ՙՀԵՐԹԱԿԱՆ ՁԱԽՈՂՈՒՄԸ
Արխիվ 12-16| ՍՊՈՐՏ |
ՀԵՐԹԱԿԱՆ ՁԱԽՈՂՈՒՄԸ
Տրապիզոնում անցկացվող բռնցքամարտի օլիմպիական վարկանշային մրցաշարում երեկ տեղի ունեցան կիսաեզրափակիչ մենամարտերը: Իսկ Հայաստանի հավաքականի համար երեկ քառորդ եզրափակչի հանդիպումներով մրցումներն ավարտվեցին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:Ինչպես արդեն տեղեկացրել են լրատվամիջոցները, Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ) դարձել էր կողմնակալ մրցավարության զոհ: Մեր պատվիրակությունը բողոքարկել է, սակայն մրցավարական հանձնախումբը որոշումը չի փոխել:
Անհաջողության են մատնվել նաեւ երեկոյան մրցահերթում հանդես եկած Արա Պուլուզյանը (64 կգ) եւ Հրայր Մաթեւոսյանը (69 կգ): Նրանք զիջել են համապատասխանաբար ռուս Արտյոմ Զայցեւին եւ Գերմանիան ներկայացնող Պատրիկ Վոյչիցկուն:
Այսպիսով` Հայաստանի պատվիրակությունը Տրապիզոնից ձեռնունայն կվերադառնա տուն: Չէ, ինչ ենք ասում. գուցե ոմանք այնտեղից ինչ-որ ապրանք, գեղեցիկ հուշանվերներ կբերեն: Ինչպես ասում են, հերթական անգամ մենք դարձանք աշխարհի, տվյալ դեպքում` Օլիմպիական խաղերի խորթ տղերքը, ավելի ճիշտ` բռնցքամարտիկը: Սակայն այս դեպքում էլ ճիշտ չենք արտահայտվում, քանի որ Լոնդոնի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում մեր երկիրը ներկայացուցիչ կունենա` հանձինս էջմիածինցի Անդրանիկ Հակոբյանի, ով հանդես է գալիս 75 կգ քաշային կարգում: Հույս ունենանք. որ Լոնդոնում ՙմի ծաղկով էլ կարող է գարուն գալ՚: Չնայած, ՙգարուն չգալու՚ դեպքում էլ կարելի է արդարանալ հետեւյալ կարգախոսով. ՙԿարեւորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը Օլիմպիական խաղերին՚: Ինչպես լինում է, ասենք, ձմեռային մարզաձեւերի պատանեկան, երիտասարդական կամ մեծահասակների մրցաշարերում, երբ մեր մարզիկ-մարզուհիների մեծ մասը հաճախ նույնիսկ վերջնագծին չի հասնում:
Կրկին դառնանք մեր, այսպես ասած, թարմ վերքին` Տրապիզոնի բռնցքամարտի մրցաշարին: Հիշեցնենք, որ Թուրքիա էին մեկնել երեւանցիներ Կորյուն Սողոմոնյանը (49 կգ), Հովհաննես Դանիելյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Հրայր Մաթեւոսյանը (69 կգ), էջմիածինցի Արա Պուլուզյանը (64 կգ), գյումրեցի Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ) եւ վանաձորցի Արթուր Խաչատրյանը (81 կգ):
Եթե ընթերցողը հիշում է, մեր նախորդ հրապարակումը նվիրված էր հայ ծանրամարտիկների` Եվրոպայի առաջնությանը մասնակցելուն: Ինչպես մարզաձեւի պատասխանատուներն էին նշել, Եվրոպայի առաջնությունում օլիմպիական վարկանիշային չէր, ուստի առաջնություն էին գործուղել ոչ ուժեղագույն երեք մարզիկների: Իսկ այ, բռնցքամարտիկների դեպքում էլ այն Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն չէր, բայց օլիմպիական ուղեգրի խնդիր էր դրված: Այսինքն` ծանրամարտում եւ բռնցքամարտում խնդիրները տարբեր էին, սակայն երկուսի դեպքում էլ ձախողումն ակնհայտ էր: Չենք ուզում շատ խորանալ ձախողումների հարցում, քանի որ երբեւէ մեզ մասնագետ չենք համարել, իսկ մասնագետներն էլ զարմանալիորեն, ավելի ճիշտ` վախից լռում են: Բայց մի նկատառում չենք կարող չներկայացնել: Երբ ինչ-որ մարզաձեւում որեւէ հայաստանցի մարզիկ մեծ հաջողության է հասնում, փառաբանում են հիմնականում մի հոգու, օրերով, տարիներով երախտագիտություն հայտնում նրան: Իհարկե, մարզիկները, նրանց մարզիչներն էլ դրամական պարգեւներ, ավտոմեքենա, նույնիսկ բնակարան են նվեր ստանում... Բայց երբ ձախողում է տեղի ունենում, մեղավորները միայն մարզաձեւի պատասխանատուներն են դառնում:
Թող որեւէ մեկին չթվա, թե մենք չենք ուրախանում մեր մարզիկ-մարզուհիների հաջողություններով, սակայն վերջին շրջանում դրանք օրեցօր նվազում են: Դրանից հարկավոր է անհրաժեշտ հետեւությունների հանգել ու կոնկրետ քայլեր ձեռնարկել, եւ այս դեպքում, կրկնենք, անչափ կարեւորվում է տարբեր մարզաձեւերի մասնագետների անաչառ, համարձակ խոսքը... Խոսք, որն իր մեջ կունենա առողջ քննադատություն եւ հետաքրքիր առաջարկներ:
Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

