ՙՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՏՐՈՒԿ ԿՐՃԱՏՎԱԾ ՄԱՐԴՈՒ ԵՄ ՏԵՍՆՈՒՄ՚
Երեկ Վարդենիսում կայացած քարոզարշավի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ճարահատյալ ձեռքը գցել է փրփուրներին ու կոչ արել. ՙՈվ ձայն տա ՀՀԿ-ին, նա ինքնասպանություն կգործի՚:
Անհանգստանալով պարոն Տեր-Պետրոսյանի հոգեբանական վիճակով` հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻՑ ճշտեցինք, թե արդյոք հոգեբանորեն հավասարակշռված մարդը, ով առաջնորդ է, կարո±ղ է նման արտահայտություն անել. ՙԴա սպառնալիք է մարդկանց: Ընտրություններ են, եւ ամեն մարդ օգտագործում է բանական եւ բանականությունից դուրս բոլոր մեթոդները, իր լիարժեք պոտենցյալը, ինչ-որ նոր ու հին մտահղացումները, մարդն այդպիսին է, ի±նչ կարող ես ասել: Բայց չեմ կարծում, որ դա շատ էֆեկտիվ է: Այն, ինչ ասվել է, ազդեցիկ լինել չի կարող, որովհետեւ ցանկացած բանական մարդ հասկանում է, որ եթե ինքը որեւէ մեկին ձայն տա, դա ինքնասպանություն չէ, գուցե մյուսին ձայն տա±լն է ինքնասպանություն: Այստեղ ես մի քիչ հնարավորությունները կտրուկ կրճատված մարդու դիրքորոշում եմ տեսնում: Այդ հռետորիկան, համենայն դեպս, լրիվ նոր արտահայտություն էր: Իսկ ընտրություններն ընդհանրապես նախընտրական ամբողջ մարաթոնում սոցիալական կոնֆլիկտ են համարվում, որը շատ հաճախ դաժան է լինում: Այստեղ շատ լավ երեւում է մարդկանց կոռեկտության, կոռեկտության բացակայության, մտքի թռիչքների աստիճանը, մրցակցող ուժերի ինտելեկտուալ կարողությունները: Չէի ցանկանա Լեւոն Տեր-Պետրոսյանի նման արտահայտությունը մեկնաբանել հոգեկան առողջության ինչ-որ պաթոլոգիայի դիրքերից: Հոգեպես առողջ մարդն էլ կարող է ինչ-ինչ նպատակներով, ինչ-որ բաներ ասել: Ում քիչ հնարավորություններ է մնացել, նա ավելի սուր արտահայտությունների որոնման ետեւից է գնում: Մարդը գտել է ավելի սուր արտահայտություն, որը իր կարծիքով կարող է ավելի տպավորիչ լինել, բայց չեմ կարծում, թե այդպես է: Այդ մարդու մասին կարող եմ ասել, որ ուղղակի մրցակցության մեջ գտնվող մարդ է, ով այդ ձեւն է ընտրել՚: