ԹՈՒՆԻՍԻ ԿԱՄ ԵԳԻՊՏՈՍԻ ՀԵՏ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՆ ԵԶՐԵՐ ԻՍԿ ՉԿԱՆ
Վերջերս Մալաթիա-Սեբաստիայում կայացած ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության հանրահավաքի ժամանակ ԲՀԿ համամասնական ցուցակում երկրորդ տեղում գտնվող ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ որոշել է մեր երկրի ծառացած հարցերը լուծել արաբական մոտիվներով:
Վերջինս այս մասին նշել է. ՙԲռնապետությունների տակ տասնամյակներ կքած ժողովուրդները Թունիսում, Եգիպտոսում, Եմենում, Լիբիայում կարողացան հասնել արմատական փոփոխությունների` առաջին հերթին կարողանալով հաղթահարել վախը: Մերը շատ ավելի հեշտ է. ընտրության օրը ընդամենը պետք է չվախենաք, որ եթե քվեարկեք ձեր խղճով, ձեզ կարող են պատժել կամ վնասել՚: Իսկ թե արդյո±ք Վարդան Օսկանյանի նման համեմատությունը կարելի է դրական օրինակ համարել Հայաստանի համար` պարզեցինք ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ. ՙՊետք է ասեմ, որ արաբական երկրներում առնվազն վերջին 30-35 տարիներին իշխանափոխություն կամ որեւէ ընտրություն չի իրականացվել: Հատկապես այն արաբական երկրներում, որոնց մասին հիշատակել է Վարդան Օսկանյանը: Ասեմ, որ Թունիսի եւ Եգիպտոսի օրինակը Հայաստանի համար ամենալավ օրինակը չէ, համեմատելու եզրեր էլ չկան: Առավել եւս, որ սոցիալական, կենցաղային, հասարակական եւ քաղաքացիական հասարակությունների առումով որեւէ ընդհանրություն, որեւէ կապ այդ պետությունների հետ Հայաստանը չունի: Եթե պետք է, կարող եմ հիշեցնել, որպեսզի մարդկանց հիշողությունը թարմացնեմ, որ մեզ մոտ իշխանությունը ընտրվում կամ ձեւավորվում է ընտրությունների միջոցով: Այսինքն` ժողովուրդն է տալիս իր քվեն: Իսկ արաբական երկրներում գիտեք, թե ընտրությունները ինչ կարգով եւ ինչ չափով են իրականացվում՚: