ՀԱԿ համակարգող ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ...
Արխիվ 12-16| ԶԱՐՄԱՆՔ |
Մեզ անզարմանք չթողեց եւ ՙորձ կովերի՚ մեծն մասնագետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ: Արմավիրի մարզում նա, ոչ ավել, ոչ պակաս, որոշեց խոսել ատոմակայանի մասին, ու, թեեւ ատոմակայանից հասկանում է նույնքան, որքան` խոզը տուռնիկից, այնուամենայնիվ, ինքնավստահ հայտարարեց. ՙՃակատագրական աղետը կարող է մի օր պատահել, ռեակտորը կարող է չդիմանալ: Ընտրեք մեզ, մենք Հյուսիսային պողոտա չենք կառուցելու, հին Երեւանը քանդող չենք, մենք կգանք իշխանության եւ նոր ատոմակայան կկառուցենք՚: Դե ինչ, զարմանալի է, որ կառուցելու մասին խոսում է մեկը, որը քանդելու հոյակապ մասնագետ է: Իսկ ինչ վերաբերում է ատոմակայանի մասին ՙկռռոցին՚, ապա այդ ղառղառությունը հաստատ սովորել է իր շեֆից` ԼՏՊ-ից:
Հետաքրքիր դիտարկում է արել թիվ 10 ընտրատարածքում առաջադրված անկուսակցական ԳԱԳԻԿ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ. ՙՀԱԿ-ը միշտ պայքարել է իշխանության եւ բիզնեսի սերտաճման դեմ: 2010 թվականից սկսած երկխոսության ժամանակ իշխանության ոչ լիգիտիմությունն ապացուցելու համար հրապարակեց ավելի քան 70 գործարար պատգամավորների ցուցակը, հիմա, փաստորեն, պաշտոնապես պաշտպանում է գործարար թեկնածուի: Այսինքն` համաժողովրդական պայքարը հասցվեց քաղաքական կնոյուկտուրային հարմարվելու, սկզբունքներից հրաժարվելու դիրքորոշմանը՚: Զարմանալի է, հարգարժան թեկնածուն մի±թե չգիտի, որ ոչ լեգիտիմությունը ՀԱԿ-ի մոտ տարածվում է միայն ուրիշների գործարար թեկնածուների վրա, դե, իսկ սեփական գործարար թեկնածուն կարող է լինել միմիայն բյուրեղյա լեգիտիմությամբ օժտված:
Բայց ախր ի±նչ սկզբունքայնություն սպասել սրանցից, եթե ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ Արմավիրում այսպիսի զարմանալի բան բստրեց. ՙՍարդարապատում կանգնեցրել եք թուրքին, մի±թե սրանք թուրքից ուժեղ են: Մայիսի 6-ն էլ մի նոր Սարդարապատ է՚: Զարմանալի է, որ քաղաքացիական եղբայրասպան կռվի կոչը ԼՏՊ-ն նույնացնում է 1918-ին հնչած Սարդարապատի զանգերի հետ, իսկ ՀՀ իշխանություններին թուրքից չի տարբերում: Չնայած, խոշոր հաշվով, ախր հենց ԼՏՊ-ն է թուրքերին շատ սիրող, եւ նա, թերեւս, չի էլ գիտակցում, որ թուրք բառը հայի համար ամենավատ հայհոյանքն է:
Մեզ բավականին զարմացրեց եւ հայտնի դաշնակ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ, որը, այսպես կոչված, միացյալ շտաբի վերաբերյալ հայտարարել է հետեւյալը. ՙՈչ միայն ընտրությունների վերահսկումն է ինքնանպատակ, այլեւ այն, որ ընտրությունները դառանան միջոց` իշխանությունները փոխելու՚: Դե ինչ, Ռուստամյանը, ըստ էության, իզութոզով ծախեց ՀԱԿ-ի իր գործընկերներին: Նրանք իրենց ճղում են` ջանալով համոզել, որ իշխանափոխությունը ինքնանպատակ չեն համարում, իսկ էս դաշնակը միանգամից մատնում է, որ իշխանափոխությունը հենց ինքնանպատակ է: Չէ, երեւի թե հիմա ափսոսում են, որ ՀՅԴ-ն փակելու ժամանակ Ռուստամյանին չկերան:
Բայց հիմա տեղափոխվենք սփյուռք, ավելի ճիշտ` Գլենդել, որը գտնվում է մեր հայրենակիցներից ոմանց կողմից այդքան սիրված Ամերիկայում: Հետաքրքիր նորություն կա` ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ցանկություն է հայտնել մասնակցելու Գլենդելի քաղաքապետի ընտրություններին: Դե, պարզ է, որ Քարդաշյանը կկարողանա հրապուրել ոչ միայն այդտեղի հայերին, այլեւ` քյառթու ամերիկացիներին, ու ընտրվելու շանսերը բավականին մեծ են: Անշուշտ, եթե դա եղավ, Գլենդելի մեր հայրենակիցները կունենան շատ գեղեցիկ քաղաքապետուհի, սակայն, զարմանալով հանդերձ, մնում է մաղթել, որ մեր հայրենակիցները այդպիսի քաղաքապետ ընտրեն բացառապես Հայաստանի սահմաններից դուրս:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

