ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԵՆ ՏՐՎԱԾ... ԱՆՀԱՏՈՒՅՑ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆՆԵՐԻ ՄԵՋ Է
Արխիվ 12-16| ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ |
Որքան էլ տարբեր պատասխանատուներ հերքում են դպրոցներում, մանկապարտեզներում դրամահավաքի երեւույթը, այդ հարցը, ամեն դեպքում, հանրության քննարկումների, խոսակցությունների առարկա է: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Հանրակրթության վարչության պետ ԳԱՅԱՆԵ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ հետ:
-Ամբողջ տարին դպրոցներում անց են կացվում դրամահավաքներ, սակայն այդ գործընթացը ավելի է ակտիվանում վերջին զանգի ընթացքում, ի±նչ է արվում այդ ուղղությամբ:
- Պիտի ասեմ, որ ՙՎերջին զանգ՚ միջոցառում դպրոցներում քաղաքապետարանը չի նախատեսել, դպրոցներում շրջանավարտների համար կանցկացվի վերջին դաս: Ի դեպ, այս տարի քաղաքապետարանի ենթակայության դպրոցները կավարտեն վերջին տասներկուերորդցիները, քանի որ ավագ դպրոցներն անցել են նախարարության ենթակայության տակ: Ինչ վերաբերում է իններորդ դասարանցիներին, ովքեր ավարտում են հիմնական դպրոցը եւ գնում ավագ դպրոցներ, հնարավոր է` իրենց հագուստի, խնջույքի համար գումար են հավաքում: Այս երեւույթը չի կարող կապ ունենալ ուսուցչական համակազմի, առավել եւս` տնօրենի հետ:
Ավարտական քննությունները կազմակերպվում են ԳԹԿ-ի կողմից, նույնիսկ տետր գնելու անհրաժեշտություն չկա: Քաղաքապետը խստագույնս հանձնարարել է եւ ոչ մի առիթով, լինի Մարտի 8 թե Ապրիլի 7, Ուսուցչի տոն թե Ամանոր, գումար չհավաքել: Հավատացե°ք, ոչ մի դպրոցի տնօրեն կամ ուսուցիչ չի գնա նման քայլի, քանի որ այդ պատճառով նա առաջին հերթին կորցնում է իր պատիվը, հեղինակությունը եւ նոր միայն` աշխատանքը:
- Անցյալ տարի ավագանու որոշմամբ որոշ մանկապարտեզներ անցան քաղաքապետարանի ենթակայության տակ: Ի±նչ պատկեր էր տվյալ մանկապարտեզներում մինչ այդ եւ այսօր:
- Պիտի ասեմ, որ մանկապարտեզները 2009 թվականից Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ են: Ծանր ժառանգություն ստացանք: Երբ մանկապարտեզները 2011 թվականի մարտի 31-ից քաղաքապետի որոշմամբ դարձան անվճար, 25138 հաճախող երեխաների թիվը կտրուկ աճեց` մինչեւ 28370, եւ այդ թիվն ավելի կմեծանար, եթե մինչեւ 2009թ. մանկապարտեզների հսկայական շենքերն օտարված կամ վարձակալությամբ ու անհատույց տրված չլինեին: Մանկապարտեզների խմբասենյակները տրվել էին անհատույց, 20-30 տարի ժամկետով` թաղապետարանների ավագանիների որոշմամբ, եւ այդ տարածքների վերադարձը հնարավոր է միայն դատարանի միջոցով: Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ կատարվեց գույքագրում` հասկանալու համար, թե որ մանկապարեզից կարող ենք տարածք ետ վերցնել: Եթե կարճաժամկետ է` 1-5 տարի, ապա կարողանում էինք այդ տարածքները ետ վերցնել եւ ծառայեցնել իրենց նպատակին: Հույս ունենք, որ պայմանագրերի ժամկետները լրանալուն պես, մնացած տարածքները նույնպես կվերադարձվեն մանկապարտեզներին:
Այս պահին մենք ունենք հերթագրված շուրջ 7500 երեխա, պարզապես տեղ չկա նրանց ընդունելու համար: Մեզ բաժին ընկած մանկապարտեզները սարսափելի վիճակում էին. սնունդը սառնարաններում պահելու համար ամաններ չկային, բուժանձնակազմը, խոհարարները վերապատրաստված չէին: Մենք քաղաքապետարանի բյուջեով կազմակերպեցինք բուժանձնակազմի եւ խոհարարների վերապատրաստում: Կարեւորվեց սննդի վերահսկողության խնդիրը. հրավիրեցինք Վերահսկողության վարչության մասնագետներին, Առողջապահության նախարարության մանկական մասնագետների:
Լուրջ ուսումնասիրություն կատարվեց երեխաների սննդակարգի, սննդի կալորիականության չափաբաժնի մասով, եւ համապատասխան մասնագետների աջակցությամբ ստեղծվեց հատուկ ճաշացանկ, որտեղ նշված է, թե ամբողջ օրը երեխան ինչքան կալորիականության սնունդ, կաթնամթերք, միրգ, հեղուկ պետք է ընդունի:
Ունեցել ենք նախակրթարաններ, որոնց տնօրենները կատարել են խախտումներ, եւ վերջիններս կա°մ ազատվել են աշխատանքից, կա°մ էլ տույժ-նկատողություն են ստացել: Իրականացվել են գույքային ծրագրեր. բաժանվել են սեղան-աթոռներ, մահճակալներ, գազօջախներ, սառնարաններ:
- Կարծում եք, որ նախակրթարանները դառնան անվճար, մասնավոր մանկապարտեզների թիվը կփոքրանա±:
- Կան ծնողներ, ըստ որոնց, իրենց իմիջին համապատասխան չէ, որ իրենց երեխաները հաճախեն պետական մանկապարտեզ: Ես մասնավորների հասցեին ոչինչ չեմ ասում, բայց այն կրթությունը, դաստիարակությունը ու նորմատիվները, որոնք ապահովված են պետական մակապարտեզներում, սննդակարգը, ռեժիմը, Հանրակրթական վարչության ամենօրյա վերահսկողությունը բացակայում են մասնավոր մանկապարտեզներում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

