգետիկ անվտանգության ապահովման միջոց, առավել եւս այն բանից հետո, երբ նման լուրջ խնդիրներ են առաջացել եգիպտական գազի հետ կապված: Թուրքիան էլ իր հերթին է փորձում նույն պաշարների հաշվին զրոյացնել իր կախվածությունը ներկրվող գազից: Եվ դա նշանակում է, որ այս խնդրի շուրջ եւս առկա է թուրք-իսրայելյան գրեթե անլուծելի հակասություն:
ՀԱՐՑ Է, ԹԵ ՈՎ Է ՙԿՐՏՍԵՐ ԵՂԲԱՅՐԸ՚
Եվ ահա այս գրեթե թշնամական մթնոլորտում է, որ Թուրքիան իր թիկունքում զգում է ՙկրտսեր եղբոր՚` Ադրբեջանի դավաճանական շունչը: Անկարան եւ Բաքուն ադրբեջանա-իսրայելյան հարաբերությունների թեմայով վերջին ժամանակներս մի քանի գաղտնի քննարկումներ ունեցան, որից հետո ադրբեջանցիները պաշտոնապես հավաստիացրեցին, թե չեն էլ մտածում Իսրայելին տարածքներ տրամադրել` Իրանին հարվածելու համար: Սակայն դրանից հետո էլ ադրբեջանա-իսրայելյան սիրախաղը, կարծես թե, նույն տեմպերով ընթանում է: Համենայնդեպս, այս օրերին պաշտոնական այցով Բաքվում էր Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը, որ այդ այցելության ընթացքում հնչեցրեց մի քանի հայտարարություններ, որոնք հազիվ թե Անկարայում խանդի լուրջ նոպաներ չառաջացնեն: Օրինակ` այս մեկը. ՙԱդրբեջանի եւ Իսրայելի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը հասել է 4 միլիարդ դոլարի՚: Դա` այն դեպքում, երբ անցած տարի թուրք-ադրբեջանական ապրանքաշրջանառությունը մոտ 3 մլրդ դոլարի կարգի էր, սակայն կա կարծիք, որ դա ուռճացված թիվ է, քանի որ անցած տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին այս երկու երկրների պաշտոնական առեւտրաշրջանառությունն ընդամենը 1,4 մլրդ դոլարի կարգի էր եւ տարվա վերջին ամիսներին այն հազիվ թե կարողանար կրկնապատկվել: Բայց եթե անգամ ճիշտ է 3 մլրդ թիվա, մեկ է, այն էլի 25 տոկոսով պակաս է Լիբերմանի հնչեցրած 4 մլրդ-ից: Այսինքն` Ադրբեջանի համար Թուրքիան դարձել է էապես ավելի վատ գործընկեր, քան նրա թշնամին դարձող Թուրքիան, եւ այդ կարգի փաստերն են, որ այդ երկրում լուրջ տարակուսանքներ են առաջացնում ՙփոքր եղբոր՚ կողմնակի սիրախաղերի հանդեպ: Հասկանալի է, որ ադրբեջանա-իսրայելյան առեւտրում առյուծի բաժինը նավթի դիմաց զենք-զինամթերք ստանալու ծրագրերն են, եւ հենց դա է, որ Թուրքիային էլ ավելի է նյարդայնացնում: Նախ` այն առումով, որ Թուրքիան մինչ այժմ իրեն է տեսել ինչպես ադրբեջանական էներգակիրները միջազգային շուկաներ հանելու միակ միջնորդի, այնպես էլ` ՙփոքր եղբորը՚ զինողի, ասել է թե` պաշտպանի դերում: Եվ հանկարծ տեսնում է, որ երկու հարցում էլ Իսրայելն իրենից առաջ է ընկել:
Եվ ավելին, ապրանքաշրջանառության այդ ծավալներից զատ, Լիբերմանը նաեւ դրվատանքով արտահայտվեց ադրբեջանա-իսրայելյան քաղաքական հարաբերությունների բուռն զարգացման մասին, մինչդեռ Թուրքիան հազիվ թե կարողանա, բացի Ղարաբաղից եւ Ցեղասպանությունից, նշել քիչ թե շատ էական այլ կարեւորագույն հարցեր, որտեղ իր եւ Ադրբեջանի ջրերը մի առվով են գնում:
Այս իրավիճակում, հասկանալի է, արդիական է դառնում այն հարցը, թե հիմա Ադրբեջանը Թուրքիայի±, թե± Իսրայելի ՙփոքր եղբայրն՚ է` դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Եվ Լիբերմանի այս այցը, կարծես թե, կարող է այս հարցի պատասխանը հստակեցնել: Բանն այն է, որ Եգիպտոսի կողմից Իսրայելին գազ մատակարարելուց հրաժարվելը Թել Ավիվում մեծ անհանգստության տեղիք է տվել: Հնչում են անգամ ամենածայրահեղական կոչեր` դիմել ԱՄՆ-ի միջամտությանը, ընդհուպ մինչեւ` պատրաստվել Եգիպտոսի դեմ ռազմական գործողությունների: ԱԳ նախարար Լիբերմանն, իր հերթին, հայտարարեց, թե այդ ամենից ՙլավ բան սպասել պետք չէ՚: Եվ ահա այս իրավիճակում նախ` Կիպրոս, ապա այնտեղից` Ադրբեջան Լիբերմանի այցելելու փաստը հիմք է տվել մի շարք հեղինակավոր վերլուծաբանների ենթադրել, որ այս այցերի նպատակը էներգետիկ բնույթի է: Ադրբեջանից ակնկալվում է հավելյալ էներգետիկ ռեսուրսների ստացում, իսկ Կիպրոսում բավականին մեծ թափ են ստացել հիշատակված հանքավայրերի շահագործման ծրագրերը: Եվ, կարծես թե, երկու այցելությունների արդյունքներն էլ Լիբերմանին բավարարում են: Մինչդեռ հենց այդ արդյունքների դեմ է, որ բավականին ակտիվ ստվերային պայքար էր մղում Թուրքիան: Եվ, արդյունքում, հիշատակված վերլուծաբանները ենթադրում են, որ այս գործընթացներն անխուսափելիորեն մի կողմից` տանելու են թուրք-իսրայելյան հարաբերությունների էլ ավելի վատթարացման, մյուս կողմից` ադրբեջանա-իսրայելյան հարաբերությունների էլ ավելի զարգացման եւ այդ ֆոնին` ադրբեջանաթուրքական հարաբերությունների աննախադեպ վատթարացման:
Իսկ թե այս իրավիճակն ինչ օգուտ կամ վնաս կարող է հասցնել մեր երկրին, դա արդեն այլ խոսակցության թեմա է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

