ՙՈՒԺԱՍՊԱՌ ՁԻԵՐԻՆ ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒՄ ԵՆ՚
Արխիվ 12-16| ՄՇԱԿՈՒՅԹ |
ՈՒԺԱՍՊԱՌ ՁԻԵՐԻՆ ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒՄ ԵՆ՚
Կիրակի ուշ երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կայացավ ՙԱզգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012՚-ը, որի շրջանակներում ամփոփվեցին 2011 թվականի երաժշտական արդյունքները: Մոտ հինգ ժամ տեւած մրցանակաբաշխությանը ներկայացված էր 15 անվանակարգ եւ 16 հատուկ մրցանակ: Չնայած այս տարի մրցանակաբաշխությունը այդքան էլ չէր փայլում հայկական շոու-բիզնեսյան աստղաբույլով, բայց, այնուամենայնիվ, այդ երեկո նախատեսված մրցանակները գտան իրենց արժանի տերերին:Երեկոյի ընթացքում հատուկ մրցանակների արժանացան կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը, երգչուհի Նադեժդա Սարգսյանը, Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը` իր բեմադրած ՙԿոմիտաս. եկել եմ՚ նախագծի համար, Թուրքիայում հայկական երգը ներկայացնող երգչուհի Սիբիլը, ՙ10+10՚ երաժշտական նախագիծը, Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հեղինակած ՙՀույսի նավակ՚ նախագիծը, ՙԳոհար եւ հայ աստղեր՚ համերգային ծրագիրը, ՙԵրգ երգոց՚ հաղորդաշարը, ՙԴար 21՚ հեռուստաալիքը, ՙՇարմ Հոլդինգ՚ ընկերությունը, ՙՄանկական Եվրատեսիլ 2011՚ միջազգային երգի մրցույթը, որը 2011-ին անցկացվեց Հայաստանում: Հատուկ մրցանակի արժանացան նաեւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Արմեն Թորոյանը, Լեւոն Մալխասյանն ու Լեւոն Իգիթյանը, ինչպես նաեւ Պատրիկ Ֆիորին: Տիգրան Նաղդալյանի անվան հատուկ մրցանակը բաժին հասավ Հայաստանի Հանրային ռադիոյին:
Ներկայացված անվանակարգերում ՙՏարվա դասական երաժշտական նախագիծ՚ ճանաչվեց Չայկովսկու ՙՇիլկունչիկ՚-ը: ՙՏարվա հիթ՚ անվանակարգում հաղթող ճանաչվեց ՙԳոհար՚ երգչախմբի ՙՊապենական Կիլիկիա՚ կատարումը: ՙՏարվա լավագույն ֆիլմի երաժշտություն՚ անվանակարգում` ՙԱլա բալանիցա՚ ֆիլմի երաժշտությունը` Արտո Թունջբոյաջյանի կատարմամբ: ՙԼավագույն տեսահոլովակ՚ համարվեց Սիրուշոյի ՙI Like It՚ երգի տեսահոլովակը (ռեժիսոր` Ժոր Մելոյան): ՙԼավագույն դուետ՚ անվանակարգի մրցանակը հանձնվեց Միհրան Ծառուկյանին եւ Լիլիթ Հովհաննիսյանին` ՙԻնչու եմ քեզ սիրում՚ լիրիկական կատարման համար: ՙԼավագույն ալբոմ՚ անվանակարգում հաղթող ճանաչվեց ՙԴորիանս՚ խմբի ՙFly՚ ալբոմը: ՙԼավագույն ռադիոհաղորդում՚ համարվեց ՙTime Out՚ հաղորդաշարը (հաղորդավարներ` Ժակ եւ Լուսինե Բադալյան): ՙՏարվա լավագույն ջազ նախագիծ՚ համարվեց ՙԿատուներ՚ խումբը, ՙՏարվա լավագույն դասական ալբոմ՚ª ՙԽմբերգեր՚-ը: ՙՏարվա ժողովրդական ալբոմ՚ª Գյուրջեւը: ՙՏարվա հայտնություն՚ ճանաչվեց Նարինե Դովլաթյանը, ՙԿատարողական արվեստի տարվա հայտնություն՚` Նարեկ Հախնազարյանը: ՙԼավագույն ժողովրդական համույթ՚ ճանաչվեց Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլը, ՙԼավագույն ռոք խումբ՚ª ՙThe beautified project՚-ը, ՙԼավագույն դասական ալբոմ՚ª Էդգար Հովհաննիսյանի ՙԽմբերգերը՚:
ՙՏարվա երգիչ՚ անվանակարգում հաղթող ճանաչվեց Էրիկ Կարապետյանը, իսկ ՙՏարվա երգչուհի՚ անվանակարգում` Սոնա Շահգելդյանը:
Ի դեպ, երեկոյի սպասված ավարտից դեռ մի քանի անվանակարգ առաջ արդեն հանդիսատեսի համար դժվար չէր գուշակել լավագույն երգիչ եւ երգչուհի անվանակարգում հաղթողներին, քանի որ գիշերվա մոտ ժամը 2-ին դահլիճում մնացել էին միայն այն մարդիկ, ովքեր հետո հերթով մրցանակ էին ստանում եւ գնալով կուլիսներ` էլ չէին վերադառնում դահլիճ:
Երեկոյի ընթացքում քիչ էին իրենց հագուստներով աչքի ընկնող արտիստները: Օրինակ, եթե դերասան, հաղորդավար Արսեն Գրիգորյանը ամեն տարի աչքի էր ընկնում իր յուրօրինակ կերպարով, այս անգամ ներկայացավ ավանդական հագուստով: Սակայն այս անգամ աչքի ընկավ ոչ թե Արսենը, այլ նրան ուղեկցող գեղեցկուհին` իր հայկական ավանդական բեղերով: Եթե նախորդ տարիներին երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը մրցանակաբաշխությանը մոդելի նման պարբերաբար փոխում էր հագուստները, ապա այս անգամ մինչեւ երեկոյի ավարտը հավատարիմ մնաց մեկ հագուստի:
Երեկոյի ընթացքում որոշ արտիստներ հանդես էին գալիս ֆանագրամային կատարումներով, նրանցից առավել ցայտուն եղավ Սիրուշոն, ով նախ սկսեց ՙI like it՚ երգը ակապելլա իմպրովիզ կատարումով, ապա անցավ ֆանագարամայի:
Մրցանակաբաշխությունները միշտ աչքի են ընկնում, մրցանակ չստացած ու նեղացած արտիստներով, այս անգամ այդ ՙդերը՚ տրված էր միայն ՙԷմպիռեյ՚ խմբի անդամներին, որոնք ՙՏարվա լավագույն ռոք խումբ՚ անվանակարգից հետո, երբ պարզ դարձավ, որ լավագույններն իրենք չեն, շնորհավորելով հաղթողներին` հեռացան դահլիճից:
Մի քանի ժամ անց, երբ ՙՇարմ՚ ընկերության նախագահ Ռուբեն Ջաղինյանը բեմ բարձրացավ մրցանակ հանձնելու` նայելով արդեն գրեթե դատարկ դահլիճին, հատուկենտ նստարաններին նստած ուժասպառ հանդիսատեսին, հիշեց ՙՈւժասպառ (այս դեպքում` հոգնած) ձիերին գնդակահարում են՚ ֆիլմը: Ընթացքում լուրեր տարածվեցին, թե երգչուհի Նադեժդա Սարգսյանը կորցրել է բջջային հեռախոսը: Սակայն, երբ հետաքրքվեցինք, պարզվեց, որ արդեն բջջայինը վերադարձվել է երգչուհուն: Մինչ բջջայինը գտնելը
ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ արժանացավ հատուկ մրցանակի, որն ստանալիս հուզվեց, քանի որ այդ ընթացքում հնչեց իր կատարումներից մեկը. ՙԻնձ համար ավելի հաճելի էր լսել այս երգը, որը գրել էր ինձ համար իմ ամուսին Դավիթ Բեջանյանը՚: Բայց մի քանի ժամ անց տիկին Նադյան իր շնորհակալական խոսքով կիսվել էր ֆեյսբուքյան ընկերների հետ. ՙԻնձ համար այս օրը ավելի նշանավոր է. մրցանակն ստացա Չարլզ Սփենսեր Չապլինի ծննդյան օրը: Այս օրը ես երբեք չեմ մոռանա: Սիրելի ՙֆեյսբուքի՚ ընկերներ ջան, շնորհակալ եմ ձեզ շնորհավորանքների, ջերմ մաղթանքների համար: Իմ այս մրցանակը բոլորինն է, չէ± որ առանց իմ սիրելի հանդիսատեսի, առանց մեր ժողովրդի ո±ւմ ենք մենք պետք: Դուք եք այս մրցանակը տվել ինձ, ձեր սերն է, որ մինչեւ այսօր ես կամ, ձեր շնորհիվ դեռ պիտի լինեմ, եւ շատ ու շատ լավ գործեր պիտի դեռ անենք՚:
Պատրաստեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Հ.Գ. Մենք պետք է զետեղեինք ՙՖոտոլուրի՚ լուսանկարները, սակայն պարզվեց, որ կազմակերպիչները թույլ չեն տվել նրանց մտնել դահլիճ` չնայած հավատարմագրված են եղել:

