ՙՙԷՍ ԷԻՔ ՈՒԶՈՒՄ
Արխիվ 12-16| ՄՇԱԿՈՒՅԹ |
Ինչպես հայտնել է dia.az-ը, Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությանը (ԱԱՆ) չվստահելով` Բաքվում մայիսին անցկացվելիք ՙԵվրատեսիլ-2012՚ մրցույթի կազմակերպիչները մրցույթի անվտանգության ապահովման հարցում օգնություն են խնդրել ԱՄՆ-ից եւ Իսրայելից: Այդ գործում հիմնական ծանրությունն ընկնում է Իսրայելի հետախուզության վրա: Կայքի աղբյուրը հայտնել է, որ ոստիկանական ուժերը հիմնականում զբաղված են անվտանգության արտաքին մասի ապահովմամբ, ինչում որեւէ խնդիր չկա, բայց տվյալ դեպքում խոսքը հետախուզության տեսակետից անվտանգության ապահովման մասին է: ՙՎահաբականներն ու իրանամետ ուժերը պաշտոնապես սպառնալիքներ են հնչեցրել, եւ մրցույթի ժամանակ նրանց կողմից սադրանքների հնարավորությունը շատ մեծ է: Արդեն մեկ ամիս է` Իսրայելի հատուկ ծառայությունների մարմինները Բաքվի հետ համագործակցում են ՙԵվրատեսիլ-2012՚-ի անվտանգության ապահովման հարթությունում, եւ Թել Ավիվից Ադրբեջան է ժամանել մեծ գործակալական խումբ՚,- հայտնել է նույն dia.az-ը:
Իսկ Ադրբեջանի վահաբականները սպառնացել են Գյանջայում սպանված իրենց ընկեր Վյուգար Փադարովի վրեժն առնել մայիսին Բաքվում անցկացվելիք ՙԵվրատեսիլ-2012՚-ի ժամանակ` քիմիական զենք օգտագործելով եւ մարդկանց դանակահարելով:
Այս մասին վահաբականները հայտարարել են իրենց ՙUmma՚ (մարգարեի հավատացյալներ) կայքում:
Իրենց ընկերոջ մահվան կապակցությամբ Ադրբեջանի դեմ վրեժով լցված վահաբականները հայտարարել են. ՙԵվրատեսիլը՚ մահմեդականների համար վախենալու երազ է: Ամոթ չունեցողներն ու սատանայի կողմնակիցները չկարծեն, թե մեր նահատակների հանգստավայր Ադրբեջանում կարող են ազատորեն շարժվել: Նրանց նկատմամբ հարձակումներ են կազմակերպվելու: Ո°չ ՙՄոսսադը՚, ո°չ ՄԻ-6 ինքնաթիռները, ո°չ էլ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը չեն կարողանալու օգնել նրանց: Ոչ մի զենք եւ պայթուցիկ չի օգտագործվելու: Մենք բավարարվելու ենք քիմիական զենքով եւ դանակներով՚:
Իսկ faktxeber.com-ը հայտնել է, որ Բրիտանիան իր քաղաքացիներին զգուշացրել է Բաքվի ՙԵվրատեսիլ՚-ի ժամանակ հնարավոր ահաբեկչական ակտերի մասին:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության կայքի Ադրբեջանի բաժնում մայիսին Բաքվում անցկացվելիք ՙԵվրատեսիլ-2012՚ մրցույթի հետ կապված քաղաքացիներին ուղղված հանձնարարականներ եւ զգուշացումներ են հրապարակվել. ՙԱդրբեջանը կանգնած է ահաբեկչական վտանգի առաջ: Հնարավոր է` հարձակումներ կատարվեն քաղաքացիական օբյեկտների, օտարերկրացիների համար նախատեսված հյուրանոցների, ռեստորանների, բարերի վրա: Մենք պարտավոր ենք զգուշացնել ձեզ այս մասին, իսկ դուք պետք է անհրաժեշտ անվտանգության միջոցառումներ ձեռնարկեք: Այս հայտարարությունն անելիս նկատի ենք ունեցել ահաբեկչական հարձակումների վերաբերյալ ԱՄՆ զեկույցները: Հայտնում ենք, որ Բաքվում հնարավոր է հարված հասցվի նաեւ ԱՄՆ-ի շահերին՚:
Ահա այսպիսի վտանգներ է պարունակում իր մեջ Բաքվում անցկացվելիք ՙԵվրատեսիլը՚, եւ մենք կցանկանայինք հարց ուղղել եվրոպական երկրներին, որոնք ամեն ինչ արեցին, որպեսզի ՙԵվրատեսիլն՚ անցկացվի Բաքվում` սա± է ձեր ուզածը:
ԵԹԵՐԻՑ, ԲԵՄԵՐԻՑ ՀԵՌԱՑՆԵԼ ԱՆՃԱՇԱԿ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Ապրիլի 22-ին Երեւանի Ազատության հրապարակում կայացավ աշխարհահռչակ տենոր ԱՆԴՐԵԱ ԲՈՉԵԼԻԻ համերգը: Երգչին նվագակցում էր Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ ՙՀովեր՚ երգչախումբը: Հանրահայտ երգիչը կատարեց հայտնի արիաներ իտալական օպերաներից: Համերգին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հայ գրատպության 500-ամյակի եւ ՙԵրեւանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք՚ ծրագրի մեկնարկի կապակցությամբ Հայաստան ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարները, բարձրաստիճան պաշտոնատար անձինք:
Երբ համերգից անցել էր ընդամենը 10-15 րոպե, մեծ թվով երիտասարդներ լքում էին Ազատության հրապարակը. երեւի պատկերացում չունեին, թե ով է Բոչելին, եւ եկել էին պարզապես իրենց ցույց տալու: Իսկ երբ զգացին, որ իրենց ճաշակի երաժշտություն չէ, գնացին որեւէ տեղ իրենց սիրելի Արմենչիկին լսելու: Բայց բավականին շատ հանդիսատես մնաց հրապարակում եւ մեծ հաճույքով լսում ու ծափահարում էր աշխարհահռչակ երգչին: Այսինքն` քիչ չեն լուրջ երաժշտության սիրահարները, եւ նրանց բանակն ավելացնելու համար հարկավոր է եթերից, բեմերից հեռացնել անճաշակ երգերն ու երգիչներին, կազմակերպել նման կարգի համերգներ:
Ավարտին Բոչելին կատարեց Էլվիս Փրեսլիի I Can't Help Falling In Love With You, ինչպես նաեւ իր հանրահայտ` Time to say goodbye հիթը:
Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

