Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նշանածի` Կարեն Եսայանի սպանությունը դեռեւս շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում: Շարունակվում են փաստի շուրջ տարբեր վարկածներ, խոսակցություններ պտտվել, իսկ դա, բնական է, նախընտրական շրջանի լարվածությունն է°լ ավելի է սրում:
Ըստ շրջանառվող լուրերի, սպանությունը հնարավորինս քաղաքականացնելուց զերծ պահելու, նախընտրական թեժ կրքերն ավելի չբորբոքելու որոշում է կայացվել, ըստ որի` դեպքի հետ առնչվող կողմերը պետք է զերծ մնան ավելորդ քայլերից, իսկ իրավապահ մարմինները հնարավորինս զուսպ ինֆորմացիա տրամադրեն գործի վերաբերյալ: Սպանության փաստի շուրջ նոր մանրամասներ իմանալու ակնկալիքով դիմեցինք ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղից մեզ տեղեկացրին. - Գործի վերաբերյալ նոր մանրամասներ չկան: Կարող ենք միայն ասել, որ գործը տեղափոխվել է Քննչական գլխավոր վարչության վարույթ, որտեղ էլ կատարվում է նախաքննություն: Քննչական գլխավոր վարչությունը եւս, շեշտելով նախաքննության գաղտնիության անհրաժեշտությունը, իր հերթին է զերծ մնում մեկնաբանություններից: