ՙՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆՆԵՐ ԱՅՍՕՐ ՇԱՏ ԿԱՆ՚
Արխիվ 12-16| ՀԱՆԴԻՊՈՒՄ |
ՙՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆՆԵՐ ԱՅՍՕՐ ՇԱՏ ԿԱՆ՚
ԱԺ նախագահ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻՆ ուղղված հարցերն առնչվում էին խորհրդարանի աշխատանքներին, ինչպես նաեւ նախընտրական պայքարին:
ԱՎԵԼԱՆՈՒՄ Է ԱԺ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵԿՏՈՐԸ
( - ԱԺ չորրորդ գումարման վերջին նստաշրջանի այս շաբաթվա քառօրյա նիստերը չկայացան: Մի±թե դա կանոնակարգի խախտում չէ: Այդ առումով միջազգային փորձն ի±նչ է ցույց տալիս (Գեւորգ Սարգսյան):
-Երբ ԱԺ նախագահ էի ընտրվում, հստակ հայտարարեցի հետեւյալը. ես կփորձեմ առավելագույն արդյունավետությամբ կազմակերպել բոլոր նիստերը` անկախ այն հանգամանքից, որ քանի մոտենում ենք նախընտրական շրջանին, ԱԺ-ի գործունեության օրենսդրական վեկտորը պակասում է, եւ ավելանում է քաղաքական գործունեության վեկտորը: ԱԺ-ում կա երկու ընդդիմադիր խմբակցություն, եւ, անշուշտ, նրանք կցանկանային օգտագործել ԱԺ խոսափողը: Այդուհանդերձ, ես ասացի, որ պատրաստ եմ առավելագույն ջանքեր գործադրել, որ հնարավորինս շատ քառօրյաներ կազմակերպվեն:
Թե° մեր երկրի պառլամենտարիզմի պատմության մեջ, թե° ամբողջ աշխարհում չկա մի դեպք (եթե կա, կխնդրեմ հիշեցնեք), որ ընտրության օրվանից երեք շաբաթ առաջ` նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, երբ բոլոր պատգամավորները նախընտրական քարոզչական գործընթացի մեջ են, խորհրդարանը նիստ գումարի: Եվ պետք չէ փորձել ճշտել, թե ինչու տեղի չեն ունենում նիստերը եւ դրա վերաբերյալ որեւէ մեկնաբանություն կամ բացատրություն ստանալ, երբ, կարծես թե, գործ ունենք պառլամենտարիզմի չգրված օրենքներից մեկի հետ. ընտրական շրջանում նիստեր չեն լինում: Դա պետք է բնական ընդունել, ու որեւէ պատժամիջոց որեւէ պատգամավորի նկատմամբ չի կարող կիրառվել: Օրենքը պատժամիջոց նախատեսում է այն դեպքում, երբ նիստ, քվեարկություն կա, եւ պատգամավորը դրանցից բացակայում է: Բայց տվյալ պարագայում նիստ, քվեարկություն տեղի չի ունենում. ամբողջ աշխարհում է այդպես: Այդ օրերին նույնիսկ ընդունված չէ փոխադարձ այցեր կատարել. ԱԺ նախագահն ընդունում է հյուրերի, բայց ինքն արդեն այցերի չի մեկնում:
ՙՄԻ ԽԵԼԱՌ ՔԱՐԸ ՁՈՐՆ Է ԳՑՈՒՄ...՚
( - Բոլորն այսօր խոսում են ընտրություններն արդար, թափանցիկ անցկացնելու պատրաստակամության մասին: Դուք դա հնարավոր համարո±ւմ եք (Անահիտ):
-Նախընտրական քարոզչության փուլն է, եւ յուրաքանչյուրը փորձում է օգտագործել իր գործիքները, լծակները: Լինեն դրանք ճիշտ, սխալ, բարոյական կամ անբարոյական, միեւնույն է, դրանք գործիքներ են, եւ յուրաքանչյուրը փորձում է օգտագործել: Ես զերծ կմնամ անուններ տալուց, բայց ոմանք հանգիստ խղճով գործում են հետեւյալ ասացվածքի տրամաբանությամբ. ՙՄի խելառ քարը ձորն է գցում, հարյուր խելոք չեն կարողանում այն հանել՚: Այսինքն` գրում, ասում, տարածում են մի բան, դա ուղղում տարբեր միջազգային կազմակերպություններին, դիտորդներին... Իսկ ապացուցելու համար, որ դա այդպես չէ, մեծ ջանքեր, ռեսուրսներ, ժամանակ է անհրաժեշտ լինում:
Օրինակ` այսօր (ապրիլի 13-ին-Ռ.Թ.) ԱԺ նախագահին կից մոնիտորինգային խմբում քննարկվում էր ընտրացուցակների վերաբերյալ հարցը: Շրջանառվում է նաեւ խոսակցություն, թե, իբր, Հայաստանում մոտավորապես 40-50 հազար կեղծ անձնագիր ունեցող քաղաքացի կա, ովքեր կրկնակի քվեարկում են, եւ այդ մասին փաստաթուղթը, այսպես ասած, համապատասխան հաշվարկներով արդեն միջազգային կազմակերպությունների ձեռքի տակ է: Բնական է, որ մենք որոշեցինք այդ հարցը եւս անպայման դարձնել քննարկման առարկա, որովհետեւ կարողացել են դրա շուրջը մտահոգություն ստեղծել, կարողացել են այդ սուտը, կեղծիքը մատուցել ու դարձնել եթե ոչ հանրային, ապա գոնե շրջանառվող տեսակետ, որը կարող է միջազգային կազմակերպությունների տրամադրությունների վրա ազդել կամ մտահոգել նրանց: Կարծում եմ` բոլոր հարցադրումներին տրվեցին սպառիչ պատասխաններ:
- Ո±ր կուսակցություններն էին մասնակցում քննարկմանը:
- Մասնակցում էին ընտրապայքար մտած բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, բացի ՀԱԿ-ից եւ այսօր նաեւ` ՙԺառանգություն՚-ից: Մասնակցում էին նաեւ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Այսինքն` ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները ներկա էին: Ներկա էին նաեւ ոստիկանության պատասխանատուները, ովքեր քաջատեղյակ են խնդրից: Բոլոր հարցերին` ընդհուպ մինչեւ ամենաանհավանական, տրվեցին մասնագիտորեն հիմնավորված պատասխաններ: Եվ բոլոր ներկաներին հարց ուղղեցի` կա± մի դեպք, որեւէ մեկն ունի± թեկուզ մեկ փաստ, որ Հայաստանում որեւիցե մեկն ունեցել է երկրորդ` կեղծ անձնագիրը, որով կարողացել է քվեարկել: Ընդամենը հնչեցնում են` մենք լսել ենք, որ ինչ-որ մեկը պատմել է, որ իրեն մեկ ուրիշը պատմել է... Ես հարցրեցի` կա± որեւիցե մեկը, ով այդ ժանրից դուրս գիտի գոնե մեկ փաստ: Եթե կա, թող ասի. չէ± որ մեր հավաքի խնդիրը համանման փաստերի բացահայտումն ու կանխումն է: Համանման խնդիրները դարձնում ենք մեր քննարկման առարկա, պատրաստ ենք գնալ մինչեւ վերջ, պատժել այն մարդուն, ով թույլ է տվել այդ սխալը: Բայց եթե որեւէ մեկը չունի հիմնավորված փաստարկ, ընդամենը կեղծ, սուտ լուրեր են տարածվում, ուրեմն դրա նպատակը մեկն է` վարկաբեկել մեր ընտրությունները: Դա էլ իր գնահատականն ունի. դրանք բամբասկոտ մարդիկ են, բամբասում, վարկաբեկում են մեր պետությունը, մեր ընտրությունները: Եկեք նաեւ այդ գնահատականին պատրաստ լինենք, եթե չունեք փաստեր: Մեր ընտրությունների վերաբերյալ խոսքեր են ասում, նկարագրում, ինչ-որ երեւակայական գործողություններ ներկայացնում, որոնք հաճախ ծիծաղելի, անհավանական են: Մարդը որքան չար, նրա տրամաբանությունը ինչքան աղճատված պետք է լինի, որ մտածի, թե կարող է 50 հազար հատ կեղծ անձնագիր բաժանվի մարդկանց: Մինչդեռ, երբ նույնիսկ երկու հոգի ինչ-որ բանի շուրջ պայմանավորվում են, դրա մասին ամբողջ հանրապետությունը հաջորդ օրն իսկ տեղեկանում է: Ես պաշտոնապես ասում եմ, որ դա բացարձակ կեղծիք է, սուտ, միտումնավոր տարածված ապատեղակատվություն` նպատակ ունենալով սեւացնել, մրոտել մեր ընտրությունները:
- ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու ՙԺառանգությունն՚ էլ նման շտաբ են ստեղծել: Չնայած վերջինս ինչ-որ պայմաններ է դնում:
- Անկեղծ ասած, չէի ցանկանա խոսել այդ կառույցի մասին: Երեքն են, թե չորսը, ինձ համար էական չէ: Աստված տա` լինեն 13, 14, եւ Աստված տա, որ նրանք կարողանան կոնկրետ մի հարց դարձնել քննարկման եւ մի խնդիր լուծեն կամ մի մտահոգություն փարատեն: Ես դրանից միայն ուրախ կլինեմ: Բայց եթե անունը դնում են շտաբ (իսկ շտաբը քարոզչական գործիք է), ապա ուզում են քարոզչական ինչ-որ խնդիրնե±ր իրականացնել: Լավ, թող իրականացնեն. դա էլ է նախընտրական շրջանում ընդունված, բայց թող չհայտարարեն, թե ուզում են ինչ-որ խնդիր լուծել, ընտրության նկատմամբ միասնական վերահսկողություն սահմանել...
- Ասում են` մենք արդեն որոշել ենք, որ հենց ընտրություններն ավարտվեն, պետք է ապօրինի հայտարարվեն:
- Ես չեմ ուզում խորանալ, այլապես ոմանց մոտ այն տպավորությունը կա, որ ԱԺ նախագահին կից ստեղծված մարմինն ինչ-որ այլընտրանք է կամ իմիտացիոն նպատակ ունի... Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ այս գաղափարը ծնվել է հունվար ամսին, փետրվարին առաջին անգամ հրապարակային հնչեցրել եմ խորհրդարանական լսումների ժամանակ, մարտի 23-ին այս գաղափարի շնորհանդեսն եմ արել: Դրանից հետո խորհրդարանի բոլոր խմբակցությունների ղեկավարներին առաջարկ-նամակ ուղարկել, ու միայն այդքանից հետո է աշխատանքային խումբը ստեղծվել: Գաղափարը եղել է ամիսներ առաջ, եւ այժմ այդ գաղափարն իրագործում եմ: Դեռեւս այն ժամանակ ասում էի` անընդհատ խավարի դեմ բողոքելու փոխարեն ուզում եմ, որ մի մոմ վառվի: Իսկ երբ նրանք ասում են, որ պետք է ամբողջ ծավալով ու խորությամբ ընտրակեղծիքները հավաքեն եւ ընտրության հաջորդ օրն ինչ-որ բաներ անեն, ես հասկանում եմ, որ քաղաքական հարթակ են ստեղծում, որը պատրաստվում է հետընտրական գործողություններին:
ՄԻՇՏ ՀՈՒՅՍ ԵՆ ՓԱՅՓԱՅՈՒՄ, ՈՐ ՆՈՐՆ ԱՎԵԼԻ ԼԱՎՆ Է ԼԻՆԵԼՈՒ
( - Ի±նչ եք կարծում` նոր խորհրդարանը որակապես ավելի պրոֆեսիոնալ կլինի, քան ներկայի±նը: Խնդրում եմ մեկնաբանեք ԱԺ ընտրությունների քարոզարշվի ընթացքը եւ մասնակից ուժերի խոստումների համապատասխանությունը իրականության հետ (Սուսաննա):
-Ամբողջ աշխարհում սովորաբար հասարակությունը միշտ քննադատում է իր խորհրդարանին` պառլամենտարիզմի ոչ բավարար մակարդակի համար: Մեզ մոտ էլ է այդպես, ու միշտ հույս են փայփայում, որ նորն ավելի լավն է լինելու: Կարծում եմ` մեր խորհրդարանն ամեն դեպքում իր առջեւ դրված խնդիրները բարձր մակարդակով լուծել է: Իսկ նորը, թերեւս, ավելի լավը կլինի, որովհետեւ յուրաքանչյուր քաղաքական ուժ համարում է, որ նոր իրողություններ են, ու խորհրդարանը ե°ւ ներքաղաքական, ե°ւ արտաքին քաղաքական առումներով պետք է համապատասխանի նոր իրողություններին, նոր մարտահրավերներին: Ու եթե նայենք ընտրացուցակին, թեկնածուներին, կարելի է, թերեւս, գալ նման եզրահանգման: Բայց երբ խորհրդարանի որակի մասին ենք խոսում, պետք է նշենք, որ այն, առաջին հերթին, պայմանավորված է ընտրողի` պառլամենտարիզմի նկատմամբ վերաբերմունքով, դատողություններով: Թերեւս, ընտրողն է կանխորոշում խորհրդարանի որակը, այսինքն` ինչպիսին է ուզում տեսնել պատգամավորին, ինչ խնդիրներ է դնում նրա առջեւ: Դուրս եկեք փողոց եւ հարցրեք` ինչո±վ պետք է զբաղվի պատգամավորը, եւ ընտրողները կասեն, թե ինչպիսին են ուզում տեսնել, ու, բնականաբար, խորհրդարանը չի կարող հեռու լինել այդ ցանկություններից:
Ինչ վերաբերում է խոստումներին, ապա նախընտրական շրջանում քաղաքական ուժերը հենց նրա համար են, որպեսզի ասեն ամեն ինչ, խոստանան ամեն ինչ` երբեմն այդ պահին իրենք էլ հասկանալով, որ այդ բեռն իրենք չեն կարողանալու տանել, կամ ինչ խոստանում են, հնարավոր չէ իրագործել: Երբեմն նրանք շատ լավ գիտեն, որ, իհարկե, այդ խոստումների իրագործողն իրենք չեն լինելու: Այդ առումով նախընտրական քարոզարշավին հնչած ելույթները բավականին նման են որսորդներին հատուկ խոսակցություններին. հավաքվում են մի տեղ եւ որսի մասին միմյանց պատմում դրվագներ, որոնք, մեղմ ասած, խիստ չափազանցված են լինում: Իսկը ՙՍուտլիկ որսկան՚ հեքիաթը, որը շատ տիպական է մեր նախընտրական շրջանի համար: Որսորդները` որպես կանոն, խոսում են իրենց անցյալից կամ նախորդ օրվա որսից` իրողության փոխարեն ներկայացնելով իրենց երազանքը, ցանկությունը: Սուտլիկ որսկաններ այսօր շատ կան` դա մեկ: Երկրորդը` ամենակարեւորը, որ մեր նախընտրական շրջանին հատուկ է. յուրաքանչյուրը փորձում է փախչել պատասխանատվությունից: Նույնիսկ, եթե այդ քաղաքական ուժն ունեցել է իշխանական լծակներ, փախչում է պատասխանատվությունից ու…ակնկալում ավելի մեծ պատասխանատվություն: Մնում է անհասկանալի, թե փոքր պատասխանատվությունից փախչողն ինչո±ւ է ավելի մեծն ուզում. չէ± որ մեծից ավելի շուտ կփախչի: Այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցել են կառավարության ձեւավորմանը, ունեն նախարարներ, եւ այդ նախարարներն իրենց ոլորտին վերաբերող քաղաքականության իրականացման շրջանակներում տնօրինում են մեր պետական բյուջեի շուրջ 35 տոկոսը, այսօր խոսում, քննադատում են` չգիտես ում: Բայց այդ ամենին պետք է շատ հանգիստ վերաբերվել, հասկանալ. շատերն այսօր ասում են այն, ինչ իրենք երազում են կամ հաստատ գիտեն, որ չեն կարող դա իրագործել: Իսկ ուժեր կան, որոնք հասկանում են, որ պետության կառավարման բեռը, ծանրությունը, պատասխանատվությունը, միեւնույն է, լինելու է իրենց ուսերին, ուստի իրենց յուրաքանչյուր խոսքի համար հաշվետու են: Այդ իսկ պատճառով նրանց յուրաքանչյուր բառը կշռադատված է լինում, որովհետեւ, եթե խոսքն ասում ես, ապա պետք է կարողանաս դա իրականացնել: Ոչ բոլոր քաղաքական ուժերն են, որ ունեն այն մտավոր, մարդկային, կազմակերպչական ռեսուրսը, քաղաքական փորձն ու պատմությունը, որպեսզի կարողանան այսօրվա աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում դիմակայել այն փորձություններին, որոնք սպասվում են մեր երկրին ե°ւ արտաքին քաղաքական, ե°ւ ներքաղաքական առումներով: Ի վերջո` ժողովուրդը քաջ գիտի, որ հենց Հանրապետական կուսակցության ջանքերով էր, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանում հաջողվեց ոչ միայն մեղմել դրա հետեւանքները, այլեւ շարունակել իրականացնել սոցիալական բոլոր ծրագրերը: Ժողովուրդը լավ գիտի, թե որ քաղաքական ուժն է, որ պարտադրել է խաղաղություն եւ ունակ է պաշտպանելու երկրի անվտանգությունը: Ես հավատում եմ մեր հասարակության, ընտրողների հավաքական իմաստությանը, որ այս ամբողջ խոսքերի, աղմուկի ու քննադատության տարափի մեջ կարող են շատ հստակ տեսնել այն քաղաքական ուժին, որն ի վիճակի է իր առջեւ դնել իրատեսական խնդիրներ եւ ամբողջական լուծումեր տալ դրանց:
ՉԷԻ ՈՒԶԵՆԱ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԱՅԴ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
( - Որքան մոտենում են ԱԺ ընտրությունները, այնքան, կարծես, ճեղքվածք է առաջանում գործող կոալիցիայի մեջ, որն արտացոլվում է հիմնականում ԲՀԿ-ի համամասնական ցուցակում տեղ գտած Վարդան Օսկանյանի հայտարարություններում, մասնավորապես ասվում է, թե իբր, կոալիցիան եղել է ձեւական (Արմինե):
-Անկեղծ ասած, չէի ուզենա մեկնաբանել այդ հայտարարությունը, որովհետեւ Ձեր նշած մարդը հայտարարում է կոալիցիայի ձեւականության մասին, իսկ ԲՀԿ-ի պաշտոնյաներն ասում են, որ դա մասնավոր փորձագետի կարծիք է: Կարելի է, իհարկե, դա նաեւ այդպես ընդունել, բայց հետաքրքիր է, որ մասնավոր փորձագետը մեկ այլ դեպքում կարող է կուսակցության անունից ինչ-որ փաստաթղթերի տակ ստորագրել: Դա ես թողնում եմ մեր գործընկերների դատին, դա իրենց ներկուսակցական խնդիրներն են, իրենք պետք է որոշեն` կա± կուսակցական կարգապահություն, թե± ոչ, ո±վ է իրավասու կուսակցության անունից հայտարարություն անել կամ չանել: Բայց միաժամանակ շատ հստակ է, որ մեր կոալիցիոն գործընկերներն ամեն դեպքում պահում են (գոնե մինչեւ այժմ) պատշաճ հարաբերությունների մակարդակը: Չհաշված այն, որ կողքից որոշակի գործառույթներ են իրականացնում, այսպես ասած, նոր կուսակցականները, ովքեր հանդես են գալիս կուսակցության անունից եւ ամբողջությամբ` ընդդիմադիր տեսակետներով: Այսինքն` ստացվում է հետեւյալ տարօրինակ պատկերը. կուսակցության մի մասը պահպանում է կոալիցիոն սկզբունքները, հարաբերությունները, բայց կուսակցության մեկ այլ մասը չի պահում դա եւ հանդես է գալիս ընդդիմադիր տեսակետից:
ՙՈւղիղ կապը՚ վարեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

