ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԱԽԸՆՏՐԵՑ ՌՈՒՍՆԵՐԻՆ ՈՒ ՊԱՐՍԻԿՆԵՐԻՆ
Արխիվ 12-16| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ |
ՀՀ կառավարությունն իր վերջին նիստում ընդունեց երկու որոշում, որոնք կարող են բավականին հեռուն տանող հետեւանքներ ունենալ: Դրանցից առաջինը ՙՄայրուղային նավթամթերատարի տեխնիկական շահագործման կանոններ՚ տեխնիկական կանոնակարգն էր:
ԻՐԱՆԱԿԱՆ ՆԱՎԹԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Ի±նչ է դա իրենից ներկայացնում: Այն, որ Հայաստանը Իրանի ուղղությամբ նավթամթերատար խողովակաշար կառուցելուց բացի այլ նման հնարավորություն չունի, փաստ է: Եվ ահա, երբ կառավարության մակարդակով որոշում է ընդունվում այդ դեռ գոյություն չունեցող մայրուղային նավթատարի տեխնիկական շահագործման կանոնների մասին, ապա դա խոսում է առնվազն այն բանի մասին, որ այս ուղղությամբ իրավիճակը գնալով մոտենում է շինարարության փուլին: Ընդ որում, վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ իր հերթին փաստեց, թե նավթամթերատարը կառուցելուց առաջ կառավարությունը պարտավոր է հաստատել տեխնիկական կանոնները:
Նկատենք, որ ՀՀ կառավարության այս որոշումից ընդամենը 2-3 օր առաջ բավականին հետաքրքիր հայտարարություն հնչեցրեց Իրանի նավթամթերքների իրացման ազգային ընկերության գործադիր տնօրեն Ջալիլ Սալարին: Նրա խոսքերով. ՙՀայաստանի համար տնտեսապես արդարացված չէ նավթամթերքների ներմուծումը Վրաստանից, ուստի Հայաստանը սկսել է նավթամթերքներ ներմուծել Իրանից՚: Սալարին ընդգծել է նաեւ, թե Իրանը առաջին փուլում նավթամթերքներ դեպի Հայաստան կարտահանի ավտոտրանսպորտով եւ հետո նավթամթերքների արտահանումը կիրականացվի խողովակաշարերով:
Ի վերջո, թե երբ փաստացի տեսքի կգա Իրան-Հայաստան վառելիքատար խողովակաշարի թեման, դա իհարկե մեր երկրի համար չափազանց կարեւոր հարց է: Բայց կոնկրետ դեպքում խոսքն այդ մասին չէ: Անկախ այդ խողովակաշարի կառուցման կամ Իրանից ավտոտրանսպորտի միջոցով Հայաստան վառելիք ներկրելու ժամկետներից, փաստ է, որ ե°ւ Իրանը, ե°ւ Հայաստանը այս պահին միանգամայն գործնական տոնով են խոսում այդ ծրագրերի մասին: Եվ ավելին, ընդունվում են դրան միտված պետական տարբեր օղակների, ընդհուպ մինչեւ կառավարության որոշումներ ու այլ փաստաթղթեր: Եվ դա այն բանի ֆոնի, երբ ԱՄՆ-ն ամեն օր փորձում է հնարավորինս ավելի խիստ դարձնել Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները եւ այդ թվում իրանական նավթի նկատմամբ էմբարգոն, չնայած որ իրանական միջուկային ծրագրի շուրջ ՙվեցյակի՚ շրջանակներում վերսկսված բանակցություններն անգամ ամերիկյան ներկայացուցիչն է համարում ՙօգտակար եւ կառուցողական՚: Ընդ որում, Իրանն էլ ինքն է մի տեսակ ՙպատրաստակամորեն՚ ընդառաջ գնում ամերիկյան նավթային մարտահրավերներին: Ավելին, ցույց տալիս թե մասնավորապես նավթի էմբարգոյի հարցում պատրաստ է եւ նախահարձակ լինել: Համենայնդեպս, այս օրերին Իրանը գնալով ավելի է մեծացնում եվրոպական այն երկրների ցանկը, որոնց պարզապես հրաժարվում է նավթ վաճառել: Մի խոսքով, ԱՄՆ-ի ու Եվրոպայի դեմ Իրանը սկսել է մի իսկական նավթային պատերազմ ու այդ ֆոնին, երբ նման գործնական տոնով խոսվում է Իրան-Հայաստան նավթային ծրագրերի մասին, ապա դա, մեղմ ասած, հազիվ թե Արեւմուտքին դուրեկան թվա:
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈ±ՒՆ
Բայց գանք ՀՀ կառավարության հիշատակված նիստի հաջորդ որոշմանը: Այն մոտավորապես այս կանոնն ունի. ՙՀՀ ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխման եւ զարգացման համակարգից բխող միջոցառումների ծրագիր՚: Սա դեռ քիչ բան է ասում եւ մինչ առաջ անցնելը նկատենք, որ վարչապետ Տ. Սարգսյանի կառավարության նիստում հավաստիացրեց, թե այդ որոշումը. ՙԾառայելու է այս հզոր ոլորտի զարգացմանը, ոլորտ, որը կարող է մեծ ներուժ պարունակել տնտեսության ընդհանուր առաջընթացի տեսակետից եւ կօգնի գտնել Հայաստանի տեղը եւ մասնագիտացումը ռազմական արդյունաբերության մեջ՚:
Այսինքն, Հայաստանն ուզում է զարգացնել իր ռազմական արդյունաբերությո±ւնը. համենայնդեպս, դրան է նմանվում: Այլ հարց է, թե ինչքանո±վ Հայաստանը քիչ թե շատ լուրջ ռազմական արդյունաբերության պոտենցիալ ունի: Այսինքն, կարո±ղ է սեփական ուժերով նման բանի գնալ: Իհարկե ռազմական արդյունաբերական որոշ տեխնոլոգիական նորություններով Հայաստանն աչքի ընկավ դեռ անցյալ տարի Անկախության օրը կազմակերպված զորահանդեսի ժամանակ: Այնտեղ ներկայացվեցին տեղական ռազմական տեխնիկայի որոշ նմուշներ, այդ թվում` անօդաչու ինքնաթիռներ: Բայց դա բավարար չէ խոսել ռազմական արդյունաբերության մասին որպես այդպիսին:
Կառավարության այս որոշման հետ մեկտեղ որոշ ուշագրավ երեւույթներ եւս, այնուամենայնիվ, նկատվում են: Մասնավորապես Հայաստանում տեղի ունեցած ՀԱՊԿ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի նիստի ժամանակ անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հնչեցրեց նման մի հայտարարություն. ՙՔննարկումների եւ փակ աշխատանքային նիստի արդյունքներով, մենք եկել են համաձայնության` Հայաստանի եւ ՌԴ-ի կառավարությունների միջեւ ստորագրելու համաձայնություն նոր ռազմա-տեխնիկական համագործակցության մասին, որը հնարավորություն կտա մինչ օրս առկա բոլոր խոչընդոտները շրջանցելու եւ ռազմա-արդյունաբերական ձեռնարկությունների ուղիղ շփման համար: Դա կարեւոր է, քանի որ խոսքը այն ոլորտի մասին է, որտեղ համագործակցության համար բազմաթիվ լուծումներ են անհրաժեշտ: Մենք հարցը բարձրացնում ենք միջկառավարական մակարդակով՚: Եվ քանի որ հայաստանյան վերը նշված որոշումն էլ կառավարական մակարդակով էր, ապա մի տեսակ ինքն իրեն է այն կապվում Ա. Բաղդասարյանի այս հայտարարության հետ:
Դրանից զատ հնչեց նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի այն տեսակետը, թե Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական ոլորտում նախատեսվում է մի քանի նոր պայմանագրերի ստորագրում: Մասնավորապես կան խոսակցություններ ՙՉարենցավանի հաստոցաշինական գործարանի՚ եւ ՙՈւրալվագոն գործարանի՚ միջեւ ստորագրված պայմանագրերի մասին եւ Սեմերիկովը ընդգծում է, որ խոսքը զրահատեխնիկայի եւ ռազմական տեխնիկայի մատակարարման հարցով սերվիս կենտրոնի աշխատանքների կազմակերպման մասին է: ՙԱյլ պայմանագրեր, իհարկե, եւս ստորագրվելու են՚: Ընդ որում, այս մտքի համատեքստում կարելի է հիշեցնել նաեւ ադրբեջանական Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի օրինակով Հայաստանում եւս նման կայան կառուցելու ծրագրերը եւ կա որոշակի շշուկներ, թե դրա հետ կապված արդեն իսկ գոյություն ունի հայ-ռուսական պայմանավորվածություն: Իսկ ահա ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարի տեղակալ Իգոր Կարավաեւը հանգեց հետեւյալին. ՙԱյսօրվա հանդիպման հիմնական նպատակը ռազմաարդյունաբերական համալիրների զարգացումն է, որը կնպաստի Կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ-ի ամրապնդմանը՚:
Ավելի շուտ նմանվում է նրան, որ մասնավորապես Չարենցավանում ստեղծվում է զրահատեխնիկայի վերանորոգման համակարգ եւ կարող է այլ ձեռնարկությունների բազայի հիման վրա եւս ստեղծել այդ բնույթի այլ կառույցներ ¥խոսվում է եւս երեք ձեռնարկության մասին¤: Ընդ որում, միաժամանակ այդ հարցով գործնական քննարկումներ տեղի ունեցան հայաստանյան պաշտպանության համակարգի ղեկավարություն հետ եւս, ու կարելի է պատկերացնել, որ եթե այդ ամենն արվում է Ռուսաստանի մասնակցությամբ, ապա խոսքը բավականին մեծ պոտենցիալ ունեցող համալիրների մասին է: Բայց Հայաստանն ի±նչ կարիք ունի այս պահին զրահատեխնիկա վերանորոգող նման կառույց ունենալու: Կառույց, որը նպատակահարմար կլիներ այն դեպքում, եթե անմիջապես Հայաստանի մատույցներում սպասվեին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, այսինքն կարիք լիներ վնասված զրահատեխնիկայի նորոգման կայանները հնարավորինս մոտեցնել ապագայի հավանական ռազմաճակատին: Ասենք ՙԿովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ-ի ամրապնդում՚ գաղափարը եւս նույն մեխին է խփում...
ՀԱՊԿ-Ը ԻՐԱՆԻ ՀԱՐՑՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ Է
Ու այդ ամենի հետ մեկտեղ, այս անգամ արդեն Մոսկվայում, բավական հետաքրքիր հայտարարություններով հանդես եկավ նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան. ՙՄեր անհանգստությունը հարուցող միջազգային օրակարգի հարցը Իրանի շուրջ իրավիճակն է: Քննարկումների եւ խորհրդակցության արդյունքում ձեւավորված մեր դիրքորոշումը դրա վերաբերյալ միանգամայն հստակ է. մենք կտրականապես դեմ ենք Թեհրանի դեմ ուժ կիրառելուն: ՀԱՊԿ-ը կողմ է Իրանի հետ միջնորդների միջազգային վեցյակի բանակցությունների շարունակմանը եւ միջազգային իրավունքի նորմերի պահպանմանը բոլորի կողմից` ներառյալ Թեհրանի լիարժեք համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ՚:
Նկատենք, որ պարոն Բորդյուժան հայտարարում է մի բան, որը հազիվ թե ԱՄՆ-ի համար հաճելի կլինի լսել: Ընդ որում, նա դա անում է ՀԱՊԿ-ի անունից, ասել է թե դրա անդամ բոլոր երկրների, այդ թվում` Հայաստանի: Իհարկե, խոսքն այստեղ Իրանի մասին բավականին ստանդարտ արտահայտությունների մասին չէ: Ավելի կոնկրետ, Ն. Բորդյուժայի խոսքի ենթատեքստում նկատելի է այն միտքը, որ Իրանի շուրջ իրավիճակի սրման պարագայում ՀԱՊԿ-ը հանդես կգա որպես միասնական կողմ: Ավելին, այդ առումով կարելի է ներկայացնել Ն. Բորդյուժայի այս միտքը եւս. ՙՀԱՊԿ-ի շրջանակներում որոշ գործողությունների անցկացման ընթացքում... լուծել ենք նախապատրաստման ներքին խնդիրները մեզ համար, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի կառույցի գործողության փորձարկումն իրադրության սրման դեպքում՚: Այսինքն, բացի միասնաբար հանդես գալուց, ՀԱՊԿ-ի ղեկավարը փաստում է նաեւ, որ արդեն իսկ հասցրել են նաեւ կոնկրետ սցենարների դեպքում նախապատրաստական ծրագրեր մշակել: Սրան կարելի է հավելել նաեւ Ն. Բորդյուժայի այն հայտարարությունը, թե սպառազինության արդիականացման համատեղ ծրագրի շրջանակներում ՀԱՊԿ-ը վերջերս 500 մլն դոլարի ռուսական զենք եւ զինամթերք է ձեռք բերել, ընդ որում` ամենաժամանակակից զենքն ու ռազմական տեխնիկան: Այս ամենի մեջ ներառենք նաեւ այս տարվասեպտեմբերի 3-ից 8-ը Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ-ի ՙՓոխգործակցություն-2012՚ զրավարժությունները: Այն տեղի է ունենալու ՙՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կիրառումը Կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ՚ թեմայով, որը եւս վկայում է, որ ՀԱՊԿ-ը բոլոր ուղղություններով է պատրաստվում տարածաշրջանում հնարավոր ծայրահեղ զարգացումներին:
Իսկ այս իրավիճակը սկսում է քիչ-քիչ խոսել այն բանի մասին, որ անկախ տարաբնույթ արեւմտյան փորձերից, այս օրերին, մի կողմից ամրապնդվում է հայ-իրանական նավթային կապերը (որը ներկայիս մարտահրավերների պարագայում նշանակում է նաեւ աշխարհաքաղաքական բնույթի կապերի սերտացում), մյուս կողմից էլ նույն տեմպով սերտանում է Հայաստանի ու Ռուսաստանի ռազմական եւ ռազմատեխնիկական բնույթի հարաբերությունները, որոնք էլ իրենց հերթին բավականին նմանվում են, անհրաժեշտության դեպքում, Իրանի ռազմական առումով եւս օժանդակելու նախագծերի: Իսկ ավելի շուտ տանում է այն մտքին, որ Հայաստանի համար վարվող Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական հակամարտությունը կարծես թե լուծվում է ռուսների օգտին` դրանից բխող բոլոր մյուս հետեւանքներով հանդերձ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

