ՀՈՒՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՀՀԿ-ԻՆ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 22-ին հանդիպել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, ԱՊՀ երկրներում հունական համայնքների խորհրդի նախագահ Իվան Սավվիդիի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում հունական համայնքի ղեկավար Արկադի Խիտարովը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Պարոն Շարմազանովը բարձր է գնահատել Իվան Սավվիդիի վաստակը քաղաքականության ու գործարարության ասպարեզներում, ԱՊՀ երկրներում հույների ինքնակազմակերպման ու ինտեգրման, հունական մշակույթի եւ քրիստոնեական արժեքների տարածման գործում` գոհունակությամբ արձանագրելով, որ իր ուրախությունն ու գնահատանքը մեծապես պայմանավորված են նաեւ իր հունական արմատներով: ԱԺ փոխնախագահը նկատեց, որ հայ-հունական սերտ հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, այսօր էլ շարունակվում են պետական մակարդակով, իսկ ազգային, կրոնական եւ ընդհանրապես արժեհամակարգային ընդհանրությունները հիմք են տալիս երկու ազգերին էլ միմյանց յուրային ընդունել աշխարհի չորս ծագերում: Հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-հունական տնտեսական, մշակութային, կրթական հարաբերությունների ակտիվացմանն առնչվող խնդիրներ: Պարոն Սավվիդին տեղեկացրել է, որ Հույների միության նպատակն է հնարավորություն ստեղծել, որ աշխարհով մեկ սփռված հույները պաշտպանված լինեն, կարողանան ինքնադրսեւորվել ու պահպանել իրենց ազգային ինքնությունը, օգտակար լինել իրենց հայրենիքին: Նա տեղեկացրեց, որ այս համատեքստում Ռուսաստանի հայկական ու հունական համայնքները սերտորեն համագործակցում են ոչ միայն ներքին կենսական խնդիրների լուծման, այլեւ համազգային նպատակների իրականացման հարցերում: Արկադի Խիտարովն էլ նշել է, որ պարոն Սավվիդիի աջակցությամբ Վանաձորում շուտով բացվելու է գիտաուսումնական ձեռնարկություն: Քննարկվել են նաեւ Հունաստանում հայ, իսկ Հայաստանում հույն գործարարների կողմից ներդրումներ կատարելու հնարավորության հարցը: Պարոն Շարմազանովը հյուրի խնդրանքով անդրադարձավ նախորդ դարասկզբին հույների հանդեպ Թուրքիայի իրականացրած ցեղասպանությանը` տեղեկացնելով, որ Հայաստանում պետական մակարդակով միշտ էլ Հայոց ցեղասպանության հետ միասին հիշատակվել ու դատապարտվել է հույն եւ ասորի ժողովուրդների հանդեպ իրականացված եղեռնագործությունը: Հանդիպմանը Իվան Սավվիդին առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաջողություն է մաղթել Հայաստանի Հանրապետական կուսակցությանն ու Էդուարդ Շարմազանովին, իսկ Արկադի Խիտարովը հավաստիացրեց, որ իրենք սատարելու են ՀՀԿ-ին: