ՄԻՀՐԱՆԻ ԼԱՑԱԿՈՒՄԱԾ ՖԱՆԱՏՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵԿԱՎ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ ՙՄոսկվա՚ կինոթատրոնի հարակից տարածքում արտասովոր դրություն էր, սակայն այս անգամ պատճառը ոչ թե որեւէ կուսակցության քարոզարշավն է, այլ երգիչ ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը, որն իր մարդաշատությամբ եւ ինտրիգային դրությամբ գերազանցեց բոլոր կուսակցությունների ընտրական քարոզարշավները:
Դեռահաս աղջիկների մի հոծ բազմություն լացում, վազվզում ու մազերն էր պոկում Միհրան Ծառուկյանի համար: Անմասն չէին մնում նաեւ դեռահասների եւ, հատկապես, 2-4 տարեկան երեխաների մայրիկները, որոնց համար երեխաները անցաթուղթ էին հանդիսանում, անկախ նրանից, որ փոքրիկները մայրիկների ոգեւորությունն ու խիստ մեծ ցանկությունը չունեին Միհրանի, ավելի ճիշտ` սերիալի Գոռի հետ լուսանկարվելու: Մայրիկները Գոռին հասնելու համար հրմշտելով, ոտնատակ տալով եւ հավասարվելով դեռահաս աղջիկներին` մի կերպ ներս էին խուժում երեխաներին գրկած. կարծես իրենց համար միեւնույն էր, որ երեխան լացում է կամ խեղդվում մարդաշատությունից: Զավեշտալին այն է, որ լացակումած ֆանատները ջանք ու եռանդ չէին խնայում դիմակայելու հնարավորինս բարձրակրունկ կոշիկների վրա` երեւի Միհրանին հասակով հավասար լինելու համար: Նույնիսկ դեռահասների երազած սրտակերին տեսնելու մոլուցքը հանգեցրեց նրան, որ օգնության եկան շտապօգնության աշխատակիցները: Մեզ այդպես էլ չհաջողվեց ներս մտնել երգչին շնորհավորելու եւ գոնե ձայնասկավառակը տեսնելու համար: Փոխարենը` հերոսաբար ներխուժածներից պարզեցինք, որ ձայնասկավառակը վերնագրված է ՙՀավատանք, որ փոխեմ՚, ինչը շատերի կողմից հումորով այսպես էր մեկնաբանվում. ՙՄիհրանն էլ ա քարոզարշավ անում. լրիվ ՀՀԿ-ի կարգախոսն ա` ՙՀավատանք, որ փոխենք՚՚: Միհրանին հասնելու հույսները կտրած ու լացակումած դեռահասները փարատվում էին իրենց ընկերոջը շնորհավորելու եկած սերիալի հերոսների հետ լուսանկարվելով: Կարելի է ասել` Միհրանի մուռը հանում էին նրա գործընկերներիցª Ստյոպիկիցª Դավիթ Մարդյանից, Սեւոյիցª Կարո Հովհաննիսյանից եւ մոդել Դեյվից: Նրանք առիթը բաց չթողեցին լուսանկարվելու նաեւ երգիչ Ռազմիկ Ամյանի, Դելոյի եւ մի շարք հայտնիների հետ: Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ