ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՐՏՎԻԼԱԿՆԵՐԻ ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ՚ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ
Արխիվ 12-16| ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ |
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՐՏՎԻԼԱԿՆԵՐԻ ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ՚ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ
Եվ այսպես, ամբողջ թափով հեռուստաէկրաններից, հանրահավաքների ամբիոններից, փողոցային պաստառներից, Եհովայի վկաների պես տնետուն ընկած աներես քարոզիչների շուրթերից ու բաժանած բուկլետներից ՀՀ քաղաքացիների վրա լցվում է նախընտրական քարոզչական հոսքը: Փրկություն չկա նաեւ աշխարհի ամենաազատ տարածքում` ինտերնետում, քանզի ե°ւ լրատվական կայքերում, ե°ւ սոցիալական ցանցերում եռում են նույն կրքերը` երբեմն արդեն նաեւ ոչ նորմատիվային բառապաշարի կիրառումով: Ու առաջին հայացքից աչքի է զարնում հետեւյալ հակադրությունը` ամենահանդարտը ՀՀԿ-ի քարոզարշավն է, որը անձամբ առաջնորդում է ՀՀ նախագահը, եւ որի ընթացքում բազմիցս նաեւ հորդորներ են հնչում ընտրությունների պատճառով ազգը բաժան-բաժան չանելու, իսկ ընդդիմադիր դաշտից ամենաթունոտ, պիտակավորումներով ու հայհոյանքներով հագեցած, ինչ-ինչ ներազգային ՙճակատամարտերի՚ ու ՙռազմաճակատների՚ կանչող քարոզարշավի դափնիները, անշուշտ, պատկանում են ՀԱԿ-ին:
ՙԳԵԼԼԱՓ՚ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐ. ՀՀԿ-Ն ԱՌՋԵՎՈՒՄ Է ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Սակայն նախընտրական տրամադրությունների դինամիկան ավելի ճիշտ ըմբռնելու համար դիմենք թվերի լեզվին, որոնք եւ հայթայթել են աշխարհում ամենաօբյեկտիվ համարվող ՙԳելլափի՚ հաստատությունը: Ճիշտ է, իր ամերիկյան ծագումնաբանության զորությամբ սույն հիմնարկությունը ձգտել է հնարավորինս առավելություն ապահովել ամերիկամետ ՙնարնջագույն՚ ուժերին, սակայն ՙԳելլափի՚ ստացված թվերը վկայում են, որ ամենաուժեղ դիրքերն ունի ՀՀԿ-ն: Գրաֆիկում պատկերված է ձայների բաշխումը մայրաքաղաքում, այլ քաղաքներում եւ գյուղական վայրերում, եթե քվեարկությունը տեղի ունենա այս կիրակի: Եվ ի±նչ է բխում այդ պատկերից` որ մայրաքաղաքում ՀՀԿ-ն ունի ամենամեծ առավելությունը նաեւ այդքան թմբկահարվող ՙհիմնական մրցակից՚ ԲՀԿ-ի նկատմամբ (տարբերությունը կազմում է 10 տոկոս), այլ քաղաքներում տարբերությունը 3 տոկոս է, իսկ գյուղերում` 2 տոկոս: Ընդհանրապես` մեր երկրի նորագույն պատմության բոլոր ընտրություններին միշտ մայրաքաղաքն է եղել իշխող կուսակցության թույլ տեղը, եւ հենց Երեւանում ավանդաբար ընդդիմությունն ունեցել է առավելագույն ձայներ: Իսկ այժմ ունենք հակառակ պատկերը, որ Երեւանն, ուր ապրում է երկրի բնակչության շուրջ 40 տոկոսը, առավելությունը տալիս է հենց իշխող կուսակցությանը: Եթե դրան հավելենք նաեւ այն, որ 41 մեծամասնական ընտրատարածքներից առնվազն 30-ում ակնկալվում է ՀՀԿ-ի թեկնածուների հաղթանակը, ապա ստացվում է, որ այժմ ՀՀԿ-ի դիրքերը ամուր են առավել քան երբեւէ:
Իսկ այժմ` այլ կուսակցությունների վերաբերյալ: Դեռեւս կոալիցիայի անդամ համարվող, իշխանական եւ ֆինանսական լծակների կիրառումը ընդդիմադիր հռետորաբանության հետ համադրող ԲՀԿ-ն գործնականում շանսեր չունի բարելավելու իր ցուցանիշները մայրաքաղաքում, ուր նաեւ նվազագույնն են բոլորին դեմ եւ չկողմնորոշված ընտրողները: ԲՀԿ-ի հիմնական աճի ռեսուրսը գյուղերում է եւ փոքր քաղաքներում, ուր բնակչության սոցիալական վիճակը թույլ է տալիս ՙբարեգործությունների՚ վրա միավորներ վաստակել:
ՕԵԿ-ի պարագայում երեւում է, որ կոալիցիայի մեջ մտնող այդ ուժը հաղթահարում է 5 տոկոսի սահմանագիծը: Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերին, ապա բավականին թույլ են երեւում ՙԺառանգության՚ ցուցանիշները` մայրաքաղաքում եւ այլ քաղաքներում` 4 տոկոս, իսկ գյուղերում` 2 տոկոս, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ բեղաթրաշ Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունը խորհրդարան մուտք կգործի միայն, եթե ստեղծվի առավելագույն բարենպաստման ռեժիմ: ՀՅԴ-ն, ըստ ՙԳելլափի՚, գտնվում է խորհրդարան մուտք չգործելու ռիսկի տակ, քանզի քաղաքներում ունի 5 տոկոս, իսկ գյուղերում` 4, ու եթե շարունակի չարաշահել հեղափոխական եւ ՙիշխանափոխական՚ բառապաշարով ու գործողություններով, կարող է եւ այդ կուսակցությանը բարենպաստման ռեժիմ եւ չտրամադրվի: Ուշագրավ է, որ առավելագույն ցուցանիշը` 3 տոկոս, կոմունիստներն ունեն այլ քաղաքներում, իսկ մայրաքաղաքում ու գյուղերում` ընդամենը 2-ական տոկոս, այսինքն` հավասարաչափ: Սակայն ակտիվ քարոզչության դեպքում, թերեւս, կոմունիստները հնարավորություն ունեն բարելավելու իրենց ցուցանիշները:
Իսկ հիմա` ընդդիմության ամենահակապետական տեսակի` ՀԱԿ-ի վերաբերյալ: Մայրաքաղաքում ու գյուղերում սույն միավորումը, ըստ ՙԳելլափի՚, ունի 9-ական տոկոս, այլ քաղաքներում` 8: Իսկ ռեալ ռեսուրսներ ավելացնելու ՀԱԿ-ի քվեները չեն երեւում ոչ մի տեղ, զի մեր ժողովուրդը չի սիրում նրանց, ովքեր 4 տարի շարունակ խոստացել, բայց չեն իրականացրել իշխանափոխություն: Ընդհակառակը` ընտրությունների օրվան ընդառաջ ՀԱԿ-ի ցուցանիշները կարող են իջնել, եւ կարող է հարցականի տակ լինել 7 տոկոսի սահմանագիծը հաղթահարելը:
Եվ այսպես, ՙԳելլափը՚ իշխանափոխիչներին ոչ մի լավ հեռանկար չի խոստանում, եւ, ընդհակառակը, բոլոր ցուցանիշներովՀՀԿ-ն առջեւում է բոլորից` ե°ւ տարիքային խմբերում, ե°ւ ըստ ընտրողների սեռի, ե°ւ անգամ այնպիսի ցուցանիշով, ինչպիսին է առաջին ու երկրորդ նախապատվությունների ֆանտաստիկ տարբերակը: Ու նույն ՙԳելլափը՚ ցուցանում է, որ մեր ժողովուրդը բավականին կուշտ է ատելության քարոզչությունից. ՀԱԿ-ին ոչ մի դեպքում քվե չեն տա 36 տոկոսը, իսկ ՀՀԿ-ին` 11 տոկոսը: Այսինքն` սկզբունքային հակաիշխանական տրամադրություն ունեցողները մեր երկրում բնակչության մեկ տասերորդն են:
ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ՚ ԱՎԱՆՏՅՈՒՐԱՅԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ
Հեղաշրջման մոլուցքով, իսկ ավելի ճիշտ` դրսի կենտրոնների թելադրանքով քաղաքացիական լայնածավալ բախումների ձգտող ՀԱԿ-ին ընտրարշավի կանոնավոր ընթացքը ոչ մի հեռանկար չի խոստանում: Մարզային հանդիպումների ընթացքում պայթեց նաեւ ՀԱԿ-ի այն քարոզչական պնդումը` իբր մայրաքաղաքում հանրահավաքները սակավամարդ էին, քանզի իշխանությունները չէին թողնում, որ մարզերից ՀԱԿ-ի կողմնակիցները գան Երեւան: Դե, եթե մարզերում, իրոք, լինեին այդ ՙհերոս՚ կողմնակիցները, ապա ՀԱԿ-ի մարզային հանդիպումները ընտրողների հետ պետք է լինեին լավ բազմամարդ: Բայց իրականում տեսնում ենք հակառակ պատկերը` ԼՏՊ-ն իր հետ մարզից մարզ քարշ է տալիս սեփական շքախումբը, եւ տեղացիներ չափազանց քիչ են գալիս: Դրան էլ մոգոնվեց մի ֆանտաստիկ, ծիծաղաշարժ բացատրություն` իբր դա պայմանավորված է արտագաղթով, մեկ էլ` վախի գործոնով: Դե, եթե իբր չէին վախենում գալ մայրաքաղաք, ապա ինչո±ւ հենց տեղում պետք է վախենային, բայց, այնուամենայնիվ, սեփական թիմին ԼՏՊ-ն կերակրում է հեքիաթներով, թե` այ, տեսեք, պատշգամբներից կամ ծառերի տակից նայող բազում ՙվախեցողներ՚ խանդավառ իրենց քվեները կտան հենց ՀԱԿ-ին: Բայց չէ± որ, ըստ ՙԳելլափի՚, հենց ՀԱԿ-ին ոչ մի դեպքում քվե չեն տա առավելագույն քանակով ընտրողներ, մինչդեռ ավելի չափավոր ուժերը, կարծես թե, ավելի մեծ շանսեր ունեն: Իսկ ԼՏՊ-ն` իր հայհոյախառն ճառերով, որոնք ավելի շուտ կսազեին բոսյակին, այլ ոչ թե գիտության դոկտորին, ինչպես նաեւ` պնդերեսորեն արած մերկապարանոց պնդումներով Արցախի ու ցեղասպանության վերաբերյալ (իսկ երկուսն էլ նա ժամանակին բացեիբաց ուրանում էր), բերում է նրան, որ մեկ անգամ այդպիսի հանդիպման եկողը երկրորդ անգամ այդտեղ ոտք չի դնի:
Ուրեմն` ի±նչ է մնում այդ պայմաններում: ՀԱԿ-ի միակ շանսը մնում է եփել ավանտյուրա, որի նպատակն է առավել խոշոր ու ազդեցիկ ուժի ձեռքերով կրակից հանել հեղաշրջման շագանակները: Պատահական չէ, որ դեռ անցյալ տարվա հոկտեմբերից ԼՏՊ-ն իր ելույթներում փորձում էր սիրաշահել ԲՀԿ-ին, իսկ այնուհետ բանը հասավ արդեն հայտնի ՙքաղաքագիտական վերլուծությունում՚ բացեիբաց գործարկ առաջարկելուն. ՙԵթե պարզվի, որ ՙԲարգավաճ Հայաստանը՚ անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել իրապես արդար ու օրինական ընտրությունների անցկացման համար՚, ապա, ըստ ԼՏՊ-ի, կստեղծվեն ՙհամագործակցության հնարավորություններն ու հեռանկարները... բացառելով միայն միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու տարբերակը՚: ՀԱԿ-ի առաջնորդը, որպես երազանք, ասում էր, որ դա` ՙի զորու է արմատապես փոխել քաղաքական ուժերի դասավորությունները՚, իսկ ապագայում նաեւ` հիմք դառնալ ՙուժերի ավելի լայն ճակատի ձեւավորման համար՚: Անշուշտ, ծեր քաղաքական ղառղառի ՙոեւէ՚ երազանք այդպես էլ կմնար զուտ երազանք, եթե Ռոբերտ Քոչարյանի ու ամերիկացիների համատեղ ՙքավորությամբ՚ ԲՀԿ չներդրվեր Վարդան Օսկանյանը: Ու հենց այդտեղ էլ սկիզբ առավ կոալիցիոն ուժի համար ոչ բնորոշ ՙնարնջագույն՚ բառապաշարը: Դե, սկզբում խոսվում էր ՙանձնական կարծիքի՚ մասին, բայց այնուհետ բանը հասավ կատարյալ խառնաշփոթի ՀՀԿ-ի ներում: Այսպես, Դիլիջանում Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք մտադիր չէ± արձագանքել ԼՏՊ-ի առաջարկությանը համագործակցության վերաբերյալ, ասաց. ՙՀամագործակցության մասին ոչ մի խոսք չկա: Համագործակցությունը միասնական ուժերով բաց, արդար, թափանցիկ ընտրություններ ապահովելու մեջ է, որի համար մենք ստորագրել ենք, եւ ասել ենք, որ նրանց հետ, ովքեր մեր կողմնակիցներն ու գործընկերներն են, պետք է կարողանանք մեր ժողովրդի համար մեկ անգամ ապահովել բաց, արդար, թափանցիկ ընտրություններ՚: Այսինքն` պարզ չէ, համագործակցո±ւմ են, թե± ոչ: Իսկ պատասխանելով այն հարցին, թե ՀԱԿ առաջնորդը ԲՀԿ-ին առաջարկում է դեմ դուրս գալ ՀՀԿ-ին եւ ՙռեժիմին՚, Գագիկ Ծառուկյանը հակադարձեց. ՙՈ±նց դեմ դուրս գալ: Լեւոն Տեր-Պետրոսյանը նման բան չի առաջարկում: Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ պահանջում է արդար, բաց, թափանցիկ ընտրություններ, որին մենք կողմնակից ենք՚: Դե, դա արդեն նշանակում է հերքել ԼՏՊ-ի հանրահայտ հայտարարությունները: Հետաքրքիր էվոլյուցիա ապրեց եւ վերաբերմունքը Օսկանյանի այն հայտարարություններին, թե կոալիցիան ձեւական է, իսկ իշխանության գործունեության համար պատասխանատու է բացառապես ՀՀԿ-ն: Օսկանյանական մտավարժանքների շարունակությունն էլ եղավ այն, որ ՀՀԿ-ին քաղաքական մենաշնորհից զրկելու լավագույն միջոցը ԲՀԿ-ն է: Այսինքն` այժմ Օսկանյանի դիրքորոշումը գործնականում ոչնչով չի տարբերվում ԼՏՊ-ի դիրքորոշումից, իսկ Օսկանյանի ու Հմայակ Հովհաննիսյանի ստեղծած ՙընտրությունների վերահսկման միասնական շտաբը՚ պետք է համարել ոչ այլ ինչ, քան ապագա պետական հեղաշրջման շտաբ: Դե, սխեման պարզ է` ամեն կերպ փորձել մեկուսացնել ՀՀԿ-ին, եւ հենց այդ պատճառով է, որ ԼՏՊ-ն խոսում է հենց մայիսի 7-ին ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու մասին: Դե, պարզ է այդ ավանտյուրայի տրամաբանությունը` ՙկոնսենսուս մինուս ՀՀԿ՚ ձեւաչափով ստեղծել նոր մեծամասնություն` առանց ՀՀԿ-ի, եւ ընդգծված ՙնարնջագույն՚ մեծամասնություն, ու քանի որ խոսվում է արդեն մայիսի 7-ին զանգվածային բողոքներ կազմակերպելու մասին, ապա պարզ է դառնում, որ ՙհմայականոցում՚ գործող դավադիրների որջը նախատեսում է երկու հնարավոր սցենար. մեկը` փողոցային անկարգություններ, որոնք ավելի լայնածավալ են, քան մարտիմեկյան ողբերգությունը, իսկ երկրորդը` փորձել խորհրդարանում իրականացնել հեղաշրջում:
Եվ ուշագրավ է, որ Արմավիրի մարզում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ կոալիցիան գործում է ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում, եւ այն վերջացած կհամարվի մայիսի 6-ին:
Բայց հարց է ծագում. իսկ ո±ւր այդ դեպքում մնաց կոալիցիոն հուշագիրը, որը պետք է գործի եւ նախագահական ընտրությունների ժամանակաշրջանում, ու համաձայն որի` կոալիցիոն բոլոր երեք ուժերը պարտավորվում են պաշտպանել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Հետաքրքիր է, որ ո°չ Օսկանյանը, ո°չ ԼՏՊ-ն չեն խոսում կոալիցիոն հուշագիրը չեղյալ հայտարարելու մասին: Ինքը` ԲՀԿ առաջնորդը, սիրում էր օգտագործել հետեւյալ ձեւակերպումը. ՙԱյդ մասին հաջորդ դասին՚: Եվ հարց է ծագում. իսկ արդյոք խոսքը ՙգործող նախագահ՚ ձեւակերպման մասին չէ±: Չէ± որ, եթե հաջողվի փողոցային կամ խորհրդարանական հեղաշրջումը, որի մասին այդքան երազում է ԼՏՊ-ն եւ այդքան նպաստում է Օսկանյանը` իր թիկունքում կանգնած կլանաօլիգարխիկ եւ ամերիկյան ուժերի հետ միասին, ապա ՙգործող նախագահի՚ դերում կլինի արդեն նոր ԱԺ մեծամասնության կողմից ընտրված ՙնարնջագույն՚ ԱԺ նախագահը: Ու արդյոք հենց հակապետական հեղաշրջման այդ սխեման նկատի չունե±ն նրանք, ովքեր խոսում են, թե Օսկանյանի համար նախատեսված է ՀՀ նախագահի թեկնածուի հեռանկար...
Պարզ է, որ խոսքը գնում է մաքուր ՙնարնջագույն՚ ավանտյուրայի մասին: ՙԺառանգություն՚ խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն էլ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի համագործակցությունը համարում է ակնհայտ եւ չի բացառում, որ ԱԺ անցնելու դեպքում կոալիցիա կկազմեն. ՙՊրոցեսը շատ ակնհայտ է, մերձեցումն ակնհայտ է: Նույնիսկ տեղեկություն կա, որ ԲՀԿ-ն աջակցել է ՀԱԿ-ի մեծամասնական թեկնածուներին՚: Դե ինչ, եթե ավանտյուրան հաջողվի, ապա ե°ւ ՀԱԿ-ի բախտը կբանա, ե°ւ ԲՀԿ-ում այժմ իշխանական լծակներ տիրապետող, եւ իշխանական կուսակցության ատրիբուդներից օգտվողների հնարավորությունները կպահպանվեն: Ճիշտ է, առաջին ջութակի դերը այդ դեպքում արդեն փաստացի Օսկանյանին կպատկանի, այլ ոչ թե ԲՀԿ առաջնորդին: Բայց հարց է ծագում. իսկ արդյոք ԲՀԿ-ի` իշխանական կուսակցության կարգավիճակին սովոր ստվար հատվածը պատրա±ստ է այն ռիսկերին, որոնց տակ ընկնելու է ավանտյուրայի տապալման դեպքում, եւ արդյոք նրանք իրենք իրենց չե±ն դնում ամեն ինչը կորցնելու ռիսկի տակ: Բնականաբար, նրանցից յուրաքանչյուրը ինքն իր համար կգտնի պատասխանը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

