ԿԱՐԿՈՒՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ԷԼ ԵՆ ՎԵՐԱԾԵԼ ԹԱԼԱՆԻ
Արխիվ 12-16| ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ |
Գարնան գալստի հետ մեկտեղ, քիչ-քիչ իրեն զգացնել է տալու մեկ այնպիսի խնդիր, որն ամեն տարի, պաշտոնական հաշվարկներով, հայաստանյան գյուղացիությանը հասցնում է 16-20 մլրդ դրամի վնաս: Իրականում այդ թիվը, ինչպես վստահեցնում են մասնագետները, մի քանի անգամ ավելի մեծ է, քանի որ շատ դեպերում համայնքներում, նույնիսկ խոշոր կարկտահարությունների դեպքում, արդեն չեն էլ հաշվարկում վնասների իրական չափերը` դա համարելով անիմաստ զբաղմունք: Իսկ մանր կարկտահարությունները, իրենց համեմատաբար փոքր վնասներով հանդերձ, առհասարակ ոչ մեկը բանի տեղ չի էլ դնում: Եվ, արդյունքում, տարբեր մասնագետների գնահատականներով, ամեն տարի կարկուտի վնասի վերը նշված ցուցանիշներն իրականում 3-5 անգամ ավելի մեծ են:
գյուղատնտեսության նախկին նախարար, կարկառուն ՕԵԿ-ական Գերասիմ Ալավերդյանը, դեռ այն ժամանակ, երբ նոր-նոր էր նշանակվել այդ պաշտոնին, մեզ տված հարցազրույցներից մեկում համարյա թե երդվում էր, որ հակակարկտային կայանների տեղադրման պետական ծրագրի շնորհիվ ընդամենը մի քանի տարում լուծելու է կարկտահարության եւ դրա պատճառած վնասների հարցը: Սակայն անցած տարի մոտավորապես այս ժամանակներում սկսված եւ մինչեւ ամռան սկզբները պարբերաբար շարունակվող կարկտահարությունը եկավ ապացուցելու, որ հակակարկտային կայանների առումով Հայաստանը դեռ նախնադարում է:
Բնականաբար, առաջ է գալիս նման հարց. յուրաքանչյուր տարի պետությունը զգալի միջոցներ է հատկացնում Հայաստանի հակակարկտային համակարգի վերականգնման համար: Ուրեմն ինչպե±ս է ստացվում, որ կարկտահարության հասցրած վնասները գնալով ոչ թե պակասում, այլ դեռ մի բան էլ ավելանում են: Խնդիրն այդ կայանների քանակի±, թե± որակի մեջ է:
Հայաստանում հակակարկտային համակարգեր հիմնականում տեղադրում են երկու ընկերություններ` ՙՄթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն՚ ՊՈԱԿ-ը եւ ՙԲարվա՚ ՍՊԸ-ն: Այս երկուսի կայանների ընդհանուր թիվը, լավագույն դեպքում, հաշվվում է 1-2 հարյուրով, եւ դա` այն դեպքում, երբ այդ կայաններից յուրաքանչյուրը, լավ թե վատ, ապահովում է 80-100 հա տարածք: Պարզ հաշվարկն էլ ցույց է տալիս, որ այդ կայանների միջոցով կարկտահարությունից պաշտպանվող տարածքները բավականին չնչին են:
2-3 տարի առաջ շրջանառության մեջ դրվեց հակակարկտային կայանների մեկ այլ ծրագիր եւս: Այն իրականացվում էր ՀՀ պետբյուջեի եւ ՙՃապոնական գործընկերային հիմնադրամ՚-ի դրամաշնորհով եւ նախատեսում էր կառուցել եւս 28 (2009թ.) եւ 48 (2010թ.) հակակարկտային կայան: Սակայն այս անգամ այդ կայանների տեղակայման աշխատանքը հանձնվեց ոչ թե դրանում մասնագիտացած հիշատակված երկու ընկերություններին, այլ ՙՊոստ Լեքս Քոնսալթինգ՚ ընկերությանը: Եվ այն հարցին, թե ինչո±ւ ենք այդքան վատ պաշտպանված կարկուտից, փորձենք մոտենալ այս վերջին ընկերության կատարած աշխատանքի տեսանկյունից:
Մեր նախորդ համարում անդրադարձել էինք ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից Գյուղատնտեսության նախարարության 2009-2011թթ. գործունեության ուսումնասիրությանը: Նույն հրապարակման մեջ ընդգծել էինք, որ հայտնաբերվել են աղաղակող չարաշահումներ գործնականում բոլոր այն ուղղություններում, որոնք ՎՊ-ն նայել էր: Այդ ուղղություններից մեկն էլ հիշատակված հակակարկտային կայանների տեղակայման ծրագիրն էր, եւ դրա ընթացքում արձանագրված բազում ՙտարօրինակ՚ դրվագներն էլ հնարավորություն են տալիս առհասարակ պատկերացում կազմել հայաստանյան հակակարտային համակարգի վիճակի մասին:
ՎՊ-ի ուսումնասիրություններից երեւում է, որ ի սկզբանե շրջանառվել է երկու տիպի կայաններ տեղադրելու խնդիր: Առաջինը` ացետիլենով գործող գազագեներատորային կայաններն են, որոնք ապահովում են մինչեւ 50 տոկոս արդյունավետություն ու 80 հա տարածքի պաշտպանություն: Այսինքն` խոսքը մոտավորապես այն կայանների մասին է, ինչ տեղակայվում է Հայաստանում առանց այդ ծրագրի: Երկրորդը` քիմիական ռեագենտով գործող ֆրանսիական գեներատորային կայաններն են, որը թեեւ արդյունավետության տեսանկյունից մի փոքր պակաս է (մինչեւ 45 տոկոս), սակայն պաշտպանում է 670 հա տարածք: Ընդ որում, այս տիպի կայանները նախատեսում են նաեւ արհեստական տեղումներիª անձրեւի եւ ձյան ստանալու հնարավորություն£ Եվ ահա, այն պարագայում, երբ առավելությունն ակնհայտորեն ֆրանսիական կայանների կողմն է, ՎՊ-ն նկարագրում է նման մի իրավիճակ. ՙԾրագրով նախատեսված 14 հատ ֆրանսիական ռեագենտով գործող գեներատորային կայաններից, որոնք տեղադրված գազագեներատորային կայաններից կրկնակի էժան են, պաշտպանում են 8 անգամ ավելի մեծ տարածք (կամ 1 հա պաշտպանվող տարածքի հաշվարկով էժան են 16 անգամ) եւ որոնց տեղադրմամբ պետք է ապահովվեր լրացուցիչ տեղումներիª անձրեւի, ձյան ստացումը, ոչ մի հատ չի տեղադրվել՚£ Խորհրդային տարիներին մի հետաքրքիր տերմին կար` վնասարարություն: Դժվար չէ, անկախ մյուս չարաշահումներից, նկատել, որ վերը նշված բացահայտումն արդեն իսկ խոսում է վնասարարության մասին: Սակայն այդքանով ամեն ինչ չի սահմանափակվում:
ՙԿառուցված կայանները առ այսօր չեն անցել միջգերատեսչական բազմաբնույթ փորձարկումներ, եւ որոշված չէ այդ կայանների հիմնական տեխնիկական բնութագրերը£ Ոչնչով չի հիմնավորվում կայանների արդյունավետության տոկոսաչափերը, պաշտպանվող տարածքի (մակերեսի) չափը, էկոլոգիական անվտանգությունը (այդ թվում` թռչունների նկատմամբ), ուսումնասիրված չէ կայանների ազդեցությունը ներգործության գոտին հատող թռչող ապարատների վրա: Չկա կայանների միջոցով ամպերի վրա ազդելու (կրակելու) հաստատված կանոնակարգ կամ մեթոդիկա£
Նվազագույն քանակությամբ կայանների տեղադրմամբ առավելագույն բարձր արդյունավետություն ստանալու ուղղությամբ որեւէ աշխատանք չի իրականացվել£ Չեն կատարվել պաշտպանվող տարածքների աշխարհագրական եւ բնակլիմայական բնութագրիչների ուսումնասիրություններ եւ որոշված չեն ծրագրով նախատեսված կայանների տեղադրման վայրերը£ Կայանների տեղադրման վայրերի ընտրությունները ոչնչով չեն հիմնավորվել՚ եւ այլն:
Դրանից հետո գալիս է ոչ պակաս ուշագրավ ֆինանսական չարաշահումների հերթը.
ՙԱվելի բարձր նախահաշվային արժեք ունեցող աշխատանքները փոխարինվել են ավելի էժան նախահաշվային արժեք ունեցող աշխատանքներով, սակայն պայմանագրի միավոր գները համամասնորեն չեն նվազեցվել, իսկ առանձին դեպքերում նույնիսկ ավելացվել են, ինչի արդյունքում ավելի է վճարվել 5 224,8 հազ. դրամ:
Տեղում կատարված հսկիչ չափագրություններից պարզվել է, որ 2009թ.-ի 30 185,6 հազ. դրամի աշխատանքներում թույլ է տրվել 5 590,6 հազ. դրամի ծավալային հավելագրում, իսկ 2010թ.-ին` 60 735,4 հազ. դրամ աշխատանքներում` 9 967,7 հազ. դրամի ծավալային հավելագրում՚:
Իսկ ահա ՙՊոստ Լեքս Քոնսալթինգ՚ ՍՊԸ-ում կատարված հանդիպակաց ստուգումներն էլ իրենց հերթին են հայտնաբերել ֆինանսական այլ չարաշահումներ: Մասնավորապես, որ 2009թ.-ին` 1 745,7 հազ. դրամի եւ 2010թ.-ին` 7 958,3 հազ. դրամի աշխատանքներ փաստաթղթերով չեն հիմնավորվել: Տեղադրվել են սերտիֆիկատում նշված ռադիոկայանին եւ մոդեմին չհամապատասխանող ռադիոկայան եւ մոդեմ, եւ այլն:
Իհարկե, այս բոլոր ֆինանսական չարաշահումները ավելի շատ գնում են թալանային թեմային, այսինքն` լավագույն դեպքում, սրա արդյունքում ինչ-որ մարդիկ պետք է պատասխան տան: Բայց դա կարկուտի դեմ պայքարի խնդիրը չի լուծում: Եվ այս առումով ուշագրավ են բուն այն տեխնիկական տվյալները, որոնք վերաբերում են վերը նշված ֆրանսիական կայաններին: Միգուցեեւ աշխարհում դրանցից լավերն էլ կան, սակայն, կոնկրետ դեպքում, կոնկրետ փաստը ապացուցում է, որ գոյություն ունեն կայաններ, որոնք մի քանի անգամ (տվյալ դեպքում` 6-8) ավելի արդյունավետ են, քան այն կայանները, որոնք այսօր տեղադրվում են մեր երկրում: Ընդ որում, գնային տեսակյունից մի առանձնահատուկ տարբերություն կարծես թե չկա: Եվ այս պարագայում, երբ վերցնում ու պետության հաշվին ողջ երկրով մեկ համատարած տեղակայում են ընդամենը 80-100 հա տարածք ապահովող հակակարկտային կայաններ, ապա պարզ է, որ այս տեմպերով երեւի թե տասնամյակներ են պետք, որ երկիրն ապահովվի կարկտահարության վնասներից: Իսկ թե ինչո±ւ Հայաստանում այդպես չսովորեցին եղած փոքրիկ միջոցները հնարավորինս նպատակային ծախսել, դա էլ արդեն դեպի ամենազոր կոռուպցիան տանող հերթական խոսակցությունն է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Ի ԴԵՊ
Մինչ անկախացումը Հայաստանում գործում էր հակակարկտային հզոր ծառայություն: Այն բաղկացած էր հանրապետության ամենակարկտավտանգ 16 շրջաններում տեղակայված մոտ 60 մարտկոցներից` յուրաքանչյուրում ունենալով 4-5 զենիթային թնդանոթներ եւ մեկ հրթիռային կայան: Այդ կերպ կարկտից պաշտպանված էր ավելի քան 1 մլն հա հողատարածք: Ընդ որում, այդ կայանների արդյունավետությունը 90-95 տոկոս էր: Եվ դա` այն դեպքում, երբ ներկայումս տեղակայվող կայանների արդյունավետությունը, այն էլ` եթե հավատանք տեղակայողներին, միջին հաշվով 50-60 տոկոսի կարգի է:

