ՙԻրավունք Հետաքննության՚ վերջին համարում նշել էինք մեր երկրում նոր ձեւավորվող աղանդի` ՙԽորան միջազգային քրիստոնեական՚ եկեղեցու մասին: Խմբագրություն դիմած ՙԱզգային երիտասարդական լիգայի՚ փոխնախագահ Դանիել Պետրոսյանը մեզ փոխանցեց, որ այդ կառույցը ՀՀ-ում գրացվել է դեռեւս 2008 թվականին, եւ իրենց հիմնական գործունեությունը նրանք ծավալում են Իսպանիայի Կուլերիա քաղաքում` հայ համայնքի շրջանակներում:
Ըստ որոշ տեղեկությունների այդ նորաթուխ աղանդը` Հրաչյա Խաչատրյանի գլխավորությամբ, ով ՀՀ քաղաքացի է, երբ իր հետեւորդների վրա տեսնում է ոսկյա իրեր, շղթաներ, դիմելով նրանց, ասում է, որ երազում տեսել է, որ այդ ոսկյա իրերի մեջ չար ուժեր են մտել ու դրանք վերցնում է` չար ուժերը մեջից հանելու նպատակով: Սակայն ուղարկում են ուղիղ Հայաստանի ոսկու շուկաներից մեկը, որտեղ դրանք իրացվում են: Դանիելը մեզ փոխանցեց նաեւ, որ այդ աղանդի հետեւորդները բավականին ագրեսիվ են, եւ կան կարծիքներ, որ Իսպանիայում, ով դեմ է դուրս գալիս նրանց, հետո իմանում են, որ ՙպատահաբար՚ ավտովթարի է ենթարկվել, կորել է կամ մահացել առանց պատճառի. ՙԱսեմ նաեւ, որ Ֆեյսբուք սոցիալական կայքում նրանք հայտարարում են, որ մեր գործունեությունը այստեղ անհետեւանք չի մնա: Երկու օր առաջ մենք ԱԳՆ-ի առաջ խաղաղ ցույց կատարեցինք` նախարարին պահանջ ներկայացնելով մանրամասն ուսումնասիրելու այդ անձի գործունեությունը Իսպանիայում, եւ եթե մեր ունեցած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, կանխարգելող միջոցների դիմի՚: Կազմակերպության երիտասարդները մեզ տեղեկացրեցին, որ երկու օր առաջ ահաբեկող զանգեր են ստացել թե° Իսպանիայից եւ թե° Հայաստանից իրենց հասցեին, եւ նրանց մասնավորապես ասվել է. ՙՈվ կանգնի աղանդի դեմ, մայրուղի կհանենք, դուք դեռ պատասխան եք տալու ձեր արածների համար: Եթե ձեզ համար ձեր կյանքը թանկ է, ապա դադարեցրեք ձեր գործունեությունը: Հայաստանը պիղծ երկիր է, Իսպանիայի նման երկիր չէ, որ սուտ տեղեկություններ տարածի: Եթե մեզ պետք լինի, կարող ենք ձեզ գտնել ու երկու րոպեում ձեր հարցերը լուծել՚: